Մեկնաբանություն

10.12.2013 02:32


6 տարի ժողովուրդը անվճար գնահատում է կառավարությանը

6 տարի ժողովուրդը անվճար գնահատում է կառավարությանը

Ըստ «Ֆորբսի»՝ աշխարհի վատագույն տնտեսություն ունեցող երկրների շարքում հայտնված Հայաստանի կառավարության ղեկավարը 2014 թվականի պետբյուջեում սեփական գործունեության գովազդի համար նույնպես գումար է նախատեսել:

Կառավարության գործունեության գնահատման, կյանքի որակի և համայնքային կարիքների գնահատման հետազոտություն իրականցնելու համար բյուջեով նախատեսվել է 106.932.000 ՀՀ դրամ:

Հետաքրքիր է, վատագույն տնտեսություն ունեցող Մադագասկարի կամ Գվինեայի վարչապետերի երեւակայությունը ինչպիսի՞ն է: Այդ առումով հաստատ Տիգրան Սարգսյանին չեն հասնի:

Ուրեմն՝ հայ ժողովուրդը արդեն 6 տարի «յախա է թափ տալիս»՝ չցանկանալով տեսնել Տիգրան Սարգսյանին վարչապետի աթոռին, իսկ վերջինս մոտ 107 միլիոն է հատկացնում, որպեսզի հաջորդ տարվա ընթացքում գնահատեն իր աշխատանքը: Պարզ է, չէ՞, ովքեր են լինելու գնահատողները եւ ինչպես են գնահատելու: Եվ ամենակարևորը՝ որքան է կազմելու գնահատման «ատկատը»։

Բայց ախր, առանց միլիոնների ժողովուրդն ամեն օր է գնահատում Տիգրան Սարգսյանի գործունեությունը: Անիծելով, հայհոյելով եւ պարզապես արտագաղթելով: 350 հազար մարդու փախուստը երկրից գնահատական չէ՞:

Տիգրան Սարգսյանի գործունեության գնահատականը ամեն հինգշաբթի տալիս են տարբեր սոցիալական խմբեր ներկայացնող մարդիկ, ովքեր հավաքվում են կառավարության դիմաց եւ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ առարկայորեն ցույց տալով իրենց «կյանքի որակը»:

Տիգրան Սարգսյանի գործունեության գնահատականը տալիս են ազատամարտիկները, որոնք արդեն 5 ամիս Ազատության հրապարակում ցույցեր, նստացույցեր եւ հացադուլներ են անում՝ ցույց տալով վարչապետի «բոլորանվեր ծառայությունը» իրենց հանդեպ:

Տիգրան Սարգսյանի գործունեությունը գնահատում են պարտադիր կուտակայինի դեմ պայքարողները, որոնք իրենց ակցիաներով եւ երթերով ցույց են տալիս, որ նման «փայլուն գաղափար» միայն ա՛յս կառավարության ղեկավարի գլխում կարող էր ծնվել:

Է՛հ, այդ 106.932.000 ՀՀ դրամը բաժանեք այս մարդկանց:

Թեպետ, նրանք եւ ողջ ժողովուրդը անվճար կարգով էլ այսուհետ շարունակելու է գնահատել կառավարության գործունեությունը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը