Մեկնաբանություն

10.12.2013 16:36


«Սերժի՛կ, հեռացի՛ր». ՀԱԿ–ը պայթեցրեց իշխանական բոլոր պրոյեկտները (տեսանյութ)

«Սերժի՛կ, հեռացի՛ր». ՀԱԿ–ը պայթեցրեց իշխանական բոլոր պրոյեկտները (տեսանյութ)

Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած երթը ցույց տվեց, որ քաղաքական այդ ուժը շարունակում է մնալ Հայաստանի թիվ մեկ ընդդիմադիր ուժը։

Ոչքաղաքական սեզոնի գործոնը, ինչպես նաև մի շարք այլ գործոնները հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ երթը տպավորիչ էր և՛ մասնակիցների քանակով, և՛ էներգետիկայով։

ՀԱԿ–ի երթը ցույց տվեց, որ տիտղոսային ընդդիմությանը ջարդելու իշխանական բոլոր փորձերը և տարատեսակ պրոյեկտներով քաղաքական դաշտը լցնելու ջանքերը տապալվել են. հրապարակը շարունակում է ղեկավարել Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած ուժը։

Որքան էլ փորձ արվեց պայթեցնել բոլոր «ականներին», որքան էլ լրատվական դաշտի գեղամյանները առավոտից երեկո աշխատեցին ՀԱԿ–ի դեմ, որքան էլ Սերժ Սարգսյանն առատաձեռն գտնվեց իր հաճախորդների նկատմամբ, միևնույն է, ոչինչ չստացվեց։ Չստացվեց նաև այն քարոզը, թե, իբր, քաղաքագիտական վերլուծությունը և ՀԱԿ–ԲՀԿ համագործակցությունը թուլացրել է ՀԱԿ–ին։

Եթե ՀԱԿ–ը թուլացել է, ապա միայն «դհոլների» իշխանահաճո գործունեության հետևանքով, բայց այսօր պարզվեց, որ ամեն ինչ ընկել է իր տեղը՝ «դհոլները» դահլիճներում են փոթորիկ բարձրացնում մեկ բաժակ ջրում, իսկ ՀԱԿ–ը մարդաշատ երթ է անում և «ֆիշկա» խփում հանրահավաքի համար։

Երթը ցույց տվեց, որ մյուս քաղաքական ուժերը, որոնք անկեղծ են իշխանափոխության և Հայաստանում իրավիճակը կարգավորելու հարցում, պետք է կոնսոլիդացվեն ՀԱԿ–ի հետ՝ նպաստելով հակաիշխանական ճակատի ընդլայնմանը։

Երթը նաև ցույց տվեց, որ քաղաքացիական պայքարի տարբեր դրսևորումներն ավելի հզոր գործընկեր կարող են ունենալ՝ ի դեմս ՀԱԿ–ի։ Քաղաքական ու քաղաքացիական պայքարների համադրումից կշահեն բոլորը, մինչդեռ հակադրումը ձեռնտու է միայն Սերժ Սարգսյանին ու իր նեղ թիմին։

Եվ վերջապես, երթը ցույց տվեց, որ «ռասկաչկայի» ռեսուրս կա, և եթե նորանոր շերտեր միանան պայքարին, ապա ազգային բուրժուազիան, առանց հապաղելու, ձեռք կմեկնի հրապարակին, ինչի արդյունքում բուրժուադեմոկրատական հեղափոխությունը տեսությունից կվերածվի պրակտիկայի։

«Սերժի՛կ, հեռացի՛ր» կարգախոսը, որը հնչում էր ՀԱԿ–ի երթի ժամանակ, առավել քան արդիական է։ Բայց պետք է հասկանալ, որ ՀՀԿ ղեկավարը կհեռանա միայն այն դեպքում, երբ ուժ տեսնի։ Իսկ ուժը միասնության մեջ է. այս հարցում օրիգինալ պետք չէ լինել։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը