Լրահոս

11.12.2013 17:06


Արծվիկ Մինասյան. «Ձեզ մնում է հավաքել ճամպրուկներն ու հեռանալ իշխանությունից» (տեսանյութ)

Արծվիկ Մինասյան. «Ձեզ մնում է հավաքել ճամպրուկներն ու հեռանալ իշխանությունից» (տեսանյութ)

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, խոսելով կուտակային կենսաթոշակների օրենքի մասին, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել է, որ քաղաքական մեծամասնությունը մերժել է քաղաքական երկխոսության առաջարկը, ուստի հետագայում թող չասեն, որ իրենք պատրաստ էին երկխոսության.

–Եթե կառավարության անդամները խոսեն դժգոհող երիտասարդների հետ, կտեսնեն, որ նրանք հավատում են պետականությանը, և չեն հավատում կառավարության ներկայացրած համակարգին: Հայաստանում չկա արժեթղթերի զարգացած շուկա, ուստի այդ ֆոնդերին վստահելը չի նպաստելու ՀՀ տնտեսության զարգացմանը:

Պատգամավորի խոսքով` այս բարեփոխումը պատասխանատվության է ենթարկում գործատուին:

Գործատուին ենթարկում եք պատասխանատվության, հայտնի խոսքով ասած, որ ի՞նչ անեք։ Համակարգը պատրաստ չէ և չի կարող պարտադրանքի միջոցով գործել հունվարի 1-ից,- ասել է Արծվիկ Մինասյանը:

Խորհրդարանական 4 ընդդիմադիր ուժերը դեկտեմբերի 17-ին դիմում են ներկայացնելու ՍԴ կուտակային կենսաթոշակային բարեփոխման դեմ: Ա. Մինասյանն ընդգծել է՝ ի վերջո, գոնե մեկ անգամ քաղաքական մեծամասնությունը պետք է հասկանա, որ այս երկրում գործում է Սահմանադրություն, և այն չի կարելի ոտնահարել ու արհամարհել։

–Եթե այդքան լավ կառավարություն է, ուրեմն ինչո՞ւ չեն իրենք կառավարում այդ միջոցները: Եթե չեք կարողանում կառավարել, ապա ինչպե՞ս քաղաքացիները վստահեն ձեզ իրենց միջոցները: Եթե դուք ստիպում եք քաղաքացիներին իրենց գումարները վստահել ոչ թե կառավարությանը, այլ մասնավորին, ուրեմն դուք այլևս անելիք չունեք,-հավելել է Ա. Մինասյանը:

Ըստ պատգամավորի՝ չհարկվող աշխատավարձից 5-10 տոկոս գումար խլելով՝ քաղաքացիներին հասցվում է կրկնակի հարված: Նա նշել է, որ սա իշխանություն-ընդդիմություն պայքար չէ. դա հասարակության բողոքի ձայնն է, որին կառավարությունն ուշադրություն չի դարձնում:

Եթե նրանց էլ չեք ցանկանում լսել, ուրեմն ձեզ մնում է հավաքել ճամպրուկներն ու հեռանալ իշխանությունից,-ասել է պատգամավորը, ում խոսքերին արձագանքել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը.

–Լավ խորհուրդներ չեք տալիս, պարո՛ն Մինասյան։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը