Մեկնաբանություն

12.12.2013 02:04


«Ապահով Հայաստանի» լրահոսը – 3

«Ապահով Հայաստանի» լրահոսը – 3

Տոնական նվեր

-Տոներն են մոտենո՜ւմ, տոներն են մոտենո՜ւմ,- ամեն օր երգում են հեռուստագովազդում:

Եվ որպես Ամանորի նվեր ՀՀԿ-ն ստացավ զուգարանի թուղթ ու ավանակի պատկերով նկար: Եզդի համայնքից:

Ավելի ճիշտ՝ հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանին նվիրեցին զուգարանի թուղթը եւ «ավանակը», բայց ընդհանուր առմամբ եզդի երիտասարդների այդ տոնական նվերը «տարածվում» է իշխող ուժի վրա:

Թեեւ արդեն ե՛ւ Բադեյանը ե՛ւ Շարմազանովը ներողություն են խնդրել եզդիներից, բայց, ինչպես ասում են, եղածը՝ եղած է: Եզդի համայնքի ներկայացուցիչները զուգարանի թուղթն ու «ավանակը» նվիրել են ՀՀԿ-ական պատգամավորին ի պատասխան վերջինիս լպիրշ արտահայտության. «Իրոք ըտենց անմակարդա՞կ եք, փողոցում կանգնող եզդին ըտենց հարց տար, չէի զարմանա»։

Բադեյանը այս կերպ էր հակադարձել «7 օր»-ի թղթակցի հարցին, ով պատգամավորին ընդամենը հարցրել էր, թե արդյոք օրենքի խախտո՞ւմ չէ, որ հայակական հեռուստաալիքով հաղորդումը հեռարձակվում է ռուսերենով:

Իբր հայ ժողովուրդը քիչ էր, որը իշխող ուժի եւ նրա առաջնորդի գոյությունն ու գործունեությունը համարում է հակաժողովրդական, այսինքն՝ համարում է, որ նրանք գործում են հենց ի՛ր դեմ, ահա՝ նրան ավելացավ նաեւ եզդի համայնքը:

Փաստորեն, իշխանություններերը ներքին երկրորդ «ճակատն» են բացել. հայ ժողովրդի հանդեպ դրսեւորած իրենց քամահրանքն ու ցինիզմը քիչ համարելով, հիմա էլ հասան եզդիներին՝ նույն վերաբերմունքը դրսեւորելով վերջիններիս նկատմամբ:

Ախր, եզդի համայնքը մոռացել է, որ մեկ ամիս առաջ նույն Բադեյանը պորտաբույծ անվանեց հայ ժողովրդին՝ այդ կերպ արդարացնելով նպաստների համակարգը վերացնելու մասին կառավարության որոշումը:

Այնպես, որ հարգելի եզդիներ, շատ մի տխրեք, «ապահով Հայաստանում» ձեզ «անմակարդակ» են համարելու, իսկ մեզ՝ «պորտաբույծ»։

Շարահյուսական առաջընթաց

Հայտնի չէ, թե որն է եղել ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի ոգեշնչման աղբյուրը (թերեւս, նոր «քույրիկի» մանդատը), բայց տիկինը որոշեց բյուջեի դեմ խոսող որոշ պատգամավորներին կոչ անել, որպեսզի նրանք ճոխ «շարահյուսական բառեր» չօգտագործեն, փոխարենը՝ գործեն:

Որքան հայտնի է, Բիշարյանը նախկինում մանկավարժ է եղել, բայց պարզվում է՝ չգիտի, որ «շարահյուսական բառեր» չեն լինում, կա շարահյուսական նախադասություն:

Սակայն, այս մասին չէ, որ ուզում ենք խոսել:

Բիշարյանը հայտարարել է, որ երկրում արձանագրված առանջընթացը պայմանավորված են ՕԵԿ-ի ծրագրերով.

«Բյուջեի փաստաթղթում ներառված են երկու քաղաքական ուժերի` ՕԵԿ-ի ու ՀՀԿ-ի նախընտրական ծրագրերը, այդ առումով այսօր ինչ առաջընթաց արձանագրում ենք, դրանում ներառված են ՕԵԿ-ի նախընտրական ծրագրերը: Իհարկե, քիչ է ու բավարար չէ, մենք ուզում ենք ավելին, բայց ունենք այն, ինչ ունենք»,- ասել է Հեղինե Բիշարյանը:

Իրոք, զվարճալի է: Իբր որեւէ մեկը երկրում առաջընթաց է նկատում, հիմա էլ ՕԵԿ-ը կոալիցիոն գործընկերոջից փորձում է խլել այդ «դափնին»՝ ամենը վերագրելով իրեն:

Տիգրան Սարգսյանը մի կողմից է ասում, թե բոլոր ոլոլոլորտներում արձանագրված «ձեռքբերումները» ՀՀԿ-ի աշխատանքի արդյունքն է, հիմա էլ Բիշարյանն է ասում, թե այսօր ինչ առաջընթաց արձանագրում ենք, դրանում ներառված են ՕԵԿ-ի նախընտրական ծրագրերը:

Հանգստացե՛ք, երկիրը գլորվում է միջնադար, ոչ «առաջընթաց» կա եւ ոչ էլ «ձեռքբերում»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը