Լրահոս

12.12.2013 15:44


Նինա Մարգարյան. «Պարո՛ն վարչապետ, Մաքսային միությանը միանալու որոշումը միանձնյա էր»

Նինա Մարգարյան. «Պարո՛ն վարչապետ, Մաքսային միությանը միանալու որոշումը միանձնյա էր»

Վարչապետի այսօրվա ելույթն ԱԺ-ում այլ բառով, քան «ցինիզմ», չեմ կարող բնութագրել:
Առաջինը՝ Տիգրան Սարգսյանն անդադար կրկնում էր «ձեզ հետ միասին» արտահայտությունը: Օրինակ՝ «Մենք ձեզ հետ միասին ձեռնամուխ էինք եղել միանալ Մաքսային միությանը»:
Պարո՛ն վարչապետ, Մաքսային միությանը միանալու որոշումը միանձնյա էր, որը Սերժ Սարգսյանը կայացրել էր իր վարած անսկզբունքային արտաքին քաղաքականության հետևանքով, և պատասխանատվությունն այդ որոշման համար կրում է միայն ու միայն Սերժ Սարգսյանը: Այնպես որ, խոսել «ձեզ հետ միասին»-ի մասին, ճիշտն ասած, առնվազն տարօրինակ է, էլ չեմ խոսում այն մասին, որ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը, «տոկոս խփելու» արդյունքում լինելով մեծամասնություն ԱԺ-ում, պարզապես արհամարհում են այլ ուժերի կարծիքները և բոյկոտում ԱԺ-ի ոչիշխանական ուժերի առաջարկած քննարկումները:
Երկրորդ՝ Տիգրան Սարգսյանն իր ելույթում անդրադառնալով բիզնես միջավայրի բարելավմանը՝ հայտարարեց, թե այդ ուղղությամբ գրանցվել են որոշ հաջողություններ: Տիգրան Սարգսյանը երևի մոռացել է, որ Հայաստանը, ըստ «Ֆորբս»–ի, հայտնվել է 10 ամենավատ տնտեսություններն ունեցող երկրների ցանկում, և որ Համաշխարհային բանկի կողմից վերջերս հրապարակած զեկույցի համաձայն՝ Հայաստանի տնտեսությունն ամենամոնոպոլիզացվածն է նախկին ԽՍՀՄ ու Արևելյան Եվրոպայի երկրների շարքում: Տիգրան Սարգսյանը, բնականաբար, չի հիշում, որ 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ում իրականացվել է 155.1 մլն դոլարի ներդրում, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պակաս է 62.1 %-ով: Այս ամենը Տիգրան Սարգսյանը հաշվի չի առնում:
Երրորդ՝ անդրադառնալով կենսաթոշակային համակարգին՝ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե բազային կենսաթոշակը հասցնել 14 հազարից 41 հազարի մեր պետբյուջեի համար հսկայական բեռ է. «Մենք չենք կարող այդ բեռը դնել պետբյուջեի վրա»:
Դե, իհարկե, Տիգրան Սարգսյանը կարող է պետբյուջեից ծախսել 29 մլն դրամ սեփական կարիքների համար օդանավ վարձելու նպատակով, իսկ թոշակները ավելացնել պետբյուջեի հաշվին մեր պետությունն ի վիճակի չէ:
Մի խոսքով, ելույթի բոլոր դրույթները կարելի է բովանդակալից քննադատության ենթարկել, բայց դե, փաստը մնում է փաստ՝ իշխանությունների ցինիզմը չափ ու սահման չունի:

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը