Մեկնաբանություն

12.12.2013 17:14


«Գեղցիական» պայմանագիր

«Գեղցիական» պայմանագիր

Քաղաքական պայքարի ավանդական ձևերն ու ինստիտուտները (հանրահավաքներ, երթեր, բողոքի գործողություններ, քաղաքական կուսակցություններ, ընտրություններ և այլն) մեզանում սպառել են իրենց։ Այս մասին պնդում են «անկախ» լրատվամիջոցները, որոնք, սակայն, Ուկրաինայի դեպքերին հիացական գնահատականներ են տալիս ու գովերգում ավանդական պայքարի դրսևորումները Կիևում։

Ըստ «անկախների»՝ հնամաշ է նաև իշխանության համար պայքարն ու, առավել ևս, իշխանափոխության գաղափարը։

Որևէ հիմնավորում չի ներկայացվում, թե ինչու են սպառել իրենց քաղաքական պայքարի՝ մարդկությանը հայտնի նպատակները, միջոցներն ու ինստիտուտները։ Չի ասվում նաև, թե ինչ է պետք անել ավանդականի փոխարեն։ Կարևորն այն է, որ քաղաքական պայքարը հանկարծ ... չքաղաքականացվի, այսինքն՝ չբերի Սերժ Սարգսյանի հեռացմանը։ Ճիշտ է, Սերժի մասով «անկախներն» ուղղակի չեն արտահայտվում, բայց աչքով–ունքով հասկացնում են, որ «ղազախամետ» Սերժն ավելի լավն է, քան մյուսները, հետևաբար, թող մնա աթոռին։

Կան շրջանակներ, որոնք կարծում են, թե պետք է շեշտը դնել քաղաքացիականի վրա, բայց չեն ասում, թե քաղաքացիականների հետ կապվելու համար ո՞ւմ զանգենք։

Վերջերս ի հայտ են եկել խմբեր, որոնք մերժում են ինչպես քաղաքական, այնպես էլ քաղաքացիական պայքարի գաղափարները (նկատենք, որ քաղաքական ու քաղաքացիական պայքարն իրար հակադրելն ու, առավել ևս, քաղաքականը քաղաքացիականին ստորադասելը անգրագիտություն է, ապուշություն կամ էլ շարքային գեղամյանություն)։

Նորահայտ այդ խմբերը գեղցիներն են (չշփոթել գյուղացիների հետ)։

Գեղցիները հանրությանն առաջարկում են «Գեղցիական» պայմանագիր։ Ըստ այդ պայմանագրի՝ գեղցիները լիդեր չունեն և կառավարվում են հորիզոնական մեխանիզմներով (օրինակ՝ ասուլիսի կամ սեմինարի ժամանակ ոչ թե ուղղահայաց դիրքով (կանգնած կամ նստած) են հանդես գալիս, այլ հորիզոնական, այն է՝ պառկած)։

Գեղցիները «կրեածիվ» են, «թունդ ընդդիմադիր» և առնվազն մի քանի քաղաքական թիմ փոխած ու մի քանի թիմից փախած։

Գեղցիների հորիզոնական կառավարման համակարգն ամենաժողովրդավարականն է, քանզի իրենց առաջարկած պայմանագրի կառավարման «վերխուշկայում» բոլորը դառնում են հավասար (բոյովների ու կոլոտների տարբերությունը վերանում է, քանզի պառկած վիճակում բոլորը մի բոյի են դառնում, մի հալի ու մի հանգի), մյուսները՝ ավելի՛ հավասար, իսկ մնացածները՝ «վաբշե՛» հավասար։

Ամենակարևոր կետը նրանց մոտ այն է, որ «Գեղցիական» պայմանագրի շրջանակներում ժողովրդին չեն տանելու պարտության, չեն տանելու հաղթանակի։ Տանելու են Գառնի ու Գեղարդ։

«Չի պարտվում նա, ով չի պայքարում»,– իրենց խոստումն իրականացնելու մեխանիզմների առանձին դետալների մասին են խոսել գեղցիները վերջերս կայացած համագեղցիական հավաքի ժամանակ։

«Գեղցիական» պայմանագրի շրջանակներում նաև մանր–մունր իշխանափոխության խնդիրներ չեն քննարկվելու, այլ գլոբալ հարցեր են լուծվելու։ Մասնավորապես, թիրախավորվելու է ներքին միգրացիան։

«Քաղաք եկած գյուղացիները պետք է պարտավորվեն վերադառնալ իրենց գյուղերը, իսկ քաղաքից գյուղ գնացածները՝ շարժվեն հակառակ ուղղությամբ»,– մասնավորապես նշված է «Գեղցիական» պայմանագրի ծրագրում։

Ի դեպ, «Գեղցիական» պայմանագրի գաղափարը դեռ չի հասցրել ողջունել ՀՀԿ–ական Արմեն Աշոտյանը, բայց «զատո» նա «լայքել» ու մի քանի անգամ «շեյր» է արել գեղցիների ասածները։ Բացի այդ՝ «Գեղցիական» պայմանագրի հիմնադիր հավաքը լայնորեն լուսաբանվել ու «ռասկրուտկա» է արվել Բաղրամյան 26–ի տակ աշխատող բոլոր լրատվամիջոցների կողմից, ինչը վկայում է այդ պայմանագրի անդամների խիստ ընդդիմադիր կեցվածքի մասին։

Գեղցիներին հաջողվել է 12–հոգանոց հուժկու թիմ հավաքել։ «Եվ այդ մեկ գեղցին դու ես» կարգախոսի տակ ևս 6 հոգի է պատրաստակամություն հայտնել ստորագրել։ Իսկ սա նշանակում է, որ 2098 թվականին «գեղցիների» դեմն առնել չի լինելու, և այդ տարի սպասվող նախագահական ընտրությունների ժամանակ մեր երկրի նախագահ կդառնա հորիզոնական դիրքում գտնվող գեղցիներից մեկը՝ ամենահավասարը։

Չմոռանանք նշել, որ գեղցիներին է միացել նաև Սերժ Սարգսյանին ընդդիմադիր դիրքերից պարբերաբար «մարտական ախպեր» պրիզնատ եկող պայքարիստը, ում, սակայն, «մարտական ախպերը» չօգնեց գեղապետ դառնալ։

Մի խոսքով, պայքարը շարունակվում է։ Շտապե՛ք միանալ «Գեղցիական» պայմանագրին։ Տեղերն անսահմանափակ են։

«7 օրի» հեղափոխական զարգացումների ուսումնասիրման բաժին

Այս խորագրի վերջին նյութերը