Հարցազրույց

31.07.2009 18:02


Արտյոմ Մալգին,

Արտյոմ Մալգին,

Հատվածներ «Day.az»-ին Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի պետական համալսարանի ՌԴ արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերություններ ամբիոնի դոցենտ Արտյոմ Մալգինի տված հարցազրույցից

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն արդեն ապրում է իր կյանքով, և Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այստեղ էական դերակատարում չեն կարող ունենալ։ Այո՛, նախկինում ԵԱՀԿ Մինսկի համանախագահների համար կարևոր էր կազմակերպել երկխոսություն, կողմերին բերել բանակցային սեղանի շուրջ։ Այսօր փոխվել է հարաբերակցությունը։

-Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ն Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները հասնել երկկողմ հարաբերությունների բարելավմանը, ինչին շատերն են սպասում աշխարհում։

-Կարծում եմ, որ երկկողմ հարաբերություններում որոշակի լիցքաթափում կլինի։ Այն այսօր անհրաժեշտ է և՛ ԱՄՆ-ին, և՛ Ռուսաստանին։ Արդեն ստեղծված են ոչ պաշտոնական երկխոսության մեխանիզմները։ Դա արդեն ոչ թե, այսպես կոչված, իմաստունների զրույց է, այլ ձևավորվել է խումբ, որին առաջադրանք է տրված՝ ձևակերպել ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավմանն ուղղված առաջարկներ։ Կարծում եմ, որ Ռուսաստանի հասարակության մեջ հաղթահարված են հնուց մնացած ամերիկանիզմի որոշ խնդիրներ, որոնք գոյություն ունեին Կոսովոյի ժամանակներից։ Դա որոշ իմաստով ռուս-ամերիկյան հարաբերություններում յուրօրինակ «ռեստարտ» է։ Հուսանք, որ մինչև տարեվերջ կգտնվեն երկխոսության նոր եզրեր։

-Որքանո՞վ կարող է ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավումն անդրադառնալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա։

-Անկեղծ ասած, ինձ թվում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն արդեն ապրում է իր կյանքով, և Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այստեղ էական դերակատարում չեն կարող ունենալ։ Այո՛, նախկինում ԵԱՀԿ Մինսկի համանախագահների համար կարևոր էր կազմակերպել երկխոսություն, կողմերին բերել բանակցային սեղանի շուրջ։ Այսօր փոխվել է հարաբերակցությունը։ Պայմանական ասած՝  փոխվել է ԱՄՆ-ում հայ-ադրբեջանական ազդեցությունը, իսկ Ռուսաստանն էլ Երևանի և Բաքվի հետ հարաբերություններում վարում է բացարձակապես հավասարակշռված քաղաքականություն։ Այսօր կարևոր է, որպեսզի Ռուսաստանն ու ԱՄՆ-ն իրենց անզգույշ քայլերով չվնասեն ներկայիս բանակցային գործընթացին։ Գնում է գործընթաց, և Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պետք է իրար կողքի կանգնած լինեն։ Ի դեպ, հուսով եմ, որ Ռուսաստանը շատ հանգիստ կարձագանքի հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, քանի որ մանևրելու լրացուցիչ հնարավորությունն օգուտ է բերելու բոլորին։ Դա կլիցքաթափի տարածաշրջանը. այն կդառանա ավելի ինտերնացիոնալ, նշանակում է՝ ավելի ժամանակակից։ Իսկ նման պայմաններում հակամարտությունների առկայությունն անթույլատրելի է։

-Կա տեսակետ, համաձայն որի Վրաստանի նախորդ տարվա իրադարձությունները Ղարաբաղյան հակամարտության մասնակիցների համար դարձան երկու տիպի զգուշացում. նախ՝ ընդգծեցին հակամարտության ուժային տարբերակով լուծման բացառված լինելը, երկրորդ՝  ցույց տվեցին Կոսովոյի նախադեպի կիրառման հնարավորությունն Աբխազիայում, Հարավային Օսիայում և, վերջապես, Ղարաբաղում։

-Ո՛չ, ես նման տեսակետին համաձայն չեմ։ Բոլորը հասկանում են, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կան իրենց համակշռությունն ապացուցած կողմեր՝ Հայաստան և Ադրբեջան։ Ռուսաստանը հակամարտության գոտու հետ անմիջական սահման չունի։ Միայն այդ պատճառով Ղարաբաղի հարցում Ռուսաստանի մասնակցությամբ ցանկացած ռազմական գործողություն ես նույնիսկ տեսականորեն եմ բացառում։ Իմ կարծիքով, Կոսովոյի նախադեպի կիրառումն ավարտվեց հենց օգոստոսին։ Այսինքն, եղավ Կոսովո, այնուհետև՝ Հարավային Օսիա և Աբխազիա։ Ամեն դեպքում, Ղարաբաղյան հակամարտությունը գտվում է ավելի քաղաքակիրթ մակարդակի վրա։ Սա յուրատեսակ հակամարտություն է, որը չպահանջեց խաղաղապահների ներկայությունը բաժանարար սահմանի վրա։ Կոպիտ ասած, մարդիկ և՛ անցյալում, և՛ այսօր իմաստություն ունեցան չվերսկսել հակամարտությունը։ Այդ իսկ պատճառով այստեղ անալոգիաներ չեն կարող լինել։

Այս խորագրի վերջին նյութերը