Տնտեսական

13.12.2013 08:03


«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության պատասխանը վարչապետին

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության պատասխանը վարչապետին

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնությունն իր կայքում պատասխանել է վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ նախօրեին Ազգային ժողովում արած հայտարարություններին: Նախաձեռնության պատասխանում ասված է.

«Նախ նշենք, որ հանդիպումը ՏՏ ոլորտի անդամների հետ չի եղել, այլ տարբեր մասնագիտությունների տեր անձանց հետ՝ քաղաքագետ, հաշվապահ, ֆինանսիստ, ծրագրավորող և այլն: Նաև ի պատասխան վարչապետի հայտարարությանը՝ նշենք, որ հարցերին չեն տրվել սպառիչ և առկա մտահոգությունները փարատող պատասխաններ, քանի որ տրված բոլոր պատասխանները հիմնվում էին հետևյալ հիմնական մտքերի վրա. Ունենք լուրջ կենսաթոշակային խնդիր, առկա համակարգն այդ խնդիրը չի լուծում Ուսումնասիրվել են տարբեր մոդելներ, հրավիրվել լավագույն փորձագետներ Ձևավորվելու է նոր մտածողություն, պատասխանատու քաղաքացիական հասարակություն Այն, որ կենսաթոշակային համակարգը բարեփոխումների կարիք ունի, համաձայն ենք ու գիտակցում ենք: Պարզապես անընդունելի է նմանատիպ օրենքով փորձել իբր թե լուծել այդ խնդիրը: Որոշ մանրամասներ. Վարչապետն, օրինակ, անտեղյակ էր, թե այդ ինչպես ենք պնդում, թե շրջանառվող 5%-ն իրականում 5 չէ, այլ 6.61 և ավել: Երբ հերթական անգամ դա մեր կողմից բացատրվեց, նա, ասես, անտեղյակ էր. ասվածի իրավացիության հավաստումն ակնկալում էր լսել ներկա գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից: Անգամ այս պարագայում ըստ վարչապետի մեզ համար խնդրահարույց էր զուտ 1.61 %-ով ավել լինելու հարցը, այնինչ, բնականաբար, դա մակերեսային մոտեցում է, մտահոգիչ է ոչ այնքան 1.61 տոկոսով ավել լինելու հարցը, այլ բուն երևույթը, այն է՝ հանրությանը տրամադրվում է ոչ ճիշտ և ապակողմնորոշող տեղեկատվություն: Այս պարագայում սա ոչ թե իրազեկում է, այլ ինպես վարչապետը նշեց՝ «պրոպագանդա»: Եվ ուրեմն ի՞նչ վստահության մասին է խոսքը: Հանդիպման մասնակիցներից մեկի այն պնդմանը, թե խնդիրները նախ և առաջ պիտի լուծել արդյունավետ կառավարմամբ, այդ թվում պետական բյուջեի արդյունավետ օգտագործմամբ, ոչ թե պետության սոցիալական պատասխանատվության ակնհայտ օտարման ու քաղաքացու գրպանը մտնելու հեշտ ուղով, վարչապետի արձագանքն այն էր, որ ֆանտաստիկայի ժանրից են այն սպասումներն ու պահանջները, որ կառավարությունը և պիտի կարողանա տնտեսական աճ ապահովել, և պայքարել կոռուպցիայի դեմ, և ստվերի դեմ, և աշխատատեղեր ստեղծել: Այս պարագայում ավելորդ չենք համարի ավելացնել՝ ցանկացած կառավարություն, որն այս պահանջները համարում է ֆանտաստիկայի ժանրից, նշանակում է՝ ֆանտաստիկայի ժանր է համարում իր իրական գործունեությունը, ուստի անելիք չունի: Ի դեպ, ոչ արդյունավետ կառավարման մասին խոսվեց փաստով՝ ՀՀ նախագահի կողմից բարձրաձայնված պետբյուջեի միջոցների խայտառակ մսխումները պետգնումների ոլորտում: Իհարկե, ով չգիտի, որ նմանատիպ օրինակները շատ են, ուղղակի այդ մեկը հավելյալ հիմնավորման կարիք չունի: Ի պատասխան բոլոր կոնկրետ մտահոգություններին, ռիսկերին, վտանգներին, որ պարունակում է օրենքը, հիմնականում տրվում էր այն պատասխանը, որ ընտրություններում հասարակության մեծամասնությունն իրենց է վստահել իշխանությունը, և իրենք օրենքի ուժով կպարտադրեն այն, ինչ իրենք են ճիշտ համարում, ու տարիներ հետո դեռ մոմ կվառենք վարչապետի համար: Արդյոք սա սպառիչ պատասխան է, թե ոչ, դատեք ինքներդ: Վարչապետին նաև հարց տրվեց, թե ինչ կլինի այն մարդկանց հետ, ովքեր 60 տարեկանում կկորցնեն աշխատանքը ու կհայտնվեն ծանր սոցիալական վիճակում՝ չկարողանալով տնօրինել իրենց կուտակած գումարները կենսաթոշակային հաշիվներում… Վարչապետը շատ լուրջ պատասխանեց, որ այդ մարդկանց կուղարկեն վերապատրաստման և կտեղավորեն աշխատանքի: Իսկ հարցին, թե ինչ կլինի այն դեպքում, երբ 40 տարիների ընթացքում կառավարություն փոխվի ու նոր կառավարությունը որոշի, որ սա լավ օրենք չի ու պիտի փոխվի, հույս հայտնեց, որ կառավարություն չի փոխվի ու իրենք միշտ կմնան: Ահա այսպիսի պատասխաններ Նույնիսկ հանդիպման վերջում, երբ վարչապետն արդեն շտապում էր տուն, հարց բարձրացվեց, թե հնարավոր է հիմա արդեն ընտրել ֆոնդ, որին տրվեց այն պատասխանը, որ դեկտեմբերի 10-ից սկսած դա հնարավոր է, չնայած, որ նրանց ցույց տրվեց, էջի վրա տպագրված տեսքով, որ նույնիսկ www.epensions.am կայքը հասանելի չէ: Բացի այդ, այն հարցին, թե այդ ինչպես է ՀՀ քաղաքացին, ով տնտեսագետ չէ, 21 օրում կարողանալու տնտեսագիտական հետազոտություն իրականացնելու, ռիսկայնության չափերը ֆոնդերի գնահատելու, որպեսզի իր գումարները ճիշտ ֆոնդում ներդնի, ընդամենը կատակով պատասխանվեց, թե հարց տվողին իրականում 1 օրն էլ բավարար է: Ահա այսպիսի անլուրջ պատասխան՝ հաշվի առնելով, որ իրականում դեռ հուլիսի 1-ից քաղաքացիները պիտի հնարավորություն ունենային ֆոնդ ընտրել: Կառավարության ներկայացուցիչները նաև նշեցին, թե քաղաքացիների մեղքն է, որ այսքան ժամանակ տեղյակ չեն օրենքից, քանի որ իրենք գումարներ են ծախսել իրազեկման համար, բրոշյուրներ են տպագրվել և այլն: Տեսնես այդ բրոշյուրները քաղաքացիները պիտի ձեռք բերեին հատուկ պատկան մարմիններ այցելելո՞վ: Եթե կառավարությունը պատշաճ կատարեր իրազեկման իր պարտականությունը, այդ բրոշյուրները, որոնց վրա գումարներ են ծախսվել, գոնե աշխատավայրերում կարող էին բաժանվել մարդկանց: Նույնիսկ մարդկանց մոլորության մեջ գցող սոցիալական տեսահոլովակները մի քանի ամիս է, ինչ հեռարձակվում են: Ընդհանուր առմամբ, վարչապետը իր համար ընտրել էր հարցերին պատասխանելու փորձված տեխնոլոգիա՝ հղում կատարել գնահատականներին՝ մի կողմ դնելով այս երկրում ապրող և երկրի իրական վիճակն ամեն օր իր կաշվի վրա զգացող քաղաքացիների լուրջ ու հիմնավոր մտահոգությունները»:

Այս խորագրի վերջին նյութերը