Լրահոս

13.12.2013 15:09


Քննարկվել են հայ-չեխական հարաբերությունները

Քննարկվել են  հայ-չեխական հարաբերությունները

Դեկտեմբորի 12-ին Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում ունեցավ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի նորընտիր նախագահ Յան Համաչեկի հետ:

Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորեց չեխ խորհրդարանականին պալատի նախագահ ընտրվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց խորհրդարան հրավիրելու համար: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ փաստեցին միջխորհրդարանական կապերի զարգացման վերընթաց դինամիկան, հատկապես ՀՀ Ազգային ժողովի և Չեխիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի մակարդակով: Պարոն Համաչեկը հանձն առավ պատգամավորների պալատի մակարդակով ևս խորացնել գործակցությունը, նաև բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով: Նա տեղեկացրեց, որ շուտով պատգամավորների նորընտիր պալատում կձևավորվեն միջխորհրդարանական բարեկամության խմբերը, առաջիններից մեկը՝ Հայաստանի հետ:

Այնուհետև կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստան-ԵՄ, հայ-չեխական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:

Հանդիպմանը մասնակցում էր նաև պալատի նախորդ կազմի Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշը, որը նոր կազմում ընտրվել է բնապահպանության կոմիտեի նախագահ և միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ: Վերջինս հաջորդ շաբաթվա ընթացքում պատրաստվում է ստանձնել Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավարությունը:

Այս խորագրի վերջին նյութերը