Մեկնաբանություն

15.12.2013 15:45


Հրանտ Վարդանյանի «Ստոկհոլմյան» սինդրոմը

Հրանտ Վարդանյանի «Ստոկհոլմյան» սինդրոմը

Գործարար Հրանտ Վարդանյանը հայկական բիզնես դաշտի առաջամարտիկներից է։ Սա անվիճելի փաստ է։

«Մերն ուրիշ է» կարգախոսով տեղական արտադրության կազմակերպման դրոշակակրի դերում նա մեծ հաջողությունների հասավ՝ իր հետևից տանելով մյուսներին։ Այդ իմաստով «Գրանտ տոբակոն» կարելի է տեղական արտադրության վերածնման խորհրդանիշներից համարել։

Արտադրության և արտահանման, ինչպես նաև ներմուծման փոխարինման գաղափարներով ապրող Հրանտ Վարդանյանը, սակայն, վերջին շրջանում ստանձնել է իշխանությունների փաստաբանի անպատվաբեր դերը և 2013թ. նախագահական ընտրություններից սկսած՝ վերածվել Սերժ Սարգսյանի ջերմեռանդ պաշտպանի։ Եվ դա այն դեպքում, երբ Վարդանյանը դրանից առաջ հայտարարում էր, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը խանգարում է իրենց բիզնեսի զարգացմանը (ինչպես հայտնի է՝ Տիգրան որ ասում ենք, Սերժ ենք հասկանում, այսինքն՝ Վարդանյանն իրականում դժգոհել է Սերժ Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականությունից, բայց որոշել է արտահայտել իր դժգոհությունը «Աղջիկ քեզ ասում եմ, հա՛րս, դու հասկացիր» տարբերակով, ինչը նորմալ է)։

Տիգրան Սարգսյանը հիմա էլ է խանգարում բիզնեսի զարգացմանը, ընդ որում՝ ոչ միայն Հրանտ Վարդանյանի։ Բայց Վարդանյանն այլևս չի դժգոհում։

Տարիներ առաջ էլ Հրանտ Վարդանյանը հայտարարել էր, թե մինչև Սերժ Սարգսյանը պետական կառավարման համակարգից չհեռանա, Հայաստանում կոռուպցիայի դեմ հնարավոր չի լինի պայքարել։ Բայց սա այլ պատմություն է։

Վերադառնանք մեր օրերը։

Հրանտ Վարդանյանը շատ լավ տիրապետում է ՀՀ տնտեսության մեջ տիրող իրավիճակին, շատ լավ գիտի, թե ինչն ինչոց է, և որն է մեր երկրում արձանագրվող տնտեսական հետընթացի գլխավոր պատճառը։ Գիտի, բայց հրապարակավ պաշտպանում է «Սերժ Սարգսյան&Co»–ին։ Սա ինչ–որ առումով կարելի է հոգեբանության մեջ հայտնի «Ստոկհոլմյան» սինդրոմի դրսևորում համարել, երբ զոհը սկսում է պաշտպանել իրեն պատանդ վերցնողներին։

Անշո՛ւշտ, Հրանտ Վարդանյանը պարտավոր չէ քաղաքականությամբ զբաղվել (թեև այդ դեպքում պետք է իմանա, որ քաղաքականությունը կսկսի զբաղվել իրենով, և արդեն իսկ զբաղվում է)։ Նրանից որևէ մեկը չի պահանջում ընդդիմադիր բնույթի քաղաքական հայտարարություններ անել (թեև խոշոր սեփականատիրոջ կարգավիճակը ստիպում է մարդուն հանրային խնդիրների անդրադառնալ և երկրի զարգացման թեմայով հրապարակային գնահատականներ հնչեցնել, իսկ ներկայիս իրավիճակն այնպիսին է, որ առանց ընդդիմադիր ձևակերպումների՝ դժվար է օբյեկտիվորեն գնահատել պատկերը)։

Վարդանյանը կարող է պարզապես լռել։ Դա իր իրավունքն է։ Բայց նա տեսակետներ է հայտնում, այն էլ այնպիսի լրատվամիջոցով («1in.am»), որը հանդիսանում է Հայաստանում «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման քարոզչագործիքներից։ Գաղտնիք չէ, որ «1in.am»–ը, ինչպես նաև մյուս «Mutit.am»–ները նեոբոլշևիկյան գաղափարախոսության տարածողներն ու մեզանում սեփականության վերաբաշխման ծրագրի, այն է՝ ՀՀ տնտեսության քանդման ողջունողները և արտագաղթի խրախուսման նպաստողներն են։

Ասել է թե՝ Հրանտ Վարդանյանը իր դասակարգային թշնամուն պատկանող լրատվամիջոցի տարածքում պաշտպանում է Հայաստանում բիզնեսի ցեղասպանություն իրականացնող այս իշխանությանն ու իր ամբողջ ներքին զայրույթը թափում կեղծ թիրախների ու Հայաստանում ապրող, իր իսկ ձևակերպմամբ, բազմաթիվ ադրբեջանցիների վրա։

Թե ինչու է Վարդանյանն այսպես վարվում, դժվար չէ հասկանալը, բայց անհնար է համակարծիք լինելը։ Նա շատ լավ գիտի, թե ինչ է տիրում Հայաստանում, և ովքեր են տնտեսության հերն անիծողները, բայց փորձում է իշխանություններին պաշտպանելու միջոցով սեփական կապիտալը պաշտպանել։

Նկատենք, սակայն, որ Վարդանյանը սխալ ռազմավարություն է ընտրել, և ահա թե ինչու։

Սերժ Սարգսյանի վարած կուրսին հրապարակավ դրական գնահատականներ տալով և կեղծ թիրախների դեմ պայքարելով՝ Հրանտ Վարդանյանն ավելի խոցելի է դառնում և հիմք դնում սեփական կուլակաթափմանը, քանզի զրկվում է հնարավոր բոլոր հենարաններից (այդ թվում ու նախ և առաջ՝ հանրային հենարանից)։ Դրանից հետո Սերժ Սարգսյանի ու իր նեղ շրջապատի համար «Գրանտ քենդին» կամ «Գրանտ տոբակոն» վերաբաշխելը, Վարդանյանի հետ փայատիրական հարաբերությունների մեջ մտնելը դառնում է տեխնիկայի հարց։ Դա առաջին փուլում։

Երկրորդ փուլում, եթե քաղաքական դաշտում Սերժի դեմն առնել հնարավոր չլինի, կգա սեփական հիմնարկում վարձու աշխատողի վերածվելու ժամանակը։ Հետագա զարգացումներն արդեն կլինեն շատ ստանդարտ սցենարով։ Ի դեպ, այս սխեման գործել կամ գործելու է նաև մյուս գործարարների դեպքում, եթե շարունակեն վարդանյանական տարբերակով գնալ։

Եթե Հրանտ Վարդանյանը կարծում է, որ այս նեոբոլշևիկներից կարելի է գլուխը պրծացնել նրանց պաշտպանելով և մարդկային հարաբերություններ ստեղծելով, ապա չարաչար սխալվում է։ Սրանք սրբություն ու մարդկություն չունեն. բոլշևիկները «ազգություն» չեն ճանաչում։

Եթե Սերժ Սարգսյանը նախագահի աթոռին հայտնվելուն պես սկսեց լրատվամիջոցներին ու «դհոլներին» քսի տալ իր 100 տարվա ընկեր Ռոբերտ Քոչարյանի դեմ, ապա ինչի՞ մասին է խոսքը։

«Արմավիայի» պատմությունը բոլորիս աչքի առաջ է։ Վարդանյանը որքան էլ ձգտի, չի կարողանալու ավելի լավ հարաբերությունների հասնել Սերժի հետ, քան «Արմավիայի» սեփականատեր Բաղդասարովը, ում երեխայի կնունքի քավորն է եղել ՀՀԿ ներկայիս ղեկավարը։

Եթե իր սանիկի ընտանիքին պատկանող «Արմավիան» է Սերժը սնանկացման տարել, և եթե «ֆլեշ»–ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի հետ է ուզում նույնն անել, ապա կարելի է միայն պատկերացնել, թե ինչ ծրագրեր ունի «նախաձեռնող» այդ մարդը Հրանտ Վարդանյանին ու մյուսներին պատկանող բիզնեսների առումով։ «Գրանտ քենդիի» արտադրամասի հրդեհը մանր չարաճճիություն կարող է թվալ այն ամենի համեմատ, ինչ ծրագրում են տնաբույծ նեոբոլշևիկները։

Ու թող չզարմանա ու չզայրանա Հրանտ Վարդանյանը, որ իշխանություններին պաշտպանող իր հարցազրույցից հետո գեբելսյան քարոզչամեքենան նախաձեռնել է «Բոյկոտենք «Գրանտ Քենդիի» արտադրանքը» ակցիան և սոցիալական ցանցերում հակաքարոզչություն է ծավալում (ահագին անտեղյակ և «ազնիվ քյարփինջներ» նույնպես մտել են այդ գործընթացի մեջ)։

Բոլորը պետք է մեկ բան շատ լավ հասկանան՝ Սերժ Սարգսյանը, պատկերավոր ասած, «պոչը քաշում է» միայն ուժ տեսնելիս։ Իրեն հնազանդվողներին քաղաքական դաշտում նա սարքում է Արտաշես Գեղամյան, իսկ գործընկերներին բիզնես դաշտում՝ Միխայիլ Բաղդասարով։ Սա թող ականջներին օղ անեն և՛ քաղաքական, և՛ բիզնես դաշտի ներկայացուցիչները։ «Ստոկհոլմյան» սինդրոմով հեռու չես գնա։ Լուծումն ազգային բուրժուազիայի դասակարգային գիտակցության բարձրացումն ու դասակարգային շահի մեկտեղումն է, ինչը կբերի անցնցում բուրժուադեմոկրատական հեղափոխության և նախադրյալներ կստեղծի տնտեսական զարգացման համար։ Հակառակ դեպքում տե՛ս «Արմավիայի» պատմությունը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը