Լրահոս

16.12.2013 10:33


Հայկ Խանումյան. «Այսօր ՀՀ նախագահի պաշտոնում մի մարդ է, որը բազմիցս արտահայտվել է տարածք հանձնելու օգտին»

Հայկ Խանումյան. «Այսօր ՀՀ նախագահի պաշտոնում մի մարդ է, որը բազմիցս արտահայտվել է տարածք հանձնելու օգտին»

Հարցազրույց Արցախի «Ազգային վերածնունդ»կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ:

-Պարո՛ն Խանումյան, վերջերս Երևան այցելած Թուրքիայի արտգործնախարար Ա. Դավութօղլուն ներկայանում է հայտարարություններով, որտեղ նա կապում է հայ-թուրքական սահմանի բացումը ղարաբաղյան խնդրի հետ: Ինչպե՞ս Դուք կգնահատեք այս փաստը և ՀՀ իշխանությունների գործողությունները՝ կապված այս այցելության հետ:

-Կարծում եմ, որ Թուրքիան առաջիկայում դեռևս երկար ժամանակ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում հաշվի կառնի Ադրբեջանի կարծիքը: Ադրբեջանական գործոնը զգալի դեր ունի Թուրքիայի ներքաղաքական կյանքում, և Թուրքիայում իշխող կուսակցությունը խնամքով հաշվի է առնում այդ գործոնը, հատկապես կարևոր ներպետական ընտրությունների ժամանակ: Այս պատճառով էլ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապում է Ղարաբաղի խնդրի հետ: Կարծում եմ, որ ՀՀ իշխանությունների՝ Թուրքիայի հետ նախապայմաններով բանակցությունների բացառումը կարևոր հանգամանք է: Ա. Դավութօղլուի այցը զուտ աշխատանքային էր՝ իրականացված մի տարածաշրջանային կազմակերպության շրջանակներում, որի անդամ հանդիսանում են թե՛ Թուրքիան, թե՛ ՀՀ–ն: Այլ բան, որ պաշտոնական Անկարան այս այցը փորձում է ցույց տալ որպես «բարի կամքի» դրսևորում՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրյակին ցույց տալու համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իմիտացիա: Կարծում եմ, որ Դավութօղլուին դա չստացվեց, սակայն առաջիկայում մենք ականատես կլինենք Թուրքիայի կողմից այս «պատմական այցի» մասին բազմաթիվ հիշեցումների տարբեր միջազգային ատյաններում:

-Չնայած որ Դավութօղլուն հերքեց թուրքական ԶԼՄ-ում շրջանառվող տեղեկությունները (ԼՂՀ երկու շրջանների փոխանակումը հայ-թուրքական սահմանի բացման փոխարեն), հայկական լրատվամիջոցների մի մասը շատ մեծ ուշադրություն դարձրեց այդ լուրերին: Արդյոք ՀՀ և ԼՂՀ իշխանությունները պե՞տք է արձանագանքեն այդպիսի տեղեկություններին, թե՞ ոչ:

-Ընդհանրապես վատ է, երբ թուրքական մամուլի հրապարակումներն են ակտիվ քննարկում առաջացնում հայկական հասարակությունում: Ցավում եմ, որ չնայած բազմաթիվ լավ թուրքագետների առկայությանը՝ հայկական լրատվամիջոցները չկարողացան խուսափել Թուրքիայից բաց թողնված ինֆորմացիայի գերակայությունից: Սա տեղեկատվական անվտանգության հարց է: Միևնույն ժամանակ, այս լուրերի տարածվելու մեջ մեծ մեղավորություն ունեն նաև իշխանությունները: ՀՀ նախագահի պաշտոնում այսօր մի մարդ է, որը կարող է մի քանի րոպեի ընթացքում, առանց խորհրդակցելու հանրության հետ, երկրի համար ճակատագրական որոշում կայացնել՝ սահմանափակել ՀՀ ինքնիշխանությունը: Այսօր ՀՀ նախագահի պաշտոնում մի մարդ է, որը բազմիցս արտահայտվել է տարածք հանձնելու օգտին (Սերժ Սարգսյան. «Հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին» Hasarakutyun.am-ից): Եվ այսպիսի պարտվողական իշխանությունների առկայությունն էլ պարարտ հող է թուրքական դեզինֆորմացիայի տարածման համար:

Մանրամասները՝ Hasarakutyun.am

Այս խորագրի վերջին նյութերը