Լրահոս

16.12.2013 13:10


«Հայրենադարձության» հրավեր Դավութօղլուի կողմից սփյուռքահայությանը

«Հայրենադարձության» հրավեր Դավութօղլուի կողմից սփյուռքահայությանը

Թուրքիայի արտգործնախարարի երեւանյան այցելության առիթով եւ դրա ընթացքում շրջանառության մեջ դրվեցին տարբեր «տեղեկություններ»։ Հիմնականում բոլորի աղբյուրը թուրքական ԶԼՄ-ն էր։ Փաստորեն, շրջանառությունն ընթանում էր հետևյալ կերպ. Անկարայի համապատասխան գերատեսչություններն ընտրում էին թեման, տրվում էր պատվեր ընտրված թեմայի արձագանքման համար. անպաշտոն խոսափողները տալիս էին լրատվության մեկնարկի ազդանշանը, եւ սկզբում թուրքական լրատվադաշտը հեղեղվում էր թիրախային նշանակետ ճշտած լրատվություններով։ Նույնքան արագ արձագանքում էր հայկական տեղեկատվադաշտը։ Մինչ ադրբեջանականը հասկանալի պատճառներով կա՛մ լռում էր այդ բոլորի մասին, կա՛մ խնամքով անուշադրության մատնում, կա՛մ շատ զուսպ ու ժլատ լրատվություն թողարկում։

Փաստորեն, խաղի կանոնները թելադրում է Անկարան. եւ չնայած, որ հայկական կողմից բազմիցս հնչեցին, որ Անկարայի անունից հրապարակված տեղեկատվությունը քաղաքական իմիտացիոն գործողությունների շղթայի արտացոլացումն է լրատվական դաշտում, այսուհանդերձ հետաքրքրաշարժ լինելու մղումից կամ սենսացիոն տեղեկություն թողարկելու փորձությանը չդիմանալով հայկական շատ լրատվամիջոցներ, ընդ որում թե' հայաստանյան եւ թե' սփյուռքյան, ներքաշվեցին այս խաղի մեջ։

Մի քանի օրինակ. Դավութօղլուի այցը Երեւան կապված է նախագահներ Ալիև եւ Սարգսյան Վիեննայի հանդիպման արդյունքից։ Սա եթե մի կողմից Բաքվին հանգստացնելու համար էր, մյուս կողմից նաեւ հանրային կարծիքն ապակողմնորոշել էր, որ հայկական կողմն արդեն համաձայնել է իր ուժերը հեռացնել արցախյան երկու տարածքներից, որի համար էլ Դաւութօղլուն զիջել է՝ այցելելու Երեւան։

Մինչ իր որոշելը Դաւութօղլուն արդեն հայտարարել է, որ Երեւան-Անկարա հարաբերությունների վերաձեռնարկման նախապատրաստական աշխատանքները գտնվում են իրենց վերջին փուլում։ Սրան հաջորդեց դարձյալ թուրքական աղբյուրների կողմից թողարկված խանդավառ լրատվությունն այն մասին, որ իբրե թե ականազերծվում է սահմանի թուրքական կողմը այն էլ եւրոպական ֆինանսավորմամբ։

Ստացվում էր այնպես, որ Թուրքիան ստեղծում էր իմիտացիա, որ իբրեւ թե հայկական կողմը համաձայն էր հեռացնել իր ուժերը արցախյան երկու տարածքներից, որի դիմաց Դաւութօղլուն ոչ միայն համաձայնել է գալ Երեւան, այլ նաեւ ապաշրջափակել Հայաստանի Հանրապետությունը։

Թվում էր, թե խաբկանքի այս քաղաքականության առանցքային խնդիրների հանգույցը վերաբերում էր արցախյան հիմնահարցին։ Թուրք լրագրողների հետ Երեւանում կայացած փակ հանդիպումից սպրդած լուրը շեղեց թեմայի ուշադրության կենտրոնը։ Եւ ահա, «Հուրիեթ» թերթը հրապարակեց Երեւանում սպասված սենսացիոն հայտարարությունը։ Դաւութօղլուն հայրերի 1915-ի տեղահանությունը որակել է անմարդկային, խուսափելով, իհարկե, թուրքական կառավարության պատասխանատվությունից։ Թուրքիան չի աջակցել այդ քայլին ասելով՝ Դաւութօղլուն մշուշի մեջ է թողել, թե, ի վերջո, ո՞վ է անմարդկայնորեն տեղահանել հայերին։

Անկարա-թուրքական ԶԼՄ-ի՝ համակարգված այս տեղեկատվությունից դուրս, դիտարժան է Դաւութօղլուի հանդիպումը հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ։ Հարցազրույցի միջոցով հանրային խորհրդի նախագահն անդրադառնում է Դաւութօղլուի հետ կայացած խոսակցությանը։ Խոսակցության ընթացքում Դավութօղլուն նշել է նաև, որ իրենք հատուկ քաղաքականություն են վարելու սփյուռքահայերի հետ` առաջարկելով, որ վերադառնան իրենց հայրենիքը, որտեղից որ գաղթել են իրենց պապերը ։

Այս հաստատմանը կարելի է հղում անելով որոշ դիտարկում կատարել, որովհետեւ այն վերարտադրվել է հարցազրույցի կարգով հանրային խորհրդի նախագահի կողմից։ Այս հաստատումը կապվում է «Հուրիեթ» թերթի հրապարկման բովանդակությանը։ Ստացվում է այն միտքը, որ ժամանակին հայերը անմարդկային ձեւով տեղահանվել են Թուրքիայից, որի համար պատասխանատվություն չունի այսօրվա կառավարությոնը, որ իր արտաքին հարցերի գերատեսչության ղեկավարի ճամբով նախաձեռնում է «մարդասիրական» եւ «խաղաղասիրական» գործողություն. տեղահանված հայերի ժառանգորդներին վերադարձնելու իրենց տները։

Հայերի այս «հայրենադարձությունը» իրականացնելու համար Դաւութօղլուն ասել է, որ Անկարան վարելու է հատուկ քաղաքականություն Սփյուռքի հետ։ Մի կողմ թողնելով թուրքական լրատվամիջոցների բարձրացրած աղմկարարությունը, ամփոփենք Դաւութօղլուի հայաստանյան եւ սփյուռքյան ուղղություններով վարած քաղաքականության փոխանցած ուղերձը։ Հայկական ուժերը կհեռանան արցախյան երկու շրջաններից, որի դիմաց Անկարան կբացի սահմանը. իսկ սփյուռքյան որոշակի շրջանակներ կհամաձայնվեն սկսելու երկխոսություն վերատիրանալու համար իրենց կալվածքներին, տներին եւ ունեցվածքին։ Այլոց կատարած անմարդկային տեղահանության դիմաց սա Անկարայի ստանձնած փոխհատուցման քաղաքական «ժեստն» է։ Թվում է, թե բանակցությունների աշխուժացման ազդանշանը կտրվի Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին…

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը