Լրահոս

16.12.2013 13:18


Իշխանությունները ևս մեկ անգամ հակասահմանադրական օրենք են ընդունել

Իշխանությունները ևս մեկ անգամ հակասահմանադրական օրենք են ընդունել

Մի քանի օր հաջողություն եմ ունեցել՝ հանդիպելու մի շարք իրավաբանների, որոնց հետ քննարկել ենք իշխանությունների կողմից մարդկանց վզին փաթաթված կենսաթոշակային պարտադիր վճարների համակարգը: Եվ բոլոր այդ մասնագետները միաձայն պնդում են, որ այդ օրենքը ոչ միայն հակասահմանադրական է, այլ նաև պարունակում է կառուպցիոն ռիսկեր և փող լվանալու միտումներ: Հակասահմանադրական է այն պատճառով, որ խախտվում է մարդու սեփականության իրավունքը, քանի որ պետությունը պարտադրում է մարդկանց սեփականության (աշխատավարձը նույնպես հանդիսանում է մարդու սեփականություն) մի մասը պարտադիր կերպով փոխանցել ինչ-որ ՍՊԸ-ների, սակայն հնարավորություն չի տալիս պետք եղած դեպքում օգտագործել այդ սեփականությունը, ինչպես նաև ոչ մի կերպ չի երաշխավորում այդ «օտարված» սեփականությունը, ասենք, պարտատոմսերի տեսքով: Երկրորդ խնդիրն այն է, որ, ըստ այդ մասնագետների, մարդկանց փողերը պետք է փոխանցվեն ինչ-որ անհայտ ՍՊԸ-ների, ովքեր հանդիսանում են այս կամ այն օտար երկրի, այսպես ասած, մասնաճյուղեր: Օրինակ՝ «C-QUADRAT INVESTMENT AG»-ն ավստրիական ակտիվների կառավարիչ է, որը 6 մլրդ ԱՄՆ դոլար է կառավարում 17 երկրներում, իսկ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր բաժնետերերից է ֆրանսիական «Amundi» ընկերությունը: Սա, մասնագետների կարծիքով, անընդունելի է, քանի որ կան փողեր լվանալու և կոռուպցիոն ռիսկեր, ինչն արդեն քրեական տարրեր է պարունակում, և, փաստորեն, մարդկանց սեփականությունն այլ երկրներ է դուրս հանվում առանց իրենց համաձայնության, իսկ ՀՀ-ն ոչ մի պատասխանատվություն չի կրում մեզանից օտարված փողերի համար:
Մի խոսքով, հարցերն այնքան շատ են, որ էլ ասելու չէ: Այնպես որ, պետք է շարունակել պայքարել այդ անօրինական որոշման դեմ, քանի որ այս իշխանությունները ևս մեկ անգամ հակասահմանադրական օրենք են ընդունել՝ դրանով ոչ միայն ոտնահարելով երկրի գերագույն օրենքը` Սահմանադրությունը, այլ նաև նպաստելով մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը:

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը