Լրահոս

16.12.2013 16:32


Օրակարգում է քաղաքացիական ծառայության բարեփոխումների խնդիրը

Օրակարգում է քաղաքացիական ծառայության բարեփոխումների խնդիրը

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ ծրագրի հետ համատեղ դեկտեմբերի 13-14-ին Աղվերանում կազմակերպել էր “Քաղաքացիական ծառայության բարեփոխումները Հայաստանում. առաջընթացի ուղիները” թեմայով աշխատաժողովը: Նպատակն էր` քննարկել Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգում եվրոպա­կան չափորոշիչների արմատավորմանն ուղղված “Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգի զարգացման քաղաքակա­նությունը սահմանող փաստաթուղթը”, որը բարեփոխումներ է նախատեսում քաղաքացիական ծառայության բոլոր գործառույթներում` հավաքագրում, ընտրություն, նշանակումներ, աշխատանքի դադարեցում, էթիկական կարգավորում, քաղաքացիական ծառայողների աշխատանքի կատարողականի գնահատում, կադրերի շարժունություն և այլն:

Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամները, ՍԻԳՄԱ-ի փորձագետները, Խորհրդի հետ համագործակցող միջազգային և տեղական հասարակական շահագրգիռ կազմակերպությունները, ՀՀ քաղաքացիա­կան ծառայության համակարգում ընդգրկված պետական մարմինների աշխատա­կազ­մերի ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:

Բացելով աշխատաժողովը` ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն իր ելույթում նշեց, որ ի սկզբանե ԵՄ Նոր հարևանության ծրագրի համատեքստում քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումների նշանակությունը տնտեսության և հասարակության բարենորոգումներին, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը նպաստելու մեջ է: “Այս գործընթացի հիմնական նպատակը արհեստավարժության ամրապնդման, հավասար մատչելիության սկզբունքով մասնագիտական գիտելիքների և ունակությունների համապատասխան ընտրության և քաղաքական անկողմնակալության սկզբունքների պահպանումն է: Բարեփոխումների հիմնական բաղադրիչներից մեկը պետք է լինի քաղաքացիական ծառայության մասին օրենսդրության բարլավումը, որը միտված կլինի քաղաքացիական ծառայության համակարգի հետագա արդիականացմանը և համապատասխանեցմանը եվրոպական չափորոշիչներին և լավագույն օրինակներին”-ասաց պարոն Բադալյանը:

ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ ծրագրի փորձագետները ներկայացրին քաղաքացիական ծառայության բարեփոխումների եվրոպական փորձը, իրենց դիտարկումները “Քաղաքականության փաստաթղթի” և դրանով նախանշվող փոփոխությունների վերաբերյալ:

Երկու օրերի ընթացքում աշխատաժողովի մասնակիցները լսեցին զեկույցներ բարեփոխումների քաղաքականության` ՀՀ ՔԾԽ-ի կողմից առաջարկվող հիմնադրույթների, մոտեցումների և դրանց հետ կապված ԵՄ անդամ կամ հարևան երկրներում ներդրված մեխանիզմների, դրանց գործդրման արդյունավետության վերաբերյալ: Ծավալված քննարկումներում ներկայացվեցին հետաքրքիր գաղափարներ, դիտողություններ, որոնք հաշվի են առնվելու բարեփոխումների ռազմավարությունը մշակելիս:

2009թ. ՀՀ ՔԾԽ-ի առաջարկությամբ SIGMA-ն Հայաստանում իրականացրեց քաղաքացիական ծառայության համակարգի գնահատում և կարիքների ուսումնասիրություն` պարզելու համակարգի կենսունակությունը, զարգացման հնարավոր ուղղություններն ու հեռանկարները, հանդես եկավ անկախ վերլուծությամբ ու առաջարկություններով քաղաքացիական ծառայության համակարգի բոլոր ուղղությունների վերաբերյալ:
2011թ. ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը հանդես եկավ զարգացման քաղաքականության հայեցակարգի մշակման նախաձեռնությամբ, որին SIGMA-ն ցուցաբերում է փորձագիտական ու մեթոդական աջակցություն:

Այս խորագրի վերջին նյութերը