Լրահոս

25.11.2010 13:44


ՀՀԿ պատգամավոր. «Մեր արտաքին քաղաքականությունն ու քարոզչությունն անցնում են հարձակողական ոճի»

ՀՀԿ պատգամավոր. «Մեր արտաքին քաղաքականությունն ու քարոզչությունն անցնում են հարձակողական ոճի»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն այսօր անդրադարձել է ղարաբաղյան հարցում Հայաստանի քարոզչական աշխատանքներին և ասել, որ արտաքին քաղաքականությունն ու քարոզչությունն այսուհետ բավական հարձակողական են դառնալու։

Նա նշել է, որ եթե Ադրբեջանն իր քարոզչությունը կառուցում է ստի, զրպարտության հենքի վրա, ապա հայկական կողմը դա անում է՝ հենվելով պատմական փաստերի իրականության վրա, եթե Ադրբեջանն իր ողջ քարոզչության լեյտմոտիվն է համարում պատերազմի վերսկսելու գաղափարը, ապա Հայաստանը ձգտում է հարցի խաղաղ կարգավորմանը։

-Երբ լսում եմ Ալիևի բարբաջանքները, անմիջապես ինձ պարզ է դառնում, որ այդ մարդն ադեկվատ չէ երևույթների նկատմամբ և առավել ևս չգիտի՝ ի՞նչ բան է պատերազմը։ Դրա համար նա շատ հեշտությամբ խոսում է պատերազմական գործողությունների վերսկսման մասին,-ասել է Հ. Հարությունյանը։

Հակառակ Ադրբեջանի նախագահի՝ ՀՀ նախագահն իմանալով, թե ինչ է պատերազմը՝ գիտակցում է, թե դա ինչ դժբախտություն է երկու ժողովուրդների համար, և անընդհատ կարծես սթափության կոչ է անում Ադրբեջանի նախագահին, միջազգային հանրությանը։ Սակայն տեսնելով, որ իր խաղաղասիրական այդ մոտիվներն  այդքան էլ չեն ազդում, նա վերջին ելույթներում արդեն հարձակողական, իրականության ճշգրիտ բնութագրության ոճի է դիմում։

-Հայաստանը և Արցախը երբեք զոհի կարգավիճակում չեն լինելու, այլ տալու են այն պատասխանը, որի մասին խոսել է նաև երկրի նախագահը։ Արդեն մեր արտաքին քաղաքականությունն ու քարոզչությունն անցնում են բավական հարձակողական ոճի, որը ես անձամբ ողջունում եմ և գտնում եմ, որ այդպես էլ պետք է լինի,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը