Մեկնաբանություն

17.12.2013 15:02


Թուրքիան անցել է լայնամասշտաբ գրոհի. «1in.am»–ն ու «Lragir.am»-ը՝ թուրքական լրտեսներ

Թուրքիան անցել է լայնամասշտաբ գրոհի. «1in.am»–ն ու «Lragir.am»-ը՝ թուրքական լրտեսներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հնարավոր է համարել Թուրքիայի ներգրավումը Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում։

Նկատենք, որ Ջեյմս Ուորլիքը, մեծ հաշվով, որևէ սենսացիոն բան չի ասել։ Սենսացիան տեղի է ունեցել շատ ավելի շուտ՝ 2008–ին, երբ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց «ֆուտբոլային» դիվանագիտությունը։

Հիշեցնեմ, որ Գյուլի երևանյան այցի ժամանակ Սերժ Սարգսյանը դրական էր արձագանքել Թուրքիայի նախագահի՝ Ղարաբաղի խնդրին օժանդակելու առաջարկին։ Դա լեգիտիմ մակարդակով հնարավորություն տվեց Թուրքիային ակտիվորեն ներգրավվել կոնֆլիկտի կարգավորման հարցում՝ բնականաբար, հօգուտ Ադրբեջանի։

Ասել է թե՝ ամերիկացի համանախագահն այժմ կրկնել է Սերժ Սարգսյանի խոսքերը։ Հատկապես որ Դավութօղլուի՝ օրերս կատարած այցից առաջ Բաղրամյան 26–ի հետ համագործակցող թերթերից մեկն էլ տպել էր մի ճանապարհային քարտեզ, որը ներկայացրել էր Երևանն Անկարային, և որի շրջանակներում նույնպես կար Թուրքիային Ղարաբաղում տեսնելու առաջարկ։ Ուորլիքն, ըստ այդմ, բարձրաձայնել է այն, ինչ կա։

Փաստորեն, Սերժ Սարգսյանը մնացել է «ֆուտբոլային» դիվանագիտության տակ և վերջին շրջանում, հասկանալով հանդերձ, որ Թուրքիային չի կարելի թույլ տալ խառնվել Ղարաբաղի հարցում, այդուհանդերձ չի կարողանում դիմագրավել Արևմուտքի և, մասնավորապես, ԱՄՆ–ի տարածաշրջանային օպերատոր Թուրքիայի ճնշումներին։ Այդ ճնշումների արդյունքում նախ տեղի ունեցավ Դավութօղլու–Նալբանդյան հանդիպումը Երևանում, որը միայն Թուրքիային էր ձեռնտու։ Հիմա էլ, ահա, ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարում է, թե ինչ–որ պահից սկսած՝ Թուրքիան կարող է մտնել Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթաց։

Ուշագրավ մեկ հանգամանք. Թուրքիան անցել է Հայաստանի դեմ լայնամասշտաբ գրոհի՝ այստեղ ունենալով իր ազդեցության գործակալներին ինչպես քաղաքական, այնպես էլ լրատվական դաշտում։

Հատկապես աչքի են ընկնում «1in.am» և «Lragir.am» կայքերը, որոնց վրա դրված է հետևյալ առաջադրանքը. Ղարաբաղի հարցում Թուրքիայի ներգրավման մեղքը բարդել Կրեմլի վրա այն կոդով, թե, իբր, ռուս–թուրքական ինչ–ինչ համաձայնություն կա այդ հարցում (բնականաբար, ոչ մի փաստ կամ ապացույց չի ներկայացվում, թե ինչու պետք է Հարավային Կովկասից չհեռանալու մտադրություն ունեցող, ռազմաբազան այստեղ ուժեղացնող և Ղարաբաղի հարցում Թուրքիային պաշտոնապես «պասլատ» արած ՌԴ–ն (հիշենք Պուտինի հայտարարությունը Ստամբուլում առ այն, որ հայ–թուրքական գործընթացը սխալ է շաղկապելը Ղարաբաղի հետ) Թուրքիային հրավիրի Ղարաբաղ)։

Հակահայկական դավադրության մեջ ՌԴ–ին մեղադրելու միտքը տարածվում է «կացնային» տարբերակով։ Ու քանի որ հիմա մոդա է ռուսներին հայհոյելը, հավի ուղեղովներն անմիջապես ուտում են կուտն այնպես, ինչպես ժամանակին կերել էր հայ բոլշևիկ Ղուկաս Ղուկասյանը։ Տվյալ դեպքում թուրքական կողմն առաջնորդվում է «Քանի ոչխարի էլ մեր կայքերի միջոցով Հայաստանում համոզենք, էլի քյար է» տարբերակով։

«Թուրքիային Ղարաբաղ հրավիրելու նախաձեռնությունը Մոսկվայինն է, իսկ Արևմուտքը պարզապես ուզում է վիժեցնել այդ համաձայնությունը, ու դրա համար էլ ինքը ևս Թուրքիային կանչում է Ղարաբաղ։ Ուստի, ավելի լավ է այսօր համաձայնել Թուրքիայի՝ Ղարաբաղի երկու շրջանից դուրս գալու դիմաց բաց սահման ունենալուն, քան հետագայում, Մոսկվայի ճնշմամբ, հանձնել դրանք, սակայն առանց բաց սահմանների»,– թուրքական «կոդերն» են տարածում հիշյալ կայքերը, որոնք արդեն բացահայտորեն են կատարում Թուրքիայի համար 5–րդ շարասյան ֆունկցիան։

Ուշագրավ է նաև այն, որ «1in.am» և «Lragir.am» կայքերը ներքաղաքական դաշտում սպասարկում են Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի շահերը՝ բնականաբար, «ընդդիմադիր» դիրքերից։

«Սերժ Սարգսյանը վատն է, սակայն նա, ի տարբերություն «չար» ռուսամետ ուժերի, գոնե փորձում էր ԵՄ–ի ուղղությամբ գնալ։ Նրան Կրեմլը ճնշեց, ու դա էր պատճառը, որ նա մտավ ՄՄ։ Հետևաբար, Սերժը, մյուսների համեմատ, չարյաց փոքրագույնն է, և եկեք աջակցենք նրան հակաօլիգարխիկ պայքարում»,– գեղամյանական ոճի «ընդդիմադիրություն» են անում «1in.am»–ն ու «Lragir.am» կայքերը։

Նույն «ընդդիմադիր» դիրքերից էլ թուրքական շահերը ներկայացնող այդ կայքերը բացասական են գնահատում Ղարաբաղի կարգավորման գործում Թուրքիայի ներգրավման գաղափարը, սակայն կարծում են, որ դա անխուսափելի է, ուստի առաջարկում են թուրքական կողմի հետ լեզու գտնել՝ զիջումների գնալով։ Այսինքն, կիրառվում է նույն տեխնոլոգիան, ինչ ներքին կյանքում։

Սույն կայքերի կողմից հետևողականորեն իրականացվում է ՌԴ–ի դեմոնիզացման գործընթաց։ Առաջ է քաշվել այն թեզը, ըստ որի՝ Թուրքիան վատն է, սակայն Ռուսաստանն ավելի վատն է, և հետևաբար, պետք է ընդառաջ գնալ չարյաց փոքրագույն Թուրքիայի ուղղությամբ և մի քանի շրջան հանձնելով՝ ազատվել ռուսական ազդեցությունից։

Դե ինչ, Թուրքիային կարելի է շնորհավորել, քանզի նրանց հաջողվել է լրտեսների օգնությամբ ագրեսիվ քարոզչություն իրականացնել Հայաստանի ներսում և անցնել լայնամասշտաբ գրոհի։

Եթե ԱՄՆ համանախագահի շուրթերով հնչեցված թուրքական այդ ծրագիրը կյանքի կոչվի, ապա կարող ենք արդեն խոսել Հայաստանի ու Ղարաբաղի կորստի մասին։ Այս ամենը թույլ չտալը, հետևաբար, ազգային անվտանգության խնդիր է, իսկ իշխանափոխությունը՝ այդ խնդրի լուծման բանալին։

Ինչ մնում է հինգերորդ շարասյանը, ապա դրանց ներկայացուցիչները դեռ կհասցնեն փտել ԱԱԾ–ի «պադվալներում»։ Թուրքական լրտեսներին այլ բան չի հասնում։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը