Լրահոս

17.12.2013 15:44


Գրողները դժգոհ են գրականության ՀՀ պետական մրցանակաբաշխության արդյունքներից

Գրողները դժգոհ են գրականության ՀՀ պետական մրցանակաբաշխության արդյունքներից

Այսօրվա մամուլի ասուլիսին գրող, հրապարակախոս, ՀՀ գրողների միության անդամ Բակուր Կարապետյանը և արձակագիր Էդուարդ Խաչիկյանն անդրադարձել են օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակի բովանդակությանը։

«Արդեն 13 տարի է, ինչ մրցանակները շնորհվում են ՀԳՄ նախագահի նախապես կազմած ցուցակով»,- ասված էր նամակում, որում հեղինակը ՀՀ նախագահին առաջարկում է չեղյալ հայտարարել 2013 թ. պետական մրցանակի ներկա հանձնաժողովի իրականացրած բաշխումը, ցրել այդ հանձնաժողովը, ստեղծել անկախ ու արդար հանձնաժողովի կազմ և հանձնարարել անցկացնել ներկայացված ստեղծագործությունները արդարացի և ըստ արժանվույն գնահատող նոր մրցանակաբաշխություն:

Բակուր Կարապետյանը մասնավորապես նշել է, որ վերջին տարիներին պետական ու ՀՀ նախագահի մրցանակները հատկացնում են միայն բանաստեղծներին, իսկ արձակ ստեղծագործությունները չեն գնահատվում և դուրս են մնում ուշադրությունից, պատճառը ԳՄ նախագահությունում պոետներն են:

Էդուարդ Խաչիկյանը մտահոգություն է հայտնել, որ գրականության ասպարեզում ՀՀ պետական մրցանակը տրվում է ոչ թե ստեղծագործությանը, այլ անձին՝ հեղինակին։ Ներկայացված մյուս գործերը հանձնաժողովի անդամների կողմից մնում են անտեսված։

«Եթե այսօր այդ մրցանակի համար մեծն Չարենցը ներկայացներ իր անտիպ գործերը, չէր անցնելու: Պարզապես չէին կարդալու»,- ասել է Էդ. Խաչիկյանը: Գրողները վստահ են, որ ԳՄ–ում ոչ ոքի ձեռնտու չէ նմանատիպ «ավանդույթը», սակայն ոչ ոք չի պայքարում դրա դեմ: Նրանք շեշտել են, որ ՀԳՄ անդամագրված 500 գրողների մեծամասնությունը գրողներ չեն. նրանց պարզապես անդամագրել են, որպեսզի ՀԳՄ նախագահի ընտրության ժամանակ ձայներ տան:

Այս խորագրի վերջին նյութերը