Լրահոս

17.12.2013 17:44


«Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիայի» վերաբերյալ քննարկում Թեհրանում

«Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիայի» վերաբերյալ քննարկում Թեհրանում

Դեկտեմբերի 15-ին Թեհրանի Հայ ակումբի սրահում Հայաստանի Հանրապետության դեսպանության եւ Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնի («ՀՈՒՍԿ») համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ընդունած «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիայի» 65-ամյակին նվիրված միջոցառում:

Աշխատանքային այցով Թեհրան ժամանած Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն, իր գնահատանքի խոսքն ուղղելով միջոցառման կազմակերպման համար, նշեց. «Ցեղասպանությունը յուրաքանչյուր հայի ցավն է եւ Օսմանյան կայսրության տարիներին կատարված Հայոց Ցեղասպանության ճանաչումը պարտավորեցնող հանգամանք է մարդկության համար, որպեսզի նման ոճրագործություն այլեւս չկրկնվի»:

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը ողջույնի խոսք ուղղեց հրավիրյալներին եւ անդրադարձավ կոնվենցիայի ընդունման անհրաժեշտությանն ու այդ խնդրում իրավաբան Լեմկինի անժխտելի դերին: Դեսպանը նաեւ նշեց, որ Հայոց Ցեղասպանությունը հիմնավոր փաստարկ է հանդիսացել Լեմկինի կողմից տվյալ կոնվենցիայի մշակման գործում:

Այնուհետեւ օրվա բանախոս Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի քաղաքական բաժնի անդամ, իրավագետ Սեւան Պետրոսյանը համապարփակ ներկայացրեց Ցեղասպանության կոնվենցիայի նախապատմությունը եւ անդրադարձավ Լեմկինի կատարած աշխատանքին, ինչպես նաեւ խաղաղ եւ պատերազմական պայմաններում այդ եզրույթի կիրառելիությանը: Բանախոսն անդրադարձավ նաեւ կոնվենցիայի որոշ դրույթներին եւ նշեց, որ, թեեւ կոնվենցիան հաստատվել է Հայոց Ցեղասպանությունից տարիներ անց, սակայն այն կարելի է կիրառել նաեւ Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու հարցում:

Միջոցառման ավարտին ներկաներին օրհնության խոսք ուղղեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը: Թեմակալ առաջնորդը, անդրադառնալով կոնվենցիայի կարեւորությանը, ցավով նշեց այն հանգամանքը, որ այդ կոնվենցիան ՄԱԿ-ի կողմից մարդու իրավունքների հարգման առումով կարեւորագույններից է, որը, սակայն, հաճախ չի կիրառվում, քանզի այսօր եւս աշխարհում ականատես ենք նմանօրինակ վայրագությունների:

Միջոցառմանը ներկա էին Իրանում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ եւ դիվանագիտական կորպուսի անդամներ, Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վիգեն Բաղումյանը, Թեհրանի հայոց թեմի Պատգամավորական ժողովի, Թեմական խորհրդի, Թեմակալ առաջնորդի փոխանորդ Տ. Մակար ծ. վարդապետ Աշգարյանը եւ «Ալիք» հաստատության ներկայացուցիչները:

Այս խորագրի վերջին նյութերը