Կառավարությունը գնում չի անում, բայց նվեր ընդունում է
Կառավարության այս շաբաթ նախանշված նիստի օրակարգում բավական ուշագրավ որոշման նախագիծ է ընդգրկվել: Գործադիրը որոշել է նվերներ ընդունել մասնավոր ընկերությունից, ավելի կոնկրետ` «Յունիքոմփ» ՓԲԸ-ից:
Նախագծի համաձայն՝ ընկերությունը որոշել է կառավարությանը 20 հեռախոս և 3 հեռախոսի ընդլայնման մոդուլ նվիրել: Կառավարությունն էլ մտադիր է ընդունել նվերը, ինչն էլ հենց այս նախագծի ամենատարօրինակ դրվագն է:
Բանն այն է, որ «Յունիքոմփ»-ը, ի թիվս շուրջ 20 տասնյակ այլ ընկերությունների, ընդամենը մի քանի ամիս առաջ՝ ամռանը, հայտնվել էր պարտադիր ֆինանսական աուդիտ անցած և դրական կարծիք չստացած խոշոր կազմակերպությունների ցանկում:
Այս ցանկը, հիշեցնենք, վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով հրապարակել էր Ֆինանսների նախարարությունը: Ցանկում ընդգրկված ընկերությունները ոչ միայն արժանացան կառավարության ղեկավարի խիստ քննադատական գնահատականներին, այլև կառավարության որոշմամբ՝ զրկվեցին մինչև այս տարեվերջ պետական գնումների գործընթացին մասնակցելու իրավունքից:
Հիմա, փաստերն, ստացվում է, կառավարությունը որոշել է այս ընկերությունից ոչինչ չգնել, բայց նվերներ ընդունել կարելի է:
Իսկ նվերն, ի դեպ, այնքան էլ էժանագին չէ: Այս սարքավորումներից կառավարության գրասենյակներում հիմա էլ օգտվում են: Եվ գործադիրի այս տարի ամռանն ընդունած այլ որոշման մեջ այս նույն կորպորատիվ հեռախոսների գինը տատանվում է 96-100 հազարի սահմաններում, իսկ հեռախոսի ընդլայնման մոդուլի արժեքը 150 000 դրամի կարգի է:
Այսպիսով՝ «Յունիքոմփ» ՓԲԸ-ից կառավարության ստացած նվերը շուրջ 2.5 մլն դրամ արժե:
Կառավարությունը գնում չի անում, բայց նվեր ընդունում է
Աղբյուրը՝ pastinfo.am