Լրահոս

18.12.2013 14:09


Վարդան Պետրոսյանը մեքենան վարել է արագ, եղել է ոչ սթափ վիճակում. մանրամասներ տուժող կողմից (տեսանյութ)

Վարդան Պետրոսյանը մեքենան վարել է արագ, եղել է ոչ սթափ վիճակում. մանրամասներ տուժող կողմից (տեսանյութ)

Հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի մասնակից դերասան Վարդան Պետրոսյանը մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, իսկ մեքենայի արագությունը եղել է 71կմ/ժամ արագությունից ավելի։ Այս եզրահանգմանն է եկել նույն վթարից տուժած «Նիվա» մակնիշի վարորդ Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ, Փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալոյանը:

Փաստաբանը համաձայնեց Panorama.am-ի և Aravot.am-ի թղթակիցների հետ հարցազրույցում ներկայացնել հրապարակման արժանի մի քանի հանգամանքներ:

Նախ, պատասխանելով Վարդան Պետրոսյանի կողմից վթարի ժամանակ ալկոհոլ օգտագործած լինելու կամ չլինելու մասին մեր հարցին, Բալոյանը ներկայացրեց, որ առաջին անգամ Պետրոսյանի սթափության վիճակը արտաշնչելու միջոցով ստուգվել է Եղվարդի բժշկական կենտրոնում, որտեղ կազմված արձանագրության մեջ նշվել է, որ Վարդան Պետրոսյանը գտնվում է սթափ վիճակում: Մինչդեռ տուժող կողմի ներկայացուցիչը այդ արձանագրությունը կասկածելի է համարում, քանի որ Վարդան Պետրոսյանն այդ ժամանակ առողջական ծանր վիճակում է եղել, և չէր կարող այդքան խոր փչել սթափությունը որոշող գործիքի մեջ արդյունք ունենալու համար: Եղվարդի բժշկական կենտրոնից երբ Պետրոսյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, այստեղ հերթապահ բժիշկը դերասանի հիվանդության պատմության գրքույկի առաջին էջում նշել է երկու հետևյալ նախադասությունները` «Վարդան Պետրոսյանի բերանից ալկոհոլի հոտ է գալիս», «Վարդան Պետրոսյանի վրայից ալկոհոլի հոտ է գալիս»:

Սակայն, փաստաբան Բալոյանի խոսքով, տարօրինակն այն է, որ այս երկու նախադասությունների միջև ուրիշ գրիչով դրված է հարցական 2 նշան:

«Հնարավոր չէ, որ տարբեր գրիչներով գրվեն երկու նախադասություններ, ու հետո դրվեն հարցական նշաններ», -ասաց փաստաբանը` պնդելով, որ հարցական նշաններն ավելացել են ավելի ուշ: Այդ պատճառով Ռուբեն Բալոյանը միջնորդել է, որպեսզի դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակվի.

«Եթե կբավարարվի, ավելի լավ, եթե ոչ, ապա մենք այդ հարցը առաջ կքաշենք դատաքննության ժամանակ: Բայց այն, որ Վարդան Պետրոսյանի սթափ վիճակը մեր կողմից դրվում է կասկած տակ, դա միանշանակ է», -նշեց Ռուբեն Բալոյանը:

Մանրամասները՝ panorama.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը