Լրահոս

18.12.2013 14:22


ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ. «Որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային գործընթաց»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ. «Որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային գործընթաց»

Ստեփանակերտում դեկտեմբերի 17-ի երեկոյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ շուրջ երկու ժամ տևած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, թե գյուղատնտեսության և այլ խնդիրներից բացի՝ իրենք նաև էական հարցեր են քննարկում Ղարաբաղ այցելության ժամանակ։ Այս մասին փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ըստ աղբյուրի՝ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը մասնավորապես ընդգծել է, որ իրենց այցելությունները Լեռնային Ղարաբաղ, հանդիպումները Բակո Սահակյանի հետ նշանակում են Ղարաբաղի ընդգրկումն ընթացող քննարկումներում։

«Մենք ելնում ենք նրանից, որ որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա այդ գործընթաց, որովհետև, վերջիվերջո, որոշվում է այն մարդկանց ճակատագիրը, ովքեր այստեղ ապրում են: Մենք ենթադրում ենք, որ հիմնարար սկզբունքների վրա աշխատանքների ավարտից հետո, երբ հասկանալի կլինի, թե ինչպես առաջ շարժվել այդ փուլում, կարելի կլինի քննարկել բանակցություններին վերադառնալու հարցը», - պարզաբանել է ռուսաստանցի համանախագահը՝ պատասխանելով բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցության վերաբերյալ հարցին:

Անդրադառնալով շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներին և հրադադարը պահպանելու ապարդյուն կոչերին՝ Իգոր Պոպովը հավաստիացրել է, որ այդ հարցը նույնպես քննարկում են, սակայն, իր խոսքերով, ամեն ինչ այնքան էլ լավ չէ, ինչպես ցանկանում են: «Շարունակում են մարդիկ զոհվել: Չնայած զոհերը բավականին քչացել են, բայց, այնուամենայնիվ, յուրաքանչյուր զոհ մեծ կորուստ և ցավ է», -ընդգծել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը