Մեկնաբանություն

19.12.2013 11:01


Մի բացահայտված հանցագործության խրոնիկա

Մի բացահայտված հանցագործության խրոնիկա

Տեղի է ունեցել հանցագործություն։ Ավելի ճիշտ՝ խոշոր հանցագործություն։ Մի այնպիսի հանցագործություն, որի համեմատ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցած օֆշորային մեքենայությունը մանկական չարաճճիություն կարող է թվալ։

Հանցագործությունն ամբողջությամբ բացահայտված է։ Հայտնի են հանցագործության օբյեկտն ու սուբյկետը։ Հանցագործները տվել են ու շարունակում են տալ ինքնախոստովանական ցուցմունքներ։

Խոսքս գազի գնի «ոդիսականին» է վերաբերում։

«Սերժ Սարգսյան & Co»-ն 2011թ. սկսած՝ խաբել է ՀՀ քաղաքացիներին, ՀՀ սահմանադրության և բյուջեի մասին օրենքի կոպիտ խախտմամբ՝ 300 մլն դոլարի պարտք է կուտակել ու հիմա ուզում է հետին թվով օրինական տեսք տալ հանցագործությանը։

Սերժ Սարգսյանը, փաստորեն, հերթական սուտն էր խոսում, երբ նախագահական «ֆեյք» ընտրություններին հաջորդած ինքնաասուլիսի ժամանակ հայտարարում էր, թե գազի գինը չի թանկացել։

Ակնհայտ է, որ համապետական ընտրություններին ընդառաջ՝ իշխանությունը խաբել է ՀՀ քաղաքացիներին։ Գազի գինը վաղուց փոխվել է, բայց չեն հայտարարել այդ մասին ու միևնույն ժամանակ պետական փողերն են սեփական հայեցողությամբ օգտագործել։ Իսկ հիմա, երբ ընտրական տոկոսները «խփված» են, եկել են ԱԺ և ուզում են հանցագործության մեղսակից դարձնել խորհրդարանին, ավելի ստույգ՝ ՀՀԿ–ՕԵԿ անդեմ մեծամասնությանը։

Նկատենք, որ լրագրողները սխալվում են, երբ գազի գնի այս պատմության հետ կապված՝ փորձում են տնտեսագետներից կարծիք ստանալ։ Սա բացառապես քրեագետների՛ն առնչվող հարց է։ Սակայն ակնհայտ է, որ իրավապահ մարմինները որևէ քայլ չեն ձեռնարկի, քանի դեռ Բաղրամյան 26–ում նստած է երկրի գլխավոր «գազավիկը»։ Հետևաբար, հարցն արդեն քրեագետներին էլ չի վերաբերում։ Սա քաղաքակա՛ն հարց է։

Այնպես որ, ինչպես էլ պտտվենք, միևնույն է, գալու ենք «գլխից բռնելու» տարբերակին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը