Լրահոս

19.12.2013 18:21


Կառավարությունը տրամադրել է ազատ տնտեսական գոտու շահագործման առաջին թույլտվությունը

Կառավարությունը տրամադրել է ազատ տնտեսական գոտու շահագործման առաջին թույլտվությունը

Հիմք ընդունելով «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ կողմից «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտը, Ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, ՀՀ օրենսդրությունը, կառավարությունը որոշել է նշված ՍՊԸ-ին «ՌԱՕ Մարս» տարածքում տրամադրել շահագործողի թույլտվություն` պլանշետների հավաքման և ծրագրավորման գործունեության իրականացման համար: Ընկերությունը նախատեսում է համագործակցություն հաստատել պլանշետների արտադրության ամերիկյան Minno գրասենյակի հետ, որը կստանա Հայաստանի կազմակերպության թողարկած բոլոր պլանշետները և կզբաղվի դրանց իրացմամբ և առաքմամբ: Գործունեության երեք տարվա ընթացքում արտադրության ծավալը 10 հազար պլանշետից կհասցի 50 հազարի, միավորի գինը կլինի 180 ԱՄՆ դոլար, ինքնարժեքը` 135 ԱՄՆ դոլար: Առաջին տարում արտադրություն կներդրվի 1 մլն 350 հազար ԱՄՆ դոլար, երրորդ տարում` 6 մլն 750 հազար ԱՄՆ դոլար: Բացի ներդրում ներգրավելուց ազատ տնտեսական գոտու շահագործումը հնարավորություն կտա խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

Կառավարությունը որոշել է ՀՀ կառավարության սահմանած կարգով ընտրված «Ռեյփսիդ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2013թ. դեկտեմբերի 16-ից մինչև 2014թ. ապրիլի 30-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016թ. դեկտեմբերի 16-ը: Ընկերությունը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում կառուցված և գործող բուսական յուղի և քուսպի` անասնակերի, արտադրության գործարանը վերազինել բուսական յուղի ռաֆինացման նոր, ժամանակակից սարքավորումներով, ընդլայնել արտադրության տեսականին և ծավալը: Այժմ գործարանում արտադրվում է արևածաղկի և հլածուկի էկոլոգիապես մաքուր, ոչ ռաֆինացված բուսական յուղ և քուսպ: Ձեռնարկության վերազինման համար նախատեսվում է ներդնել շուրջ 655 մլն դրամ:
Գործադիրը վեց ամսով երկարաձգել է ներդրումային մեկ այլ ծրագրով «Արմենիա վայն» ՍՊԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը, որը սպառվել է 2013թ. նոյեմբերի 30-ին: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ անհրաժեշտ սարքավորումների ներկրումը ձգձգվել է ոչ ընկերության մեղքով: Արտադրվող գինու 25 տոկոսն արտահանվում է ԱՄՆ, ՌԴ, Լիտվա, Բուլղարիա, Չեխիա, Ֆրանսիա: Այժմ հիմնվում է փրփրուն գինու (շամպայնի) արտադրություն:

Այս խորագրի վերջին նյութերը