Լրահոս

19.12.2013 18:24


Բրյուսելի կենտրոնը փակել են արհմիութենական ակտիվիստները

Բրյուսելի կենտրոնը փակել են արհմիութենական ակտիվիստները

Բրյուսելի արհմիութենական ակտիվիստները, բողոքելով ԱՄՆ–ի հետ ազատ առևտրի գոտու դեմ, փակել են քաղաքի կենտրոնական փողոցները, որտեղ գտնվում են ԵՄ ղեկավար կառույցների գրասենյակները։ «ИТАР–ТАСС»–ի փոխանցմամբ՝ բողոքավորները կրակ են վառել Եվրախորհրդի Մարմարե պալատի շենքի հարևանությամբ գտնվող պողոտայում, որտեղ տեղի է ունենալու ԵՄ գագաթաժողովը։ Գրեթե ամբողջությամբ փակվել են գլխավոր ճանապարհային հանգույցները Բրյուսելի կենտրոնում։ Ակցիային մասնակցում է մոտ 30 հազ մարդ։

ԵՄ գագաթաժողովից առաջ բողոքի ցույցեր անցկացնելու նպատակով ստեղծված «D19-20» դաշինքը, որի անվանման մեջ կոդավորված է գագաթաժողովի իրականացման ժամկետը՝ «19-20–ը դեկտեմբերի», ներառում է ավելի քան 50 արհմիություն՝ ագրարային, վարորդների, անհատ ձեռներեցների, ինչպես նաև գրողների, դերասանների, լրագրողների հասարակական կազմակերպություններ ԵՄ բոլոր 28 երկրներից։

Նշենք, որ Եվրամիության և ԱՄՆ–ի միջև արդեն 3 փուլով բանակցություններ են տեղի ունեցել ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ։ Ծրագրավորվում է դրանք ավարտել 2014–ին։ Ոստիկանությունը զգուշացրել է, որ ակցիաները պետք է ավարտվեն գագաթաժողովից առաջ. հակառակ դեպքում փողոցները մաքրելու համար համապատասխան միջոցներ կկիրառվեն։

Այս խորագրի վերջին նյութերը