Լրահոս

20.12.2013 16:30


Արմեն Ռուստամյան. «Իշխանությունը պահելու մոլուցքն է բերել մեզ այս վիճակին»

Արմեն Ռուստամյան. «Իշխանությունը պահելու մոլուցքն է բերել մեզ այս վիճակին»

ՌԴ–ի հետ գազի գնի վերաբերյալ ՀՀ կառավարության վարած բանակցություների ձևը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին զարմացնում է։

–Ասում են՝ պարտքը կուտակվել է 2011 թվականից, բայց քանի որ բանակցություններ էին ընթանում, չէինք ասում դրա մասին։ Այդ ինչպիսի՞ բանակցություններ են, այսինքն՝ պարտքը գոյանում է ոչ թե բանակցությունների արդյունքում, այլ այդ բանակցություններից հետո՞։ Ո՞վ է տեսել էսպիսի բանակցություն,–զարմանք է հայտնել Ա. Ռուստամյանը,–մենք դե՛մ ենք կառավարության այս աշխատաոճին։ Ասում են՝ ամեն ինչից իրենք տեղյակ են, ամեն ինչի լավ են տիրապետում։ Տեսանք, թե ոնց են տեղյակ։ Մի քիչ էլ բանի հաշիվ արե՛ք, էլի, էս Ազգային ժողովին։ Էդպես հո չի՞։ Ամբողջ սխալը հենս սա է, որ այս ամեն ինչն անում եք հետին թվով։ Գնացքը գնացել է, հիմա մենք եկել ենք քվեարկենք, որ սա անցնի՞։

Ա. Ռուստամյանը վստահ է, որ այս ամենի նստվածքը մնալու է մեր ժողովրդի վրա, և առկա դառն իրականությունն է՛լ ավելի է խորանալու։

–Իշխանությունները, այո՛, գաղտնի են պահել, որովհետև ընտրությունների ժամանակ էր։ Շատ պարզ տրամաբանություն է գործել՝ ո՞նց կարող էին այս ամենը բացահայտ ասեին. կազդեր ընտրությունների արդյունքների վրա։ Այսինքն, իշխանությունը պահելու ձեր մոլուցքը, որ ասում էինք՝ վերջը վա՛տ տեղ է հասցնելու, ահա դրա արդյունքներն արդեն միջազգային մասշտաբով ստանում ենք։ Սրանք այն դառը պտուղներն են, որոնք մենք ցանել ենք, հիմա սկսում ենք ուտել։ Իշխանությունը պահելու մոլուցքն է բերել մեզ այս վիճակին։ Սա՛ է, որ պետք է մեզ սթափի, հասկանանք,–ընդգծել է Ա. Ռուստամյանը։

Նա նաև ավելացրել է՝ ոչ մի իշխանություն չի հասկանում, որ եթե դու նվաստացնում ես քո ժողովրդին ներսում, քեզ էլ դրսո՛ւմ են նվաստացնում, դու ստորացնում ես քո ժողովրդին, քեզ էլ դրսո՛ւմ են նվաստացնում։

–Թումանյանն ասում էր՝ միշտ ուժեղից ուժեղը կա, իսկ ամենից ուժեղը մա՛հն է։ Իսկ մեր կառավարությանը երբ հարցնում ես՝ ո՞նց եք, ասում են՝ ուժե՛ղ ենք, հզո՛ր ենք։ Դե հզոր եք, գնացե՛ք, դուրսը հզոր եղեք, ստե՞ղ եք հզոր, ո՞ւր է ձեր հզորությունը դրսում։ Վերջը ե՞րբ պիտի լինի՝ սթափվե՛ք, հասկանա՛ք,–եզրափակել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը