Մեկնաբանություն

22.12.2013 00:41


«Ըտենց չուզողի….»

«Ըտենց չուզողի….»

…Դավիթ Հովհաննեսի ուսին տեղադրում ենք

Հովհաննես Գրիգորյանի գլուխը:

Հովհաննես Գրիգորյանը չի դիմանում Հովհաննես Դ-ի

Գարեջրախմությանն ու ածխագործուհիների հանդեպ

Անմնացորդ այրվող սիրուն (որն առնվազն ոտքի կոտրվածք է):

Իսկ Դ. Հովհաննեսը վերցնում է սանրն ու ապշում,

Ախր ինքը Հրաչյա Հովհաննիսյանի մազերն է ժառանգել,

Ախր ինքը սովետների քուչի Դավիթն է, պլպլան աչքերով,

Եվ իր պոեզիան էլ լիքն էր Տերյան-Չարենց

Հուժկու Արփա-Սեւան թունելի պես երկար ավանդույթի կարմիր թելով:

Պահ-պահ, էս ո՞ւմ լուսանկարն է՝

Ապեր, աղջիկի համար մեկ է: Ժենշչինա՜:

Չի նեղանա, եթե իրեն ամբողջությամբ խցկենք

Գնչուական խմբանկարների մեջ, պարողի դերում…

Բա որ Արեւշատը անգլերեն գրեր:

Բա որ մեր բոլոր տղերքը խոսքները մեկ արած

Անգլերեն գրեին՝

Հրաչիկ Սարուխանը Լոռվա բարբառի կարալ չտիմ անգլերենով,

Հակոբ Մովսեսը մշակութային գերմաներենով հղկած անգլերենով,

Ղուկասը սասունցու խրոխտ, թլոլ անգլերենով,

Արմեն Շեկոյանը Շիլաչու սեւշուկայական անգլերենով,

Սամվել Կոսյանը 3-րդ մասի ժարգոն անգլերենով,

Վիոլետ Գրիգորյանը Հովհաննես Գրիգորյանից սովորած անգլերենով,

Նոր սերունդը հրաշալի, մաքուր պոպ-արտ անգլերենով,

Եվ նվաստս՝ Սարի թաղի գողական անգլերենով,

Զզվեցրի, չէ՞, անգլերենով,

Ոնց որ իմ մանկության փողոցում կասեին՝

-Արա, տղե՛րք, հայ եղել եք, հայ էլ մնացեք,

Չլնեմ-չիմանամ՝ անգլերեն գրեք,

Բա մեր «Գարունը»՝ մեր ժուռնալը,

Չըլներ, հա՞:

Ըտենց ուզողի մերը…

Այս «գլուխգործոցը» պատկանում է Հայաստանի գրողների միության նորընտիր նախագահի գրչին: 1992-ի «Գարուն» ամսագիրը թերթելիս՝ տեսա Էդվարդ Միլիտոնյանի այս «չգիտեմ ինչը», որը երկար է եւ ընդամենը մի հատված ներկայացրի: Միլիտոնյանը ՀԳՄ անդամ գրչընկերների լուսանկարները նայել ու գրել է այս «չգիտեմ ինչը»:

Հիմա գրչընկերները (ոչ այս հատվածում նշված անունները) մամուլում ու եթերից բողոքում են Միլիտոնյանի գործելակերպի դեմ:

Մասնավորապես, նրանց զայրացրել է այն փաստը, որ ՀԳՄ նախագահը իր գիրքն է ներկայացրել ՀՀ Նախագահի մրցանակաբաշխությանը, եւ շուտով Սերժ Սարգսյանը նրան կհանձնի այդ մրցանակը, քանի որ հանձնաժողովը «հաղթող» է ճանաչել Միլիտոնյանի «Է» անունով գիրքը:

Մի քիչ զարմանալի է, երբ հիմա են ՀԳՄ անդամները աղմուկ բարձրացնում, հրապարակավ դժգոհում, որ մրցանակաբաշխությունը արդար չէ, որ «ավտարիտետները» հերթի են կանգնած եւ միայն նրանց են տալիս մրցանակները:

Կարծես, Միլիտոնյանին առաջին անգամ են տեսնում: Չէ՞ որ նա միշտ եղել է ՀԳՄ ղեկավար կազմում եւ ինքն էլ իր հերթին նպաստել այս խայտառակ գործընթացին:

Եվ երբ իր թեկնածությունն էր դնում ՀԳՄ նախագահի պաշտոնի համար ընտրություններում, այն ժամանակ, ինչ է, բողոքավորները չգիտեի՞ն, որ մնալու է նույն հանձնաժողովը՝ նույն արատավոր բարքերով, որի համար անաչառությունն ու արդարությունը ոչինչ են, եւ ամեն ինչ անելու են, որ հաղթի հերթի կանգնածը: Դե, այս տարի էլ Միլիտոնյանի հերթն էր:

«Վերջին տարիներին պետական ու ՀՀ Նախագահի մրցանակները հատկացնում են միայն բանաստեղծներին: Գաղտնիք ասած չեմ լինի, որ բանաստեղծների 95%-ը սովորաբար բառակույտեր են մոգոնում, թքում, կպցնում իրար, դրանք հանգավորում ու պոեզիա անվանում: Իսկ արձակ ստեղծագործությունները, որոնք մեր կյանքի հայելին են, չեն գնահատվում եւ դուրս են մնում ուշադրությունից», - «հարգարժան նախագահին» հասցեագրած իր բաց նամակում գրել է ՀԳՄ անդամ Բակուր Կարապետյանը:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին ՀՀ Նախագահի մրցանակի են արժանացել բանաստեղծներ Վարդան Հակոբյանը, Հրաչյա Թամրազյանը եւ Հենրիկ Էդոյանը, հիմա էլ՝ Է. Միլիտոնյանն ստանալու այդ մրցանակը:

Ըստ Բակուր Կարապետյանի, փաստորեն, այս մարդիկ են բառակույտեր մոգոնում, թքում-կպցնում, հանգավորում ու իրենց գրածը անվանում պոեզիա:

Նկատենք, որ ՀՀ Նախագահի մրցանակ են ստացել նաեւ արձակ գործերի հեղինակներ՝ Ռուբեն Հովսեփյանը, Ալեքսանդր Թոփչյանը, Նորայր Ադալյանը, Ռազմիկ Դավոյանը: Ի դեպ, բանաստեղծ Դավոյանը այդ մրցանակն ստացել է «Ծիտիկը ցուցահանդեսում» մանկական ժողովածուի համար:

Իսկ 2009-ին Նորայր Ադալյանը այդ մրցանակը ստացավ կանոնակարգի ակնհայտ խախտմամբ: Ըստ կանոնակարգի՝ մրցանակի ներկայացվող աշխատանքները պետք է ստեղծված լինեն վերջին երկու տարվա ընթացքում: Իսկ Ադալյանը իր «Սեւ քառակուսի կարմիր անապատում» վեպը գրել էր 1990-ականների սկզբին:

Սակայն բոլորը աչք փակեցին այս փաստի վրա եւ նրան «հաղթեցրին»: Այն ժամանակ եթե ՀԳՄ անդամները ընդվզեին այս անօրինության դեմ, ապա այսօր հանձնաժողովը, որը կազմված է նույն միության անդամներից՝ թերեւս, իրեն փոքր-ինչ ձգված կզգար եւ Միլիտոնյանի գրքի համար տոկոս չէր խփի միայն նրա համար, որ «Է»-ի հեղինակի հերթն է եւ բացի այդ՝ իրենց շեֆն է:

Բայց այն ժամանակ լռեցին բոլորը եւ միայն մրցանակաբաշխությանը մասնակցող հեղինակներից մեկը հրապարակավ խոսեց այդ մասին: Անօգուտ, քանի որ Ադալյանից առաջ մրցանակ ստացած «ավտարիտետները» պաշտպանեցին Ադալյանին: Այսպես, իրար «քոմակ» կանգնելով «հաղթում» են:

Ի դեպ, ոչ ոք չի խոսում Միլիտոնյանի գրքի մասին՝ արժեքավոր է, անարժեք է…Այդ մասին խոսք չկա:

Դատելով «Է»-ի մասին գնահատականի բացակայությունից՝ կարելի է ենթադրել, որ այն իրենից նույն «գեղարվեստական արժեքն» է ներկայացնում, ինչ վերում ներկայացված «չգիտեմ ինչը»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը