Լրահոս

23.12.2013 15:20


ՏՄՊՊՀ–ն նախազգուշացրել է մի շարք տաքսի ծառայություններին

ՏՄՊՊՀ–ն նախազգուշացրել է մի շարք տաքսի ծառայություններին

6 կմ համար սահմանված ուղեվարձով՝ ընդամենը 2 կմ. Տաքսի ծառայություններից շատերը մոլորեցնում են ուղևորներին

Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաեւ մի քանի տաքսի ծառայությունների վարքագծի վերաբերյալ դժգոհությունների հիման վրա լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել նշված ոլորտում: Տեւական ժամանակ Հանձնաժողովի մասնագետները, օգտվելով այս կամ այն տաքսի ծառայությունից, բացահայտել են խաբեության տասնյակ դեպքեր: Այսպես, մեքենաների ներսում տեղադրված տաքսոմետրի վրա, 1 կմ գին որպես կանոն նշված է 100 դրամ, իսկ ծառայության համար նվազագույն պարտադիր վճար՝ 600 դրամ, որը ենթակա է փոփոխման՝ սկսած 6 կիլոմետրից: Հարուցված վարչական վարույթի ընթացքում պարզվել է, որ ուղեւորափոխադրման ընթացքում տաքսոմետրի վրա նշված 600 դրամ նվազագույն պարտադիր վճարը փոփոխվում է՝ արդեն սկսած 2,1 կմ-ից, ինչպես օրինակ «Փինկ» տաքսի ծառայության դեպքում: Նման կերպ, Հանձնաժողովի մասնագետները պարզել են, որ, ասենք, ««Տաքսի Մանանդ», «Մեծն Կայզեր», «Էդ Ընդ Էմի» եւ «Կապոլլո» տաքսիների դեպքում նվազագույն պարտադիր վճարը 6 կմ-ի փոխարեն փոխվում է 4,1 կմ-ից: Մի շարք դեպքերում էլ ուղեւորները ընդհանրապես տեղեկացված չեն եղել տաքսի ծառայության սակագներից, քանի որ ինչպես օրինակ «Զոլոտոյ Դյուկի» դեպքում ավտոմեքենայի արտաքին մասում եւ սրահում սակագնի եւ այլ պայմանների մասին որեւէ տեղեկատվություն չի նշվել: Մեքենայի ներսում առկա չի եղել նաեւ տաքսոմետր: Ստացվում է, որ 1 կմ-ի համար սահմանված ուղեվարձը իրականում ոչ թե 100 դրամ է, ինչպես հայտարարվում է վերջինների կողմից, այլ՝ 120-ից 150 դրամ:

Սպառողին մոլորեցումը պատժելի է օրենքով Օրենքի խախտման փաստն այս դեպքում ակնհայտ է. ընկերությունների կողմից ուղեւորափոխադրման ծառայությունների մատուցման ընթացքում ծառայության արժեքի եւ բոլոր էական պայմանների վերաբերյալ լիարժեք տեղեկություններ սպառողներին չեն ներկայացվել, ինչը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում է:

Հանձնաժողովը համեմատաբար մեղմ մոտեցում դրսեւորեց՝ հաշվի առնելով որ որպես օրինախախտ, ընկերությունները առաջին անգամ են հայտնվում ՏՄՊՊՀ դիտակետում

Այնուհանդերձ, ուսումնասիրելով նաեւ միջազգային փորձը, Հանձնաժողովը գտնում է, որ, օրենսդրությամբ պետք է սահմանվեն հստակ պահանջներ, որոնք կպարտադրեն, որպեսզի տաքսի ծառայությունները լիարժեք եւ ամբողջական տեղեկատվություն տրամադրեն իրենց պատվիրատուներին: Այլապես ստացվում է, որ ծառայության արժեքը հայտարարվում է 1 կմ-ի համար 100 դրամ, սակայն այլ չհրապարակվող պայմանների հետեւանքով 1 կմ- ի գինը իրականում դառնում է շատ ավելի։

Հայաստանի տնտեսական մրցակցության

պաշտպանության պետական հանձնաժողով

Այս խորագրի վերջին նյութերը