Լրահոս

23.12.2013 16:32


Ֆրանսիայի հայ ուսանողները բողոքում են գազային պայմանագրերի դեմ

Ֆրանսիայի հայ ուսանողները բողոքում են գազային պայմանագրերի դեմ

Փարիզում սովորող մի խումբ ՀՀ քաղաքացիներ դեկտեմբերի 23-ին` առավոտյան ժամը 9:00-ին, հավաքվել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան առջև` իրենց բողոքն արտահայտելու Ազգային ժողովում այդ պահին քննարկվող գազային համաձայնագրի դեմ: Civilnet.am–ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ուսանողներից մեկի տարածած հաղորդագրությունում:

Ուսանողներին ընդունել է դեսպանի խորհրդական Լևոն Առուշանյանը, որին նրանք հանձնել են դեսպանին ուղղված իրենց դժգոհությունն արտահայտող նամակը:

Նամակում մասնավորապես ասված է. «Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վիգեն Չիտեչյանին

Մեծարգո՛ Պարոն Չիտեչյան, դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովում տեղի է ունենալու քվեարկություն Հայաստանի անկախությունը հարցականի տակ դնող պայմանագրերի վավերացման հարցով:

ՀՀ կառավարությունը որոշել է 30 տարով դառնալ ռուսական «Գազպրոմի» բաժանորդը, այսինքն՝ մոտակա 30 տարին «Գազպրոմն» է որոշելու Հայաստանում գազի արժեքը, կամ ընդհանրապես ՀՀ-ն գազ ունենա՞, թե ոչ: Հայաստանն աշխարհի ամենագազաֆիկացված երկրներից մեկն է: Գրեթե չկա տնտեսության այնպիսի ճյուղ, որտեղ գազ չօգտագործվի, և այն արտադրանքի ինքնարժեքի մեջ բավականին խոսուն բաժին չունենա: Կարիք չկա կրկնել այդ պայմանագրի աղետալի հետևանքների փաստարկները, որոնց մասին բազմիցս խոսվել է, և բոլորս քաջ տեղյակ ենք մանրամասներին: Այն լրջորեն սպառնում է ՀՀ անվտանգությանը, հակասում է ՀՀ կենսական շահերին և վտանգի տակ է դնում Հայաստանի անկախությունը։

Դիմում ենք Ձեզ՝ որպես Ֆրանսիայում ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ, փոխանցել ՀՀ կառավարությանը և Ազգային ժողովին, որ մենք՝ որպես Հայաստանի Հանրապետության ազատ, արժանապատիվ քաղաքացիներ, դեմ ենք այս պայմանագրի վավերացմանը»:

Մանրամասները՝ civilnet.am–ում

Այս խորագրի վերջին նյութերը