Լրահոս

24.12.2013 10:35


«Ըստ ամենայնի` այսօր Մոսկվայում կստորագրվի Հայաստանի՝ ՄՄ–ին միանալու ճանապարհային քարտեզը»

«Ըստ ամենայնի` այսօր Մոսկվայում կստորագրվի Հայաստանի՝ ՄՄ–ին միանալու ճանապարհային քարտեզը»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ըստ ամենայնի` այսօր Մոսկվայում կստորագրվի Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցության ճանապարհային քարտեզը: Ինչպես հայտնի է, հայկական կողմը ՄՄ-ին անդամակցության փաստաթղթերի պատրաստման հարցում դրսեւորում է աննախադեպ փութաջանություն` հարուցելով անգամ Պուտինի զարմանքը: Թեեւ, ինչպես պարզ դարձավ ճանապարհային քարտեզն առկա տեսքով ստորագրելուց հրաժարվող Ղրղըզստանի հայտարարություններից, այդ բոլոր փաստաթղթերը հայկական կողմին պարզապես հրամցվում են:

Ուղղակի, ի տարբերություն ղրղըզների, մերոնք մի քիչ ավելի արագ են կարդում, կամ էլ չեն կարդում առհասարակ, ինչպես վերջերս խոստովանեց Տիգրան Սարգսյանը` ԱԺ ամբիոնից խոստանալով ծանոթանալ իր իսկ ստորագրած փաստաթղթի բովանդակությանը:

Ամեն դեպքում, այդ ամենն արդեն հետաքրքիր չէ, քանի որ ՄՄ-ին անդամակցելու հետ կապված ամենամեծ մտավախությունը` ՀՀ-ի ինքնիշխանության կորուստը, արդեն իրականություն է: ԱԺ-ում երեկ դակված գազային համաձայնագրի 8-րդ կետով սահմանված է Հայաստանի` որպես ինքնիշխան պետության դերակատարությունը սեփական էներգետիկ համակարգի կառավարման մեջ. «Հայկական կողմի ներկայացուցիչն իրավունք ունի, որպես առանց ձայնի իրավունքի դիտորդ, ներկա գտնվել «Հայռուսգազարդ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նիստին»: Իսկ մնացածն արդեն զուտ տեխնիկայի հարց է»:

Մանրամասները` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը