Տնտեսական

24.12.2013 13:47


Վերջին 1 ամսում Հայաստան ռեկորդային քանակով ձու է ներկրվել

Վերջին 1 ամսում Հայաստան ռեկորդային քանակով ձու է ներկրվել

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչության տվյալների համաձայն՝ վերջին 1 ամսում Հայաստան է ներկրվել 7 մլն հատից ավելի ձու: «Հետք»–ը գրում է, որ սա ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի համար վերջին 15 տարվա կտրվածքով:

Համեմատության համար նշենք, որ 2012 թ. Հայաստանն ընդամենը ներկրել էր մոտ 350 հազար հատ ձու: Նախորդ տարիներին ևս մենք ձվի խոշոր ներկրող չենք հանդիսացել, իսկ մինչ 2010 թ. մեծ քանակությամբ ձու էինք արտահանում Վրաստան: Սակայն 2013 թ. ամեն ինչ փոխվեց: Ըստ նախնական տվյալների՝ տարվա ընթացքում արդեն իսկ ներկրվել է մոտ 15 մլն հատ ձու, որի մեծ մասը՝ հոկտեմբեր-նոյեմբերին:

Հայաստանն ամսական սպառում է 40-45 մլն հատ ձու, հետևաբար, ներկրումն արդեն սկսում է զգալի դերակատարում ձեռքբերել մանրածախ շուկայում: Սակայն որքան էլ տարօրինակ է՝ Երևանի մանրածախ խանութներում այդպես էլ չգտանք որևէ ձու, որի մակնշումը կվկայեր ներկրված լինելու մասին: Ամենայն հավանականությամբ՝ թռչնաբուծարանները ներկրված ձուն խառնում են տեղականների հետ ու մակնշում նույն կարգով:

Ձվի ներկրման աճը վկայում է արտադրության անկման մասին: Սակայն ազգային վիճակագրությունը միայն հոկտեմբերին «խոստովանեց», որ գոնե ամսական կտրվածքով առկա է ձվի արտադրության մոտ 20% անկում: Նախորդ ամիսներին, ըստ վիճակագրության, այդ անկումը 2-3%-ի շրջանակում էր: Ու եթե այդ երկու-երեք տոկոսանոց անկումը հիմնականում վերաբերում էր գյուղացիական փոքր տնտեսություններին, ապա հոկտեմբերի դրությամբ անկում են ցույց տալիս համարյա բոլոր թռչնաֆաբրիկաները:

Գյուղացիական տնտեսություններում ձվի արտադրության անկման պատճառով գյուղացիները ձու արտադրողի փոխարեն դառնում են ձու սպառողներ, ինչն էլ լրացուցիչ ճնշում է գործադրում սպառողական շուկայի վրա:

Մանրամասները՝ hetq.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը