Հարցազրույց

03.08.2009 16:40


Վարդան Գրիգորյան.

Վարդան Գրիգորյան.

Հարցազրույց «Ժողովրդավարական ուղի» կուսակցության փոխնախագահ Վարդան Գրիգորյանի հետ

-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը, ըստ Ձեզ, մեզ համար վտանգավոր միտումներ պարունակո՞ւմ է, թե՞ ոչ։

-Հակամարտության կարգավորման ներկայիս փուլում մեզ համար վտանգավոր տարրեր կան։ Երբ հրապարակվեց Մադրիդյան սկզբունքներ կոչեցյալ այդ փաստաթուղթը, այնտեղ չկար հայկական շահերից բխող որևէ կետ։ Ցավոք սրտի, այդ փաստաթղթում ամրագրված դրույթները չեն բխում հայ ժողովրդի, առավել ևս՝ Լեռնային Ղարաբաղի շահերից։

-Սակայն ասվում է, որ Մադրիդյան սկզբունքները, որպես այդպիսիք, դեռևս ոչինչ չեն նշանակում։ Դրանց շուրջ բանակցությունները շարունակվում են, և հնարավոր է՝ շատ բան փոխվի։

-Ես հակառակը Ձեզ կասեմ։ Ինքներդ տեսաք, որ մոսկովյան հանդիպումից հետո, երբ Սարգսյան-Ալիև զույգը նախատեսվածից բավական երկար առանձնազրույց ունեցավ, Կրակովում հանդիպեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները և այս անգամ չհրավիրեցին հակամարտող կողմերի արտաքին գործերի նախարարներին։ Եվ այդ հանդիպումից հետո շնորհակալության տարափ տեղաց՝  ուղղված Քոչարյան-Օսկանյան և Սարգսյան-Նալբանդյան զույգերին։ Ընդ որում, եռանախագահները նշեցին, որ բանակցությունները մի քիչ ավելի դժվար էին ադրբեջանական կողմի հետ, քանի որ նրանց բոլոր պահանջները բխում էին ազգային շահերից։ Ընդհանրապես, շնորհակալությունների նման տարափ լինում է, երբ ավարտին է հասցվում փաստաթղթի վերջնական տարբերակը։ Իսկ ավարտին հասցնելը, բնականաբար, նշանակում է դրա ստորագրություն։

-Ուզում եք ասել, որ կողմերը հիմնական սկզբունքների շուրջ արդեն եկե՞լ են համաձայնության։

-Ես եզրակացնում եմ, որ հիմնական սկզբունքների շուրջ կողմերը եկել են համաձայնության, և որոշակի փաստաթուղթ արդեն կա։ Եվ հիմա ինչ գործընթաց էլ որ լինի, գնալու է մեծ պայմանագրի ձևակերպման շուրջ, որը, ցավոք սրտի, կյանքի կկոչվի վերջնական ստորագրումից հետո։

-Նշեցիք, որ Մադրիդյան սկզբունքները մեզ համար վտանգավոր կետեր են պարունակում։ Ինչպե՞ս եք գնահատում այն, որ դրանք ընդունելի են Հայ ազգային կոնգրեսի Ձեր մի շարք գործընկերների կողմից։

-Ես չէի ասի, թե դրանք ընդունվում են ՀԱԿ անդամների կողմից։ Հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը, այսինքն նրանք, ովքեր որևէ շահագրգռվածություն չունեն այս իշխանություններին սվաղվելու, մերձենալու և նրանց բարեհաճությամբ մասնակցելու երկրի թալանին, որևէ գիտակից մարդ չի կարող այդ սկզբունքներին կողմ լինել։ Հավաստիացնում եմ, որ չի գտնվի ՀԱԿ որևէ անդամ, որը համաձայն կլինի  Մադրիդյան սկզբունքներին։

-Սակայն չէ՞ որ ՀԱԿ տարբեր անդամներ համաձայն են որպես փոխզիջում հանձնել առնվազն 5 ազատագրված շրջան, ինչը և ամրագրված է Մադրիդյան սկզբունքներում։

-Գիտե՞ք ինչ, ես նորից եմ ասում. յուրաքանչյուր մարդ իր սեփական դատողությունն ունի, իր սեփական մոտեցումներն ունի հայրենիքի հանդեպ։ Հայենասիրությունը պարզապես բարձրագոչ բառ չէ։ Ինձ համար ազատագրված շրջաններն իմ եղբայրների, իմ պայքարի խորհրդանիշն են։

-Մադրիդյան սկզբունքներով առաջարկվում է հակամարտության լուծման փուլային տարբերակ։ Նույն սկզբունքի կողմնակիցն էր Լևոն Տեր-Պետրոսյանը։ 1997-98թթ. այդ տարբերակը մերժվեց՝ հանգեցնելով իշխանափոխության։ Ըստ Ձեզ՝ հակամարտության կարգավորման նախկին և  ներկայիս փուլային տարբերակներում էական տարբերություն կա՞, թե՞ ոչ։ Ըստ իս, հիմիկվա ու այն ժամանակվա միջև մեկ տարբերություն կա՝ այժմ խոսվում  Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հանրաքվեի մասին։

-Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում էր հակամարտության լուծման այն տարբերակը, որն այսօր շրջանառվում է։ Հակասություններ կան 1997թ. և այսօրվա փաստաթղթերի միջև։ Իսկ այս փաստաթղթերի ամենամեծ տարբերությունն այն էր, որ 1997թ. Լևոն Տեր-Պետրոսյանի ջանքերով հայկական կողմը հասավ նրան, որ բանակցություններն ընթանան եռակողմ ձևաչափով՝ Հայաստան-Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան։ Իսկ ներկայիս իշխանությունների օրոք անգամ ԼՂՀ իշխանությունները տեղյակ չեն, թե ինչ հարցեր են քննարկվում բանակցությունների ժամանակ։

-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում արդյոք փոխվե՞լ է Լևոն Տեր-Պետրոսյանի 1997-98թթ.  դիրքորոշումը։

-Կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը մնացել է նույնը, այսինքն՝ Հայաստան պետության զարգացում, բարգավաճում և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բարեկեցության ապահովում։

-Հակամարտությունը պետք է լուծվի փոխզիջումային տարբերակով. դա ասում են բոլորը, այդ  թվում և ՀԱԿ-ը։ Դուք դեմ եք որևէ տարածք վերադարձնելուն։ Այդ դեպքում ի՞նչն եք պատրաստ զիջել։

-Մենք, կարող է պատահի, Ադրբեջանին զիջենք Նախիջևանը, բայց փոխարենը երբեք չենք զիջի Ղարաբաղը։

-Իսկ եթե ավելի իրատես լինե՞նք... Ցավոք սրտի, Նախիջևանն այսօր Ադրբեջանի կազմում է։

-Վերջիվերջո, հիշենք, որ Լեռնային Ղարաբաղի բավական  տարածքներ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ Շահումյան, Գետաշեն, Մարտունու բավական մեծ հատված։ Այսօր ադրբեջանցիք ամեն ինչ անում են, որպեսզի այդ տարածքների մասին ընդհանրապես խոսակցություն չլինի։ Թող նրանք ասեն, որ ԼՂ-ին վերադարձնում են այդ տարածքները, այդ ժամանակ մենք նրանց հետ կխոսենք։ Այդ ժամանակ միայն կքննարկենք, թե Զանգելանից կամ Ղուբաթլուից ինչ հատված կարող ենք նրանց տալ։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը