Քաղաքական

03.08.2009 16:43


Վարդան Օսկանյան. «Ես կարծում եմ ընդդիմության հիմնական թիրախը պետք է լինի այսօրվա իշխանությունը»

Վարդան Օսկանյան. «Ես կարծում եմ ընդդիմության հիմնական թիրախը պետք է լինի այսօրվա իշխանությունը»

Պատասխանելով ՀԱԿ-ի անդամ գործիչների կողմից բանավեճի հրավերի մասին հարցին Վարդան Օսկանյանը ասել է:

«Ես որևէ մեկի հետ վիճելու խնդիր չունեմ: Մեծ հաճույքով ցանկացած հարցի շուրջ կարող եմ բանավիճել, բայց այդ վիճաբանությունը ինչ-որ նպատակի պետք է ծառայի և ինքնանպատակ չպետք է լինի: Ես կարծում եմ, ընդդիմությունն այսօր պետք է վիճաբանութան հրավիրի ներկա իշխանությանը, այն մարդկանց, ովքեր բանակցում են այսօր: Իհարկե պատմության, անցյալի, նախորդ 17 տարիների շուրջ մենք կարող ենք զրուցել, և Սիվիլիթասը բազմաթիվ նման քննարկումներ անում է: Միգուցե եկող ամիսների ընթացքում կարելի է մեկ քննարկում ԼՂ հարցի շուրջ կազմակերպել, և բոլոր նրանք ովքեր ցանկանում են մասնակցել, կարող են գալ, բայց կոնկրետ հիմա իմ վիճաբանությունը ընդդիմության հետ իսկապես նպատակին չի ծառայելու: Ես կարծում եմ նրանց հիմնական թիրախը պետք է լինի այսօրվա իշխանությունը»:

Պատասխանելով այն հայտարարությանը, որ ընդդիմությունը բանակցային գործընթացի պատասխանատու է համարում նախկին նախագահին և նախկին արտգործնախարարին, Վարդան Օսկանյանն ընդգծել է, որ ամեն իշխանություն իր ժամանակահատվածի համար է պատասխանատու:

«Իշխանափոխություն է եղել: Կա նոր իշխանություն, և նրանք որոշել են շարունակել բանակցությունները այնտեղից, որտեղից մենք թողել էինք: Այսօրվա պատասխանատվությունը այսօրվա իշխանությունների վրա է, և բանավեճը իշխանության և ընդդիմության միջև պետք է լինի: Մեկ ու կես տարի է արդեն ընդդիմությունը կարծես դա չի հասկացել և նախկինների հետ է փորձում բանավիճել»:

Անդրադառնալով մադրիդյան փաստաթղթի մասին հարցին, Վարդան Օսկանյանը բացատրել է, որ ԼՂ ողջ բանակցային գործընթացում բոլոր համապարփակ լուծում ունեցող առաջարկությունները հիմնված են եղել չորս հիմնական սկզբունքների վրա: «Առաջինը ԼՂ կարգավիճակն է, երկրորդը՝ տարածքների վերադարձը, երրորդը՝ փախստականների վերադարձը և չորրորդը՝ անվտանգության երաշխիքները: Առաջին օրվանից, կրկնում եմ, բոլոր համապարփակ լուծում առաջարկող առաջարկությունները հիմնված են եղել այս սկզբունքների վրա»,- ասել է 17 ամյա բանակցային գործընթացի անմիջական մասնակից Վարդան Օսկանյանը:

«Ես վստահեցնում են ձեզ, որ հետագայում նույնը կլինի: Այսինքն, եթե մադրիդյանը տապալվի, (հիմա արդեն կրակովյանի մասին են խոսում), եթե ապագայում նոր փաստաթղթեր ի հայտ գան, դարձյալ այս չորսի վրա են հիմնվելու: Եթե հայկական կողմը իսկապես ուզում է, որ հետագա սկզբունքներում չլինեն տարածքների վերադարձի, փախստականնների վերադարձի հարցերը, այսինքն՝ մենք առաջնորդվենք «ոչ մի թիզ հող» սկզբունքով, որը սքանչելի լուծում կլիներ, այդ դեպքում Հայաստանը կամ Ղարաբաղը, կամ երկուսը միասին, որպես հայկական բանակցող կողմ, պետք է հրաժարվեն բանակցություններից: Եթե մենք բանակցում ենք, այս սկզբունքները այնտեղ լինելու են»:

Վարդան Օսկանյանը վստահեցրել է, որ այնուամենայնիվ մադրիդյան առաջարկները անհամեմատելի են նախորդ առաջարկների հետ:

«Եթե նախկինում կարգավիճակի մասով վատագույն դեպքում առաջարկվում էր բարձր ավտոնոմիա Ադրբեջանի կազմում, իսկ լավագույն դեպքում՝ հորիզոնական կապեր Ղարաբաղի և Ադրբեջանի միջև՝ ընդհանուր պետության շրջանակներում, ապա մադրիդյան սկզբունքների բովանդակությունը կոնկրետ կարգավիճակի մասով, առաջարկում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշում, որը բնականաբար նշանակում է Լեռնային Ղարաբաղի անկախություն կամ վերամիավորում Հայաստանի հետ: Այնպես որ, մադիրդյան առաջարկները անհամեմատ առավելություն ունեն, այստեղ կասկած չկա: Եվ երևի չեք կասկածում, որ ես հազվագյուտ անձանցից եմ, որ բոլորին ծանոթ եմ և կարող եմ նման համեմատական անցկացնել: Ինչ վերաբերում է մյուս սկզբունքներին՝ տարածքներ, փախստականներ և անվտանգություն, նույնը կարող եմ ասել և այստեղ, որ ձևակերպումները այնպիսին են, որ հնարավորություն են տալիս ճիշտ բանակցելու դեպքում մանրամասների շուրջ ստանալ մեզ համար բարենպաստ լուծումներ: Սկզբունքները կարևոր են իհարկե, բայց առավել կարևոր են մանրամասները, որոնք պետք է բանակցվեն: Մեզ չի հաջողվել Ադրբեջանի հետ մանրամասների շուրջ համաձայնության գալ, որովհետև այն, ինչ Ադրբեջանն էր պահանջում, մեզ համար անընդունելի էր, և այն, ինչ մենք էինք պահանջում, նրանց համար էր անընդունելի: Մենք դրել էինք մեր նշաձողը, որն ակնհայտորեն բխում էր մեր ազգային շահերից, բայց մենք չկարողացանք այդ նշաձողի շրջանակներում ինչ-որ համաձայնության գալ: Այսօր վիճաբանությունը պետք է լինի հենց այդ նշաձողի շուրջ, որովհետև այսօրվա իշխանությունները նույն մարդիկ չեն: Սերժ Սարգսյանը Քոչարյան չէ, Նալբանդյանը Օսկանյան չէ: Քաղաքականության մեջ այսօր կտրուկ փոփոխություններ կան: Ինձ հաճախ քննադատում են, որ «դուք արտաքին քաղաքականությունն եք քննադատում, բայց դուք եք եղել նախորդ տասը տարիների արտաքին գործերի նախարարը»: Այո, ես եմ եղել, բայց իշխանափոխություն է եղել: Այսօր վարվող քաղաքականությունը էապես տարբերվում է նախկինում մեր վարած քաղաքականությունից, այնպես որ տեղ կա քննադատելու: Երբ բաներ կան, որոնց հետ ես չեմ համաձայնվում, քննադատում եմ: Դրա համար այսօր ընդդիմության խնդիրը պետք է լինի պարզել, թե իշխանությունների նշաձողը որն է: Մեր նշաձողը բարձր է եղել: Մինչդեռ այսօրվա նշաձողը ինձ մոտ շատ կասկածներ է առաջացնում: Բրայզան վեց-յոթ տարածքների վերադարձի մասին է խոսում, Ալիևը ասում է, որ բացառվում է ԼՂ անկախությունը, իսկ մեր իշխանությունները լռում են: Սա է մտահոգությունը: Ընդդիմությունը սրանով պիտի մտահոգվի այսօր և իշխանությունների առաջ պետք է խնդիր դնի՝ խոսել այդ հարցերի մասին, պարզել, թե նշաձողը որն է»:

Այս խորագրի վերջին նյութերը