Լրահոս

27.12.2013 09:38


ԵՀՀ. «Մաղթենք նաև, որ մեր ժողովուրդը ի վերջո կազմակերպվի»

ԵՀՀ. «Մաղթենք նաև, որ մեր ժողովուրդը ի վերջո կազմակերպվի»

Ժամանակը շարունակում է իր անշեղ ընթացը: Մեկ տարի եւս գլորվեց պատմության գիրկը եւ մենք կրկին դիմավորում ենք մի Նոր Տարի:

Եվրոպայի Հայերի Համագումարը սրտանց շնորհավորում է Մայր Հայրենիքից մինչեւ աշխարհի չորս ծագերը ծվարած հայրենակիցների Ամանորը եւ հայ ժողովրդին մաղթում է կամք, կորով ու հաջողություն՝ հանուն բարոյական պետականություն ձեւավորելու, Սփյուռք-Հայաստան անշահախնդիր և արդյունավետ գործակցության և հայության ոտնահարված` անկապտելի իրավունքների վերականգնման: Բարեմաղթությունների մեր խոսքը շարունակելով, հավելենք. Համամարդկային մեծ զոհողությունների ու ջանքերի հակառակ, աշխարհի ղեկը դեռեւս գտնվում է անհամաձայն եւ անվստահելի ձեռքերում. պատերազմի վտանգը դամոկլյան սրի պես կախված է ամենուրեք. տեղական ու տարածաշրջանային բախումներն ու հակամարտությունները շարունակվում են առավել ուժգնությամբ:

Գալով մեր՝ հայկական, անթիվ ու անհամար չլուծված խնդիրներին, մաղթենք, որ Հայրենիքի ու Սփյուռքի մեր ժողովուրդը, որպես մեկ անբաժանելի միասնություն, մի անգամ եւս, ինչպես դա տեղի ունեցավ Արցախի ազատագրական պատերազմում, կհասնի այն անուրանալի ճշմարտության, որ առանց միահամուռ, համակողմանի պայքարի եւ առանց զոհողությունների հնարավոր չէ կերտել ազատ եւ անկաշկանդ, զարգացած եւ խոստմնալից ապագայով պետություն եւ հայրենիք: Մաղթենք նաև, որ մեր ժողովուրդը ի վերջո կազմակերպվի, ճշմարտապես ճանաչի իր ներքին եւ արտաքին բարեկամներին ու թշնամիներին եւ թույլ չտա, որ ազգ ու հայրենիք չճանաչող մի խումբ մորթապաշտ ու ստորաքարշ մարդիկ, կամ աշխարհիկ ու հոգեւոր կառույցներ կեղծ հայրենասիրության քողի տակ, կամ այլ եւ այլ պատրվակներով կասեցնեն երկրի բնականոն առաջընթացը եւ կեղծ խոստումներով թալանեն ու ստրկացնեն ժողովրդին, նրանից խլելով հայրենիքում արժանապատիվ ապագա կերտելու հույսի վերջին կտորը եւ այդպիսով հարթեն արտագաղթի ցեղասպան ճամբան: «Արաբական գարունը» եկավ ու անցավ՝ մեզ բաժին հանելով նորանոր արհավիրքներ: Սիրիայի մեր հայրենակիցները երկրորդ անգամ զրկվեցին իրենց տնից ու տեղից... նրանց մի մասը այժմ բնակություն է հաստատել Հայաստանի Հանրապետությունում, հուսանք որ ՀՀ պատասխանատու մարմինները ապահովելով նրանց կյանքն ու անհրաժեշտ կարիքները կկատարեն իրենց խոստումները եւ հայրենադարձ սիրիահայերը չեն ուսախաբվի եւ կրկին պարտավորված չեն դիմելու հայրենալքման...: Հայրենաբնակ մեր քույրերին եւ եղբայրներին մաղթենք միասնական ոգի եւ աննկուն կամք, քանզի միահամուռ ուժերով անկասկած հնարավոր է հաղթահարել բոլոր խոչընդոտները եւ կերտել ցանկալի ապագա, այնպես որ այլեւս ոչ մի հայ ստիպված չի լինելու լքել իր հայրենիքը, իր հարազատ հողը…որպեսզի մեր երկրի գարունը գա զանգով, ղողանջով եւ գարնան կանաչ հոտով ու բուրմունքով: Իսկ սփյուռքահայությանը մաղթում ենք ազգային ոգու ամրապնդում եւ իրական հայրենասիրություն, որ հայապահպանման դժվարին պայքարին զուգընթաց համակողմանիորեն սատար կանգնի հայրենաբնակ մեր ժողովրդին, մասնակից դառնա նրա արդար պահանջներին, քաղաքացիական ու մարդկային իրավունքների պաշտպանության գործում: Պախարակի թալանիչների ու ժողովրդի դժբախտության գնով հարստացած մի խումբ օլիգարխներին ու հայրենիքը ծախու առարկա դարձնողներին:

Պարզ է, որ Սփյուռքը ինքնին կանգնած է դժվարին արհավիրքների առջեւ, մի կողմից մեր երիտասարդությունը կուլ է գնում աշխարհի հսկա խառնարանի մեջ, իսկ մյուս կողմից այս թվին ավելանում է հայրենիքը լքած նոր ընտանիքներ եւ երիտասարդներ՝ նոր սփյուռքահայեր, որոնց սպասում է նույն ցավալի ճակատագիրը: Ամանորի սեմին մաղթենք, որ Հայաստանի Հանրապետության ղեկը այսօր իրենց ձեռքում պահող իշխանավորները գիտակցեն, որ իրենց կատարած ու կատարելիք բոլոր քայլերի համար պատասխանատու են ո’չ միայն հայաստանաբնակ ժողովրդի, այլ ողջ հայության առջեւ՝ հատկապես երբ օրակարգի վրա է Հայաստանի ինքնիշխանությունը, անվտանգությունն ու հայկական ոտնահարված իրավունքների հարցը: Գիտակցություն ենք մաղթում, որովհետեւ 2009թ.-ից, ՀՀ- Թուրքիա տապալված արձանագրություններով, սկսած ՀՀ իշխանությունները հերթականորեն շարունակում են կամայական որոշումներ կայացնել Հայաստանի Հանրապետության և համայն հայության վերաբերող ճակատագրական հարցերի նկատմամբ, առանց քննարկումների, առանց լիարժեք բացատրություններ ներկայացնելու ՀՀ Ազգային ժողովին եւ պետական այլ կառույցներին ու հանրությանը, ինչը ՀՀ վերնախավի և հայրենաբնակ ժողովրդի միջեւ ահագնացող անվստահության ու խորացող անդունդի գոյացման պատճառ է դարձել: Վերջապես մաղթում ենք, որ Հայաստան- Սփյուռք հարաբերություններում գերիշխող դառնա իրավախոհությունը և բարոյական սկզբունքները, վերջակետ դրվի այդ հարաբերություններում ցուցադրական մեդալաբաշխումներին ու շահադիտական գովասանքներին` անգո կամ աննշան հաջողությունների համար: Մաղթենք, որ յուրաքանչյուրս գիտակցելով հայրենիքի հանդեպ մեր պարտականությունը այնպես անենք, որ ոչ մի թշնամի այլեւս չհանդգնի ոտնձգություն կատարել նրա նկատմամբ:

Եվրոպայի Հայերի Համագումարը ցանկանում է, որ 2014թ. լինի վճռական փոփոխությունների տարի, այն է՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում խորքային եւ ներդաշնակ գործունեություն, երկրում կործանարար կոռուպցիայի եւ մենաշնորհյալ քրեատնտեսական համակարգի անհետացում, դատաիրավական համակարգի ինքնուրույն եւ արդար գործունեություն եւ իշխանություն-հասարակություն անմիջական եւ թափանցիկ դաշտի ստեղծում: Հայ ժողովուրդը պատմության ընթացքում շատ արհավիրքների միջից է անցել ու հաղթական դուրս եկել, այս անգամ եւս վստահ ենք, որ կհաղթի մեր միասնակամությունը, հավերժության տանող ներքին մեր ձգտումը եւ հավաքական իմաստությունը:

Աշխարհին մաղթում ենք խաղաղություն եւ կայունություն, իսկ մեր հայրենակիցներին ամուր ու աննկուն կամք, առողջություն, խաղաղություն, երջանկություն, ցանկությունների և արդար պահանջների իրականացման տարի:

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Այս խորագրի վերջին նյութերը