Մեկնաբանություն

27.12.2013 22:35


Իրոք, որ ծափահարում են սրիկաներին

Իրոք, որ ծափահարում են սրիկաներին

Երբ վարչապետ Տիգրան Սարգսյանի «տարեվերջյան մեծ ասուլիսից» հետո ներկա լրագրողները բուռն ծափահարում են՝ հասկանում ես, որ լսարանը ծափահարում է կեղծ լոզունգներին, վաճառքի հանված իդեալներին, վարկաբեկված պատմությանն ու երեսպաշտ վարդապետների իրականությանը:

Պուտինի 4 ժամյա ասուլիսի ժամանակահատվածը գերազանցելու նպատակադրումով ասուլիսային ցուցք հրավիրող Տիգրան Սարգսյանն, անշուշտ, ինքնուրույն չէր կարող որոշել այդքան «տարողունակ» հանդիպման հարցը:

Այն պետք է հրավիրեր Սերժ Սարգսյանը, ով, ավաղ, այդ ժամանակը չէր ձգելու մի պարզ պատճառով: Կեսից քնելու էր: Եվ ուրեմն, որոշվել էր լրագրողների հետ «մեծ ասուլիսի» հերոսի դերում հանդես գալու «պատիվը» փոխանցել Տիգրան Սարգսյանին:

Մանավանդ, երբ ամեն ինչ հստակեցված ու ճշգրտված էր մանրամասնորեն՝ հարցերի բովանդակությունից մինչեւ բուռն ծափահարություններ:

Առաջարկում եմ, այդ ասուլիսին ներկա լրատվամիջոցների ներկայացուցիչներին արժանացնել հերոսի կոչման՝ աշխարհում ամենաերկար դասախոսությունը համբերատար, եւ անգամ՝ վարչապետի բոլոր հայտարարություններին դրականորեն գլխի տըմտըմբոցներով արձագանքելու համար:

Ասուլիսի մթնոլորտը հիշեցրեց անցած վեց տարիների կառավարության նիստերը, որոնց ժամանակ Տիգրան Սարգսյանը բոլորին բացատրում էր իր «ազգափրկիչ» ռեֆորմների «արդյունավետությունը»: Եվ պատահական չէր, որ այսօր դիմելով լրագրողական լսարանին, վարչապետն ասում էր՝ «Հարգելի գործընկերներ»:

Այսինքն՝ մարդն իրեն զգում էր այնպես, ինչպես կառավարության նիստերի ժամանակ, երբ նախարարներին դիմում է նույն կերպ:

Իսկ ինչով էր տարբերվում այսօրվա լսարանը կառավարության նիստի լսարանից:

Ոչնչով: Քանզի լրագրողներն էլ նախարարների նման հլու-հնազանդ լսում էին Տիգրան Սարգսյանի «դարակազմիկ» բացատրությունները: Եվ ոչ մի առարկություն՝ ինչպես կառավարության նիստի ժամանակ: Ինչպես Տիգրան Սարգսյանը քանիցս արտաբերեց բառը՝ «ավելնորդ», հետեւաբար՝ «ավելնորդ» հակաճառություններն ու առարկությունները նախապես բացառված էին:

Պարզվեց, այս ամբողջ բուֆոնադը կազմակերպվել էր մեկ նպատակով: Եվ այդ նպատակը բացահայտվեց ասուլիսի մեկնարկից երկուսուկես ժամ հետո միայն (լավ էին բեմադրել, խոսք չկա):

Կայքերից մեկի լրագրողը «հանկարծ» հիշեց, որ Տիգրան Սարգայանը ներգրավված է «օֆշորային սկանդալում» եւ հետաքրքվեց այն թեմայի մասին, ինչը հարցի տեսքով նրան շարադրել էին կառավարության մամուլի ծառայությունից:

Ուշագրավ էր, «հարցը» լսելուց հետո Տիգրան Սարգսյանի դեմքի զվարթ արտահայտությունը:

Վերջապե՜ս, եկավ պահը որ ինքը կարող է քար նետել թշնամու բոստանը եւ իրեն «սրբացված» զգալ:

«Այդ կինը, որը Կիպրոսում իմ անունով ձեռնարկություն է գրանցել, հենց այդ նույն կինը Կիպրոսում ձեռնարկություն է գրանցել նաև մահացած մարդկանց անունով: Ինձ համար հետաքրքիր է, թե պարոն Օսկանյանն ի՞նչ բացատրություններ կտա` արդյո՞ք սա նրա համար նույնպես անսպասելի տեղեկատվություն է, թե՞ այս տեղեկատվության աղբյուրների հիմքում հենց ինքն է կանգնած»,- հայտարարեց Տիգրան Սարգսյանը՝ որսալով հարց տվողի «պասը»:

Այնքա՜ն «զռռաց» հարցի ու պատասխանի բեմադրությունը, որ բացի նողկանքից՝ այլ բան չէր կարող առաջացնել:

Իրոք, որ ծափահարում են սրիկաներին…

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը