Մեկնաբանություն

29.12.2013 14:00


Խոսում և ցուցադրում է Սերժ Սարգսյանը

Խոսում և ցուցադրում է Սերժ Սարգսյանը

Սերժ Սարգսյանը, թերևս, աշխարհի ամենաչխոսկան նախագահներից է։ Նա քիչ է խոսում, քանզի գիտի, որ եթե բերանը բացեց, ապա մի «լյափսուս» կտա ու խիարը թարս կբուսնի։

Մինչև նախագահի աթոռին հայտնվելը նա չէր խոսում, որպեսզի խելացի մարդու տպավորություն թողնի։ Ոմանք այդ «կուտը» կերել էին։ Երբ նա խոսեց, բոլորը տեսան, որ թագավորը մերկ է։

Իր մերկության մասին Սերժն էլ գիտի։ Դա է պատճառը, որ ստեղծվել է ստի ու կեղծիքի ստեղծմամբ ու տարածմամբ զբաղվող գեբելսյան քարոզչամեքենա, որի խնդիրն է ասել այն, ինչ կա Սերժի մտքում, բայց չկա լեզվի վրա։ Բացի այդ՝ գեբելսյան քարոզչամեքենան լրացնում է այն բացը, որն առաջանում է ՀՀԿ ղեկավարի բացակա ներկայության արդյունքում։

Սերժի փոխարեն խոսում են Բաղրամյան 26–ի տակ գործող «անկախ» լրատվամիջոցները, վճարովի «փորձագետները», «արևմտամետները», «ռուսամետները», «թուրքագետները», սազանդարի դեր կատարող «մտավորականները»։ Մի խոսքով, խոսում են բոլորը, բացի Սերժից, բայց տպավորությունն այնպիսին է, որ խոսում և ցուցադրում է Սերժ Սարգսյանը։ Նրան էլ, հետևաբար, պատկանում են այս տարվա բոլոր հակամրցանակները։

Եվ այսպես.

– Տարվա «արևմտամետը» Սերժ Սարգսյանն է՝ իր ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի բանակցված ու ավարտված համաձայնագրով, ինչպես նաև եվրաօլուխ Ֆյուլեի հետ պաչ–պռոշտիներով։

– Տարվա «ռուսամետը» Սերժ Սարգսյանն է՝ իր Մաքսային միություն մտնելու, Գյուլիստանի պայմանագրի վկա դառնալու և Պուտինին անսահմանորեն քծնելու վարքագծով։

– Տարվա «անտեսանելի մարդը» կրկին Սերժ Սարգսյանն է՝ պարբերաբար հայ ժողովրդի տեսադաշտից կորելու իր հատկությամբ (Բադեն Բադեն և Մոնտե Կառլո «պետական» այցերի ընթացքում),

– Տարվա «մենախոսը» դարձյալ ՀՀԿ «ճկուն» ղեկավարն է՝ իր ինքնաասուլիս կազմակերպելու «նախաձեռնողականությամբ»։

Եվ վերջապես, Սերժ Սարգսյանին կարելի է տալ տարվա «քնած մարդ»՝ բառիս բուն և փոխաբերական իմաստներով։

Սերժ Սարգսյանը չունի, սակայն, գլխավոր մրցանակը, այն է՝ «տարվա հեռացածը»։ Բայց սա այն մրցանակներից է, որը ոչ թե ինքն է իրեն նվիրելու, այլ ՀՀ քաղաքացիները։

Եվ ուրեմն, գալիք տարին առանց խոզի բդի ու Սերժ Սարգսյանի (Սերժ որ ասում ենք, «Արուսը», այսինքն՝ օֆշորի Տիկոն հետն է)։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը