Լրահոս

30.12.2013 00:08


Հայ Ազգի ճակատագրով մտահոգ հայրենակիցներին

Հայ Ազգի ճակատագրով մտահոգ հայրենակիցներին

Ամփոփելով և իմի բերելով անցնող 2013 թվականը մեր կազմակերպության` Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ գործունեության արդյունքները, ուրախությամբ պետք է նշեմ, որ եվրոպահայության միասնական աշխատանքի շնորհիվ գրանցեցինք մեծաքանակ հաղթանակներ մեր կողմից ծրագրված տարբեր ոլորտներում:

Հատկապես ցանկանում եմ նշել Հայ Ազգի հանդեպ իրականացված Մշակութային ցեղասպանության խնդիրների արծարծումը և դրանց մասին բարձրաձայնումը միջազգային տարաբնույթ կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումների ժամանակ: Այնուհետև ԵՀՄՖ-ն սահմանեց նաև «սպիտակ ջարդ» եզրը նոր մեկնաբանությամբ` պիտակելով այն գործընթացը, որն իրականանում է Հայաստանում և աննախադեպ ուժգնացել է հատկապես վերջին տարվա ժամանակահատվածում. խոսքը արդարադատության բացառիկ բացակայության, կոռուպցիայի, ՀՀ քաղաքացիների նկատմամբ ծայրահեղ ցինիզմի, անձնական շահերի համար երկիրը շահագործելու ու այլ ծայրահեղ դրսևորումներ ստացած գործընթացների արդյունքում Հայրենիքը ստիպողաբար լքելու, արհավիրքի չափերի հասած արտագաղթի մասին է: ԵՀՄՖ-ն հսկայածավալ և անհանդուրժողական պայքար է սկսել ՀՀ վարչակազմի դեմ վերոհիշյալ “սպիտակ ջարդը” կասեցնելու նպատակով:

Տարին նշանակալից էր նաև իմ և նախագահության անդամների բազմաթիվ ճամփորդություններով` դեպի եվրոպահայ գաղութներ, որտեղ հաճելիորեն արժանացանք ջերմ ընդունելությունների: Խիստ կարևորում եմ այն հանգամանքը, որ այդ հանդիպումների արդյունքում բազմաթիվ հայրենասեր հայորդիներ և նոր ձևավորված համայնքներ մաս կազմեցին ԵՀՄՖ-ին: Սեպտեմբեր ամսին Եվրոպայի 25 երկրներից ժամանած պատվիրակների մասնակցությամբ կազմակերպվեց ԵՀՄՖ 15-ամյա գործունեությանը նվիրված հոբելյանական Համագումար, որի արդյունքում հիմք դրվեց ՀՀ-ում իշխանափոխության համար պայքարելու նոր գործընթացին` արտերկրում ապրող հայերի մասնակցությամբ: Այդ նպատակով խիստ կարևորվեց համաշխարհային հայության բոլոր կարող ուժերին “Համահայկական Միասնական Ճակատի” դրոշի ներքո միավորելու գաղափարը: 2013 թվականը ԵՀՄՖ-ին տվեց բազում նոր անուններ, մարդիկ, ովքեր իրենց քրտնաջան աշխատանքով ու Հայրենիքին մատուցած ծառայություններով փորձում են նոր խոսք բերել աշխարհասփյուռ հայության շահերի պաշտպանության գործում:

Սիրելի Քույրեր և Եղբայրներ,

Թող որ 2014 թվականի նորամուտը ազդարարող զանգերը սկիզբ դառնան քաղաքական և տնտեսական ոլորտներում Հայ Ժողովրդի նորանոր Մեծ Հաղթանակների համար: Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորել հոգևոր կյանքով ապրող ու պայքարի ելած մտավորականության, նոր ձևավորված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ժողովրդին ծառայելու գործին նվիրված ազնիվ հոգևորականների, Հայոց Ազգային Բանակի զինվորների և սպաների, ինչպես նաև անխոջ աշխատանքով երկիրը շենացնող Հայ Ժողովրդի ու աշխարհասփյուռ հայության Ամանորը և Սուրբ Ծնունդը:

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի

Նախագահ, դոկ. Աշոտ Գրիգորյան

Սլովակիա, Բրատիսլավա

Այս խորագրի վերջին նյութերը