Լրահոս

03.01.2014 13:11


2013թ. հրդեհների թիվն աճել է 190 դեպքով

2013թ. հրդեհների թիվն աճել է 190 դեպքով

2013 թվականի 11 ամիսների ընթացքում ՊՀ և ՏԱ տեսչության կողմից հաշվառվել է 1477 հրդեհ` շուրջ 492 միլիոն դրամի նյութական վնասով: Այս մասին «7օր»–ը տեղեկացել է ՀՀ ԱԻՆ–ից։

Հրդեհներից զոհվել է 9, վնասվածքներ ստացել՝ 28 մարդ: Ոչնչացել է 37 շինություն, 42 միավոր ավտոտրանսպորտ, շուրջ 1642 տոննա անասնակեր:

2012թ.-ի նույն ժամանակահատվածում հաշվառվել էր 1287 հրդեհ` շուրջ 441 միլիոն դրամի նյութական վնասով, հրդեհներից զոհվել էր 12 և վնասվածքներ ստացել` 233 մարդ: Այսպիսով, հրդեհների քանակն աճել է 190 դեպքով (14.7%), իսկ նյութական վնասի գումարը նվազել է շուրջ 51 միլիոն դրամով (11.4%): Զոհերի թիվը նվազել է 3-ով (25%), իսկ վնասվածք ստացածներինը՝ 205-ով (88%):

Հրդեհների քանակը նվազել է Լոռու, Արարատի և Շիրակի մարզերում, իսկ աճել` Երևան քաղաքում և Տավուշի, Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի, Սյունիքի, Արմավիրի ու Գեղարքունիքի մարզերում:

Զոհերով հրդեհներ են գրանցվել հետևյալ տարածաշրջաններում` Շիրակ` 5, Գեղարքունիք՝ 2, ք. Երևան և Արմավիր` մեկական: Դրանց առաջացման պատճառներն են կրակի հետ անզգույշ վարվելը, անզգուշությունը ծխելուց, վառարանների և էլեկտրական սարքավորումների տեղակայման ու շահագործման կանոնների խախտումը: Զոհվածներից 4-ը` տարեցներ են (70 տարեկանից բարձր): Զոհերի զգալի մասը՝ 6-ը, գրանցվել է բնակելի հատվածում:

Վնասվածքներով հրդեհներ են գրանցվել հետևյալ տարածաշրջաններում` ք.Երևան՝ 12, Արարատ՝ 5, Արմավիր` 4, Շիրակ՝ 3, Արագածոտն՝ 2, Կոտայք և Սյունիք` մեկական: Դրանց առաջացման պատճառներն են կրակի հետ անզգույշ վարվելը, էլեկտրական ու գազով գործող սարքավորումների տեղակայման և շահագործման կանոնների խախտումը, անզգուշությունը ծխելուց, վառելանյութի արտահոսքը և պայթյունը: Վնասվածքներ ստացածներից 2-ը երեխաներ են, իսկ 5-ը` տարեցներ: Վնասվածքների կեսից ավելին` 16-ը, արձանագրվել է բնակելի հատվածում:

Հրդեհների առաջացման հիմնական պատճառներն են կրակի հետ անզգույշ վարվելը` 51.5%, էլեկտրական սարքավորումների տեղակայման և շահագործման կանոնների խախտումը` 20.8%, կրակի հետ երեխաների խաղալը` 12.7 %, վառարանների տեղակայման և շահագործման կանոնների խախտումը` 2.2%, հրկիզումները` 1.4% և այլ պատճառները` 11.4%:

Հրդեհների 53.7%-ն արձանագրվել է քաղաքային, իսկ 46.3%-ը` գյուղական բնակավայրերում: Հրդեհների 39.2%-ը տեղի է ունեցել բաց և խոտածածկ տարածքներում, 35.9%-ը՝ բնակելի հատվածում, 10.1%-ը՝ ավտոմեքենաներում, 3.2%-ը՝ առևտրի, հանրային սննդի ու սպասարկման օբյեկտներում, 1.1%-ը՝ ավտոտնակներում, 1.1%-ը՝ արտադրական շենքերում, իսկ 9.4%-ը՝ այլ նշանակության օբյեկտներում:

Տեսչության տարածքային մարմինների կողմից կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին 297 որոշում, որոնց օրինականությունը ստուգվել է համապատասխան տարածաշրջանների դատախազությունների կողմից: Գրանցվել է խոշոր հրդեհի 60 դեպք, որոնցից պատճառված նյութական վնասի գումարը կազմել է շուրջ 339 միլիոն դրամ (ընդհանուր նյութական վնասի գումարի 68.9%-ը):

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը