Մեկնաբանություն

06.01.2014 20:25


Սրբազան ավազակաորջը և դրա սպասավորները

Սրբազան ավազակաորջը և դրա սպասավորները

Երբ իշխանությունը փորձում է «կրոնական» երանգ ստանալ, հասարակությունը հայտնվում է խավարի մեջ։ Այս կանոնը գործում է բոլոր ժամանակներում ու բոլոր պետությունների համար։

10 մարդու դիակի վրայով նախագահի աթոռին հասած Սերժ Սարգսյանն ամեն կերպ ուզում է ցույց տալ, որ հոգևոր մարդ է և Աստծո ծառա է։ Մեր երկիրն աճուրդի հանող և պետական կառավարումը «ղումար» խաղալու հետ շփոթող այդ մարդը ցուցադրաբար խաչակնքվելով ուզում է ցույց տալ, թե իբր բարի է ու հոգու խորքում մարդասեր (ի դեպ, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդանիկն էլ էր «կրոնական» շեղվածությամբ ասպատակում հայրաքաղաքը)։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի սիամական երկվորյակի վերածված Տիգրան Սարգսյանին (ոչինչ չի միավորում մարդկանց այնպես, ինչպես համատեղ գործած հանցանքը), ապա նրա միակ «բարեփոխումը» մեռելոցները կանոնավոր կերպով նշելն է։

Սերժ Սարգսյանին ու Տիգրան Սարգսյանին այլ բան չի մնացել, քան տերտերապետություն կառուցելը, որտեղ թալանին ու «ատկատին» տրվում է «հոգևոր» նշանակություն։

Սրանք Աստծո անունը տալով վերջին հինգ տարիների ընթացքում «Հայկական աշխարհ» ուղարկեցին շուրջ 300 հազ. ՀՀ քաղաքացու, արտաքին քաղաքական դաշտում Հայաստանը վերածեցին ֆուտբոլի գնդակի, «արևմտամետ» խաղացին ու հայտնվեցին Գյուլիստանում։ Դրանից հետո բնական է, որ պետք է հեռուստաէկրաններից մեզ հայտնվեն «երկրային սրբերի» տեսքով։ Սրբազան ավազակաորջը հենց այդպիսի խաղի կանոններ ունի։

Այսօր պարզվեց, որ սրբազան ավազակաորջը նաև սպասավորներ ունի ի դեմս դերասանների, որոնց վերապահված է ավազակաորջի մենեջերի գլխավերևում «զոնտիկ» պահելու ֆունկցիան։

Դերասաններն էլ են Զորի Գայկովիչի պես արարողակարգային ատրիբուտների վերածվել։ Տարբերությունն այն է, որ «ծովահենը» նամակ–քծնանք է գրում Պուտինին և տրջիկ տալիս իշխանական քեֆերի ժամանակ։ Իսկ ահա սպասավոր–դերասանները չեն արժանացել Գայկովիչի բախտին ու առայժմ բավարարվում են «զոնտիկ» բռնելով։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը