Մեկնաբանություն

06.01.2014 21:40


«Խոսքի ազատության» գինը

«Խոսքի ազատության» գինը

Ձախողվելով արտաքին ու ներքին քաղաքական ոլորտներում՝ իշխանությունները, որպես ձեռքբերում, փորձում են ներկայացնել «խոսքի ազատության աննախադեպ ցուցանիշները»։

Իսկ կա՞ արդյոք «աննախադեպ ցուցանիշ»։

Եթե հաշվի առնենք ինտերնետ տիրույթում առկա անկախության առանձին կղզյակներն ու սոցիալական ցանցերում հնչող առանձին տեսակետները, ապա կարող ենք խոսել ԶԼՄ դաշտի առանձին վերցրած մասում խոսքի ազատության դրսևորման մասին, բայց դա ոչ թե շնորհիվ իշխանության է եղել, այլ «Արմենթելի», «Վիվասելի» ու «Օրանժի», ինչպես նաև մյուս կազմակերպությունների, որոնք մատչելի ու արագ ինտերնետ կապ են ապահովել։

Այո՛, մեզանում կան իշխանություններից անկախ գործող լրատվամիջոցներ, բայց դրանք միշտ էլ եղել են, ընդ որում՝ լուրջ քանակի։

Բոլոր իշխանություններն էլ փորձել են լրատվական դաշտի վրա ամբողջական վերահսկողություն սահմանել։ Բայց եթե նախկինում իշխանություն–ընդդիմադիր մամուլ պայքարը գաղափարական հենքի վրա էր և երբեմն ունենում էր կոշտ դրսևորում, ապա այժմ մամուլ–իշխանություն հարաբերությունները կոմերցիալիզացիայի են ենթարկվել։ Իշխանությունը որոշեց ոչ թե գաղափարական պայքար մղել ընդդիմախոսների դեմ, այլ պարզապես գնել նրանց։ Շատերը չդիմացան գայթակղությանն ու «պուտանկեքի» պես տրվեցին։

Հիմա իշխանությունից իրապես անկախ գործող լրատվամիջոցներին մատների վրա կարելի է հաշվել։ «Անկախ» կամ «ընդդիմադիր» պիտակի տակ գործող բազմաթիվ լրատվամիջոցներ պարզապես Գեղամյանի ֆունկցիա են կատարում։

Եթե նախորդ իշխանությունների օրոք կար կոշտ դիմակայություն ընդդիմադիր տրամադրված լրատվամիջոցների և իշխանության միջև, ապա 2008ից հետո դիմակայությանը փոխարինելու եկավ մանրամեծածախ առուծախը։

Նախկինում «թունդ ընդդիմադիր» դիրքորոշում ունեցողների ճնշող մեծամասնությունը պարզապես վաճառվեց ՀՀԿ–ի ղեկավարությանը։ Ճիշտ է, այդ լրատվամիջոցները պարբերաբար քննադատում են իրենց տերերին, բայց որոշակի կոդերի շրջանակներում։

Ընդդիմադիր անտուրաժն «անկախներին» պետք է իշխանության հիմնական հակառակորդների դեմ պայքարելու համար։

Եթե մամուլի ոլորտում աննախադեպ ցուցանիշներ էլ գրանցվել են Հայաստանում, ապա դա աննախադեպ հաճախորդացումն է, որին ենթարկվել է հին ու նորաստեղծ լրատվամիջոցների մեծ մասը («Lragir.am», «1in.am» և այլն)։

Ինչ վերաբերում է հեռուստատեսային դաշտին, ապա եթե նախկինում այն նախագահական նստավայրի կողմից վերահսկվում էր զուտ քաղաքական առումով, ապա այժմ քաղաքականին գումարվել է նաև ֆինանսականը։ Նախագահական նստավայրից դարձել են ոչ միայն մի շարք հեռուստաընկերությունների վերահսկիչները, այլև փայատերերն ու ամբողջական սեփականատերերը՝ հընթացս տեր կանգնելով գովազդային գումարներին և մենաշնորհային վիճակ ստեղծելով այդ շուկայում։

Իշխանական վերահսկողությունից դուրս գործող հատուկենտ լրատվամիջոցները գործում են ի հեճուկս «բարեշրջիչների»։ Այսինքն, ոչ թե Սերժ և Տիգրան Սարգսյաններն են հանդուրժող և թույլ են տալիս իրական քննադատություն, այլ քաղաքական դաշտում առկա ուժերի բալանսն է այնպիսին, որ նրանք չեն կարող ամբողջական ոչնչացման ենթարկել լրատվական դաշտը։

Այնպես որ, «խոսքի ազատության աննախադեպ ցուցանիշների» մասին խոսելն առնվազն դեմագոգիա է։ Չի կարող քաղաքական մենաշնորհի ու տնտեսության կենտրոնացման քաղաքականության պայմաններում խոսքի ազատությունն «աննախադեպ ցուցանիշներ» արձանագրել։ Նման «աննախադեպ ցուցանիշներ» կային նաև բոլշևիկների օրոք։ Տեսանք, թե վերջում ինչ եղավ։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ի համեմատ Քոչարյանի ու Տեր–Պետրոսյանի կառավարման ժամանակաշրջանի` Սարգսյանի օրոք բացահայտ ու թաքնված իշխանամետ լրագրողների ու լրատվական դաշտում «մուտիլովկաներով» զբաղվողների կյանքն աննախադեպ բարելավման է ենթարկվել։ Բայց հաճախորդները պետք է իմանան, որ վարձատրվում են Հայաստանի տնտեսական անկման, աղքատության աճի ու սարսափելի չափերի հասնող արտագաղթի գնով։ Իսկ դա նշանակում է, որ գեբելսյան քարոզչամեքենայի շրջանակներում աշխատողները հավասարապես պատասխանատու են Հայաստանի հետընթացի համար։

Ի դեպ, ներկա վիճակն աննախադեպ է նաև այդ տեսանկյունից։ Լրագրողները, առանձին բացառություններով, երբեք մեղսակից չեն եղել իշխանության վատ գործերին։ Հիմա «անկախները» առավոտից երեկո փաստաբանություն են անում իշխանության հանցագործություններին՝ «արևմտամետության», «քաղաքացիականության» և նմանատիպ այլ դեմագոգիկ «գաղափարների» հետևում թաքնվելով։

Այս խորագրի վերջին նյութերը