Մեկնաբանություն

08.01.2014 20:50


«Հռոմի պապից ավելի կաթոլիկներ» կուսակցությունը

«Հռոմի պապից ավելի կաթոլիկներ» կուսակցությունը

Հայաստանում գրանցված տասնյակ կուսակցությունների կողքին գործում է նաև «Հռոմի պապից ավելի կաթոլիկներ» կուսակցությունը, որն ամենաբազմաշերտն է եղածների մեջ։ Այդ կուսակցության անդամները տարալուծված են տարբեր և երբեմն իրար հակադիր քաղաքական ուժերի մեջ։ Նրանց հանդիպում ենք նաև այսպես կոչված քաղաքացիական ակտիվիստների շրջանում։

«Հռոմի պապից ավելի կաթոլիկները» հիմնականում Բաղրամյան 26–ի տակ աշխատող «դհոլներ» են։ Այդ «կուսակցությանն» անդամակցում են նաև «ազնիվ քյարփինջներ», որոնք ներգրավված են արտահաստիքային սկզբունքով։

Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալը յուրօրինակ «ատմազկա» է և «թունդ ընդդիմադիր» կեցվածք ընդունելու տարբերակ։

Ըստ այդմ՝ մեզանում Օբամայից, Օլանդից, Բարոզոյից ու Ֆյուլեից ավելի արևմտամետներ կան։ Նրանք իրականում Զորի Գայկովիչից բովանդակային առումով չեն տարբերվում, բայց որպեսզի արդարացնեն իրենց «դհոլությունը» և գաղափարական տեսք տան դրան՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ են դառնում։

Կան նաև մարտի 1–ի հարցում Լևոն Տեր–Պետրոսյանից ավելի պահանջատեր երևալու ձգտում ունեցող գործիչներ, ովքեր մի կողմից նախագահական նստավայրի կամ կառավարության կրնկի տակ են, բայց մյուս կողմից՝ կոկորդիլոսի արցունքներ են թափում 10 զոհի համար։ Առնվազն ծիծաղելի է հետևելը, թե ինչպես են ոմանք կուրծք ծեծում մարտի 1–ի թեմայով՝ զուգահեռաբար առևտուր անելով սպանվածների դիակների վրա։

Քաղաքական ու քաղաքացիական դաշտում առկա են նաև Սերժից ավելի սերժականներ, Րաֆֆիից ավելի րաֆֆիականներ, Ադամ Սմիթից ավելի ազատականներ, Լենինից ավելի բոլշևիկներ, Աթաթուրքից ավելի թուրքամետներ և այլն։

«Անկախ» լրատվամիջոցների վրա դրված է «Հռոմի պապից ավելի կաթոլիկներին» «ռասկրուտկա» անելու գործը։

Ի դեպ, «անկախներն» իրենց հերթին են ավելի անկախ, քան Արտաշես Գեղամյանը Սերժ Սարգսյանից։ Տեսակը տեսակին հեռվից է տեսնում, և դա է պատճառը, որ «Lragir.am»–ը, «1in.am»–ը և մյուս «Mutit.am»–ները վերածվել են «Հռոմի պապից ավելի կաթոլիկների» մտքի փսխման տարածքի։ Սրանք այնքան են «արևմտամետ» խաղացել, որ արդեն սկսել են իրենք էլ հավատալ, որ մտավոր գեղցիությունից ձերբազատվել են ու ասոցացվել ԵՄ–ի հետ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը