Լրահոս

09.01.2014 11:08


Կայացել է Հայաստանի և Պանամայի ԱԳ նախարարների հանդիպումը

Կայացել է Հայաստանի և Պանամայի ԱԳ նախարարների հանդիպումը

Հունվարի 8-ին տեղի ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Պանամա:

Էդվարդ Նալբանդյանի և Պանամայի արտգործնախարար Ֆերնանդո Ֆաբրեգայի հանդիպման ընթացքում շարունակվեցին անցյալ տարվա սեպտեմբերին Նյու-Յորքում մեկնարկած քննարկումները երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Այս համատեքստում Նախարար Ֆաբրեգան ողջունելով հայաստանցի գործընկերոջ այցելությունը Պանամա՝ նշեց, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը։

Նախարար Նալբանդյանն ասաց, որ թեև Հայաստանին և Պանամային բաժանում են հազարավոր կիլոմետրեր, սակայն երկրները համակարծիք են միջազգային շատ հարցերի շուրջ, ինչը լավ հիմք է հանդիսանում տարբեր բնագավառներում փոխգործակցության զարգացման համար։

Երկուստեք կարևորվեց բարձրաստիճան այցերի կազմակերպումը, իրավա-պայմանագրային դաշտի ձևավորման, ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման, անհրաժեշտությունը, շեշտվեց, որ մայրաքաղաքներում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրումը կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնման։

Ֆերնանդո Ֆաբրեգան Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց Պանամայի ջրանցքի ընդարձակման նպատակով իրականացվող աշխատանքները։

Նախարարները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվեց Պանամայի ազգային ժողովում, որտեղ կայացավ Պանամայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դալիա Բերնալի հետ հանդիպումը, որին մասնակցում էր նաև փոխարտգործնախարար Մայրա Արոսեմենան։

Պանամայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց իր կողմից ղեկավարվող հանձնաժողովի գործունեությունը, այլ երկրների հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված Պանամայի խորհրդարանի կողմից իրականացվող աշխատանքները։

Դալիա Բերնալին ողջունեց Էդվարդ Նալբանդյանի առաջարկությունը Հայաստանի Ազգային ժողովի հետ բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ՝ շեշտելով, որ դա կօժանդակի միջխորհրդարանական կապերի և այդ ճանապարհով նաև միջպետական հարաբերությունների զարգացմանը։

Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Այս խորագրի վերջին նյութերը