Լրահոս

09.01.2014 12:20


Նինա Մարգարյան. «Չկա՛ նման բան»

Նինա Մարգարյան. «Չկա՛ նման բան»

Վերջերս մեր հասարակության մեջ շատ տհաճ և անձամբ ինձ համար անհասկանալի երևույթ է նկատվում, երբ ինչ-որ ոլորտում ներդրում անող կամ հաջողության հասնող մարդկանց իրավունք են վերապահում նպաստել այլ ոլորտների ոչնչացմանը կամ քայքայմանը:
Առաջին անգամ այդ միտումն ինքս ինձ համար բացահայտեցի Յուրի Վարդանյանի հետ կապված պատմության ժամանակ, երբ մարդիկ քննադատում էին Վարդանյանին, որ նա կանգնում է այս պետությունն ակնհայտորեն թուլացնող, քայքայող և անդադար վտանգի առջև կանգնեցնող Սերժի Սարգսյանի կողքին, իսկ ի պատսախան այդ քննադատությունների՝ բազմաթիվ վիրավորանքներ էին ստանում, որոնց հիմնական պատճառաբանությունը եղել է այն թեզը, թե՝ «Դուք ո՞վ եք, որ քննադատեք Յուրիին. նա այնքան բան է արել մեր սպորտի համար», և նմանատիպ այլ պատճառաբանություններ:
Իսկ ահա այսօր աչքովս ընկավ Արմեն Էլբակյանի դուստր Լիլիի գրառումը, որտեղ, ի պատասխան ամպհովանու պատմության պատճառով հոր հասցեին հնչած քննադատություններին, Լիլին գրում է հետևյալ տողերը. «Էլբակյանի անունը չեք կարող արատավորել. կներե՛ք, որ էսպես եմ գրում, բայց ձեզ հետ ձեր լեզվով եմ խոսում՝ ԴՈՒՔ ԷԴՔԱՆ ՉԿԱՔ...»:
Ճիշտն ասած, ես այդ պատմությանը չէի ուզում անդրադառնալ ու ինչ-որ բան գրել, այնքան տհաճ էր այն ինձ համար: Սակայն այս տողերը կարդալուց հետո չեմ կարող չգրել, քանի որ սա միայն դուստր Լիլիի կարծիքը չէ, ով, բնականաբար, պաշտպանում է իր հորը: Սա ամբողջ հայ հասարակության մեջ արմատավորված կարծրատիպ է, թե, իբր, եթե մարդն ինչ-որ ոլորտում ներդրում ունի, ուրեմն անձեռնմխելի է:
Բայց ո՛չ, չկա՛ նման բան: Եթե դու նպաստում ես որևէ ոլորտի զարգացմանը, ապա դա քեզ ավտոմատ կերպով իրավունք չի տալիս նպաստել այլ ոլորտների և ամբողջ երկրի քայքայմանը:
Իսկ եթե դու գնում ու կանգնում ես մի մարդու կողքին, ով 10 զոհի գնով եկել է իշխանության և այս մի քանի տարվա ընթացքում սարսափելիորեն թուլացրել քո երկիրը, և տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են լքել իրենց հայրենիքը, ինչի պատճառով քայքայվում են հազարավոր ընտանիքներ, իսկ երկրում մնացած հասարակության մոտ 40 տոկոսը (եթե ոչ ավելին) ապրում է աղքատության մեջ, ապա այդ դեպքում ոչ մի արժանիք ու վաստակ չի կարող արդարացնել քեզ, և այն դրականը, ինչ մարդն արել է իր ասպարեզում, ուղղակի հողին է հավասարեցվում, քանի որ վնասը, որը նա հասցնում է ամբողջ պետությանը և հասարակությանը՝ աջակցելով երկիրը քայքայող ռեժիմին, ուղղակի անհամեմատելի է:

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը