Մեկնաբանություն

10.01.2014 19:54


Փրկել Շանթ Հարությունյանին իշխանություններից ու իր «կողմնակիցներից»

Փրկել Շանթ Հարությունյանին իշխանություններից ու իր «կողմնակիցներից»

Հերիք էր Շանթ Հարությունյանին ձերբակալեին, երբ պարզվեց, որ նա մի քանի հարյուր կողմնակիցներ ունի։ Կողմնակիցներ, ովքեր փառաբանում են նրան համակարգչի դեմ նստած կամ նրան ձերբակալելուց հետո։

Երևի Շանթն էլ է հիմա զարմացած, թե ինչքան գաղափարակից ընկերներ ունի։ Ափսոս, որ նրանք «կաշ–կալամաշի» ժամանակ չկային։ Թռած էին։ Բայց «զատո» հիմա են բլբուլ կտրել ու կատու են ճղում։

Ի պաշտպանություն Շանթի այսօր տեղի ունեցած հավաք–երթը ցույց տվեց, որ ոչ միայն իշխանություններն են նրա դեմ, այլ նաև փողոց դուրս եկածներից ոմանք։

Դատելով երթի մասնակիցների կազմից ու հնչած վանկարկումներից՝ իշխանությունները որոշել են փողոցը գրավելու հերթական սցենարը «խոդ» տալ, բայց ապարդյուն։ Քանզի փուչիկն ինչքան փչում ես, այնքան մեծանում է դրա պայթելու հավանականությունը։

Ինչ վերաբերում է, Շանթ Հարությունյանի համար որոշ կոկորդ պատռողներին, ապա նրանց արժե հիշեցնել հետևյալը. եթե «Ցեղակրոն» կուսակցության ղեկավարի գիծն ընդունում եք, ապա պետք է պայքարեք կոնկրետ Սերժ Սարգսյանի դեմ (ընդ որում՝ նախապես զինվելով սրածար փայտերով ու մարգանցովկա–բրոնզով): Բացի այդ՝ երթը պետք է շարժվի ոչ թե կառավարության շենքի, այլ Բաղրամյան 26–ի ուղղությամբ։ Թե չէ վերջում կարող է պարզվել, որ «օֆշորների տիրակալ» Տիգրան Սարգսյանից պահանջում եք պայքար Սամվել Ալեքսանյանի, իսկ Սերժ Սարգսյանից՝ Նիկոլայ Բորդյուժայի դեմ։

Մի խոսքով, քաղաքական պայքարը կապիկության վերածելը, Սերժին ու Տիգրանին ծառայելը և ձեռքի հետ նաև Շանթ Հարությունյանին օգտագործելն անբարոյականություն է։ Ձեր էժանագին քայլերով միայն հավերին կարող եք խաբել։ Համ էլ մի քիչ ֆայմ ունեցեք և ուշ պայթեք, թե չէ այլևս պետք չեք գա ձեր տերերին։ Թեև մյուս կողմից էլ «զակազն» է այդպիսին, ի՞նչ կարող եք անել։

Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ազատության հրապարակի պղծումը շարունակվում է և միայն իրական քաղաքական օրակարգով է հնարավոր մաքրել աղբն ու հրապարակը վերադարձնել ժողովրդին։ Իսկ Շանթին արագ ապաքինում և ազատ արձակում ենք մաղթում։

Պետք է փրկել Շանթ Հարությունյանին Սերժ Սարգսյանի «արդարադատությունից» և իր «կողմնակիցներից»։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը