Մեկնաբանություն

11.01.2014 14:14


Տիգրան Սարգսյանի տե՞ղը, թե՞ կողքը

Տիգրան Սարգսյանի տե՞ղը, թե՞ կողքը

Ինչպես իշխանական կաբինետներում, այնպես էլ հանրության տարբեր շրջանակներում քննարկվում է այն հարցը, թե ինչու է Սերժ Սարգսյանն ատամներով պահում բոլոր առումներով ձախողված ու մինչև ականջները «ատկատների» մեջ խրված Տիգրան Սարգսյանին։ Պատասխանը շատ պարզ է՝ հենց դրա համար էլ Սերժը պահում է վարչապետին, քանզի քաղաքական առումով զրո վարկանիշ ունեցող և կոռուպցիոն ռիսկերի մեջ թաթախված Տիգրանից «լավ» կադր նա չի կարող գտնել։

Արդեն շատերն են ֆիքսել, որ Սերժ Սարգսյանը պետական բյուջեն տնօրինում է այնպես, ինչպես կտնօրիներ սեփական գրպանի պարունակությունը։ Հայտնի ֆիլմի հերոսի պես Սերժը պետական բուրդը խառնում է սեփական բրդին։ Այդ խառնելու գործիքը Տիգրան Սարգսյանն է, ով համաձայնել է նմանատիպ ֆունկցիա կատարել ու հիմա փրփուրներից է կախվում՝ հետագա պատասխանատվությունից խուսափելու համար։

Սերժ Սարգսյանը երկրորդ այդպիսի Տիգրանի չի կարող և չի էլ ուզում գտնել, քանզի գործող վարչապետը նրա փող տպող մեքենան է, ում ցանկացած պահի կարելի է քավության «կազյոլ» սարքել ու «փուռը» տալ։

Տիգրան Սարգսյանը շատ լավ հասկանում է, թե ինչի մեջ է հայտնվել, բայց արդեն սիամական երկվորյակի է վերածվել ՀՀԿ նախագահի հետ։ Ահա սա է պատճառը, որ չնայած արձանագրվող բացասական ցուցանիշներին՝ Սերժը դրական է գնահատում Տիգրանի գործունեությունը։

Այնպես որ, Տիգրանին ատամներով պահելու համար «նախաձեռնող» Սերժ Սարգսյանն առարկայական պատճառներ ունի. պետության ու հանրության շահերը նրա համար զրոյական արժեք ունեն։

Ի դեպ, եթե Սերժ Սարգսյանն ուզենա, ապա չի կարողանա Տիգրանին փոխարինող գտնել։ Քանզի նրա պատկերացրած կառավարման մոդելի շրջանակներում միայն ավարտված մարդը կամ անմեղսունակը կհամաձայնի զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման շրջանակներում Տիգրանին փոխարինողը գնալու է ոչ թե նրա տեղը, այլ կողքը՝ մեղադրյալի աթոռին։ Կա՞ այդպիսի հիմար մարդ Հայաստանում։ Հազիվ թե։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը