Քաղաքական

04.08.2009 17:56


Ո՞րն է ավելի ժողովրդավար՝ Մոլդո՞վան, թե՞ Հայաստանը

Ո՞րն է ավելի ժողովրդավար՝ Մոլդո՞վան, թե՞ Հայաստանը

Հուլիսի 29-ին Մոլդովայում կայացան խորհրդարանական արտահերթ ընտրություններ։  Դրանք անհրաժեշտություն էին դարձել այն բանից հետո, երբ ապրիլի 5-ին ընտրված խորհրդարանը չէր կարողացել  համաձայնության գալ նախագահի թեկնածության հարցում, և հունիսի 15-ին նախագահ Վլադիմիր Վորոնինը խորհրդարանը ցրելու մասին հրամանագիր էր ստորագրել։ Քվեարկության արդյունքում  իշխող Կոմունիստական կուսակցությունը հավաքել էր ձայների 44,76%-ը։ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ի կողմից գործուղվել էր Մոլդովա՝ որպես դիտորդ մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Նա իր տպավորություններն է կիսել լրագրողների հետ՝ նշելով, որ իր համար հետաքրքիր փաստ էր, որ  իշխանությունները, ի դեմս  կոմունիստների, փաստացի պարտվել են, և խորհրդարանում գերիշխում են ընդդիմադիր տարբեր ուժեր։

-Ընտրությունները բավականին հանգիստ էին. այն, ինչ տեղի էր ունենում Հայաստանում՝ ընտրատեղամասերի առջև կուտակումներ, երթուղային տաքսիներով մարդկանց հոսքի ապահովում... նման դեպքերի ականատես չեմ եղել ես այնտեղ։ Կարող եմ ասել, որ բացարձակ տարբերություն կա մեր և Մոլդովայի ընտրությունների միջև։ Մարդիկ իրենց կամքով էին գալիս, և որևիցե մեկը չէր կարող ուղեկցել կամ ուղղորդել նրանց,-նշել է Զարուհի Փոստանջյանը։

Նրա խոսքերով՝ չնայած այնտեղ էլ որոշակի խնդիրներ կային, բայց կարևորն այն էր, որ դրանք էական ազդեցություն չունեցան, և ընդդիմությունը տարբեր ճակատներով հանդես եկավ ու հաղթեց։

- Ընդդիմությունը տարբեր ճակատներով մասնակցելով ընտրություններին՝ փաստացի բերեց հաղթանակի։ Նրանք հիմա կարող են միավորվել խորհրդարանում։ Իշխանությունը չկարողացավ բացարձակ մեծամասնություն կազմել։ Սա փաստացի արդյունավետ էր, և կարծում եմ՝ մեզ համար այս ամենը պետք է վերլուծենք և ապագա ընտրություններում, կարծում եմ՝ միգուցե նաև այս ֆորմատը կարող է արդյունավետ լինել,-համեմատականներ անցակցնելով Հայաստանի և Մոլդովայի ընտրությունների միջև՝ ասել է պատգամավորը։

Հեղինե Հարությունյան

 

Այս խորագրի վերջին նյութերը