Լրահոս

13.01.2014 14:58


Դավիթ Մանուկյան. «Պայքարը շարունակվելու է»

Դավիթ Մանուկյան. «Պայքարը շարունակվելու է»

Հարցազրույց «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության անդամ, քաղաքագետ Դավիթ Մանուկյանի հետ

–Ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք հունվարի 18-ին «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» կայանալիք երթի հետ կապված, որո՞նք են հիմնական նպատակները։

–Նպատակները հետևյալն են՝ իրազեկել հանրությանը, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել մի օրենք, որը հակասահմանադրական և հակասոցիալական է. սահմանափակում է մարդկանց սեփականության իրավունքը, խախտում է մարդկանց էական իրավունքներն ու ազատությունները։ Երկրորդ նպատակը՝ թե՛ ՀՀ կառավարությանը, թե՛ ՀՀ նախագահին, թե՛ Սահմանադրական դատարանին ցույց տալ, որ ՀՀ հազարավոր քաղաքացիներ համախմբված են պայքարի շուրջ։ Եվ դա իսկապես քաղաքացիների մտահոգությունն է, ոչ թե ուղղակի, ինչպես հաճախ սիրում են նշել, ինչ–որ արկածախնդիր երիտասարդների զբաղմունք, այլ մտահոգություն, պայքար։ Երրորդ՝ քանի որ Սահմանադրական դատարանի՝ օրենքը կասեցնելու միջնորդությամբ վճռի ժամկետը լրանում է հունվարի 25-ին, պահանջել կասեցնել, այնուհետև հակասահմանադրական ճանաչել օրենքը։

–Հունվարի 10-ին խորհրդարանական 4 ոչիշխանական ուժերի և «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամների միջև հանդիպում է տեղի ունեցել։ Հունվարի 18-ին նրանք ևս կլինե՞ն։

Հավաք–երթ է տեղի ունենալու, որտեղ ոչ միայն նրանք են մասնակցելու, այլ նաև քաղաքացիներ, քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ։

–Տեսնո՞ւմ եք հնարավորություն, որ քաղաքացիական ուժերի (ի դեմս «Դեմ եմ» թիմի) ու խորհրդարանական 4 ոչիշխանական ուժերի միջև համագործակցությունը վերաճի լայն համախմբման։

-Ավելի հակված եմ, իմ սուբյեկտիվ կարծիքն է, քաղաքացիական հասարակության համախմբմանը, համագործակցությանը նաև քաղաքական ուժերի և բոլոր նրանց հետ, ում հուզում է խնդիրը։

-Սահմանադրական դատարանի բացասական վճռի դեպքում ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու։

-Սահմանադրական դատարանի կողմից մերժման դեպքում պայքարը շարունակվելու է բոլոր հնարավոր օրինական միջոցներով (զանգվածային երթերի, բողոքի ակցիաների, որոնք կլինեն կա՛մ գործադուլի, կա՛մ այլ տեսքով), մինչև որ ՀՀ քաղաքացին իրականացնի իր սահմանադրական իրավունքները։

–Քաղաքացիական երթերի, ակցիաների ընթացքում եղել են դեպքեր, երբ մի շարք «ակտիվիստներ» փորձել են մարել երթերի, հավաքների, բողոքի ցույցերի էութունն ու նշանակությունը։ Եթե երթի ժամանակ այդպիսիները փորձեն որևէ սադրիչ գործողություն իրականացնել, ի՞նչ արձագանք կտրվի երթի կազմակերպիչների կողմից։

-Ամեն դեպքում, ամեն ինչ կազմակերպված կարվի, հնարավոր ամեն ինչ կարվի սադրանքներին չենթարկվելու համար։ Մինչև հիմա նախաձեռնության երթերի ընթացքում նման բան չի եղել։ Երթերը մինչև վերջ ծառայել են իրենց նպատակին։ Իսկ երթին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք։

Զրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը