Մեկնաբանություն

14.01.2014 13:03


Իշխանության «միտինգը» և անմեղսունակների «պառադը»

Իշխանության «միտինգը» և անմեղսունակների «պառադը»

Ռոբերտ Քոչարյանի ծավալուն հարցազրույցից հետո ողջ օրը հետեւում ենք արձագանքներին: Ընդամենը մի քանի բանական արձագանք ենք տեսնում, մնացածն անմեղսունակների ճիչեր են:

Եթե վերջինները թքաբերան հարձակվում են ճշմարիտ գնահատականների վրա՝ մեզ այլ բան չի մնում կարծել, քան այն, որ այդ մարդկանց համար Տիգրան Սարգսյանը ոչ թե թերարժեք, այլ արժեքավոր վարչապետ է: Որ այդ մարդկանց համար Տիգրան Սարգսյանը ոչ թե անհույս կերպար է, այլ կառավարության հուսալի ղեկավար, ով իրենց տանում է դեպի «Հայկական աշխարհ»:

Դե՛հ…շարունակեք վայելել Տիգրան Սարգսյանին ու նրա շեֆին:

Մառազմն այն է, որ նույն այդ թքաբերանները առավոտյան ողբաձայն տեղեկացնում էին բոլորին, որ ընկել են դեպրեսիայի մեջ, քանի որ չեն կարողանում մուծել դեկտեմբեր ամսվա կոմունալ վարձերը ու հերթով ասում էին, թե որքան ահռելի գումար է նշվել գազի ու էլեկտրաէներգիայի համար:

Որ այդ հարցազրույցը վերեւներում գտնվողներին պետք է շոկի մեջ գցեր՝ հասկանալի է, բայց որ դրա դեմ էին խոսում ներքեւներում եւ «հարակից տարածքում» գտնվող ինչ-ինչ մարդիկ, ովքեր ողջ օրը անիծում են Սերժ եւ Տիգրան Սարգսյաններին՝ պարզապես զարմանալի է: Թեպետ, չենք էլ զարմանում, չէ որ արդեն նշեցինք՝ գործ ունենք անմեղսունակների հետ:

Ոմանք էլ շտապեցին ստանձնել «Վանգայի» դերը ու հայտարարել, թե «այս ամենը պայմանավորված խաղ ա» ու նման բաներ:

Կամ՝ «Դա երկու անձի ներքին խնդիրն է»:

Այսինքն՝ եթե հստակ գնահատականներ են տրվում գործող կառավարությանը, որը ձախողել է բոլոր ոլորտներում՝ տնտեսության, աղքատության, արտագաղթի սարսափելի ցուցանիշներ արձանագրելով՝ դա նշանակում է «երկու անձի ներքին խնդի՞ր» է, թե՞ պետության հետագա ճակատագրին սպառնացող վտանգ:

Բայց դե, կարճատեսությամբ տառապող ու սեփական ամբիցիաների ձեռքը կրակն ընկած մարդիկ ինչպե՞ս կարող են դա հասկանալ: Սրանք միայն կարող են «ներքին խնդիր»-ի մեջ քուջուջ անել: Մի բան, որ գոյություն չունի եւ չի էլ կարող ունենալ, թեկուզ միայն այն պատճառով, որ խոսքը տարբեր քաշային կատեգորիաների մասին է:

Անշուշտ, զվարճալի էր հավերժ երիտհանրապետական երկու «հարվածայինների» արձագանքը Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին:

Սրանցից մեկն ասում է, թե այդ հարցազրույցը «ավելի շատ անցյալում տեղի ունեցած իրադարձությունների վերլուծություն է հիշեցնում»:

Պարզվում է, շաբաթներ առաջ ԱԺ-ի կողմից հաստատված գազային համաձայնագիրը եւ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքի ընդունումը «անցյալում տեղի ունեցած իրադարձություններ» են: Այն դեպքում, երբ ԱԺ ոչիշխանական խմբակցությունները շարունակում են պայքարը վերջին օրենքի դեմ:

Իսկ գազային համաձայնագրով երկրի էներգետիկան պատանդ է դառնում այդ համաձայնագրի դեպքում, քանի որ «Հայռուսգազարդի» 20 տոկոս մասնաբաժնի վաճառքը «Գազպրոմ»-ին հայկական կողմին ամբողջապես զրկում է ընկերության կառավարման իրավունքից: Էլ չենք խոսում գազի գնի բարձրացման փաստը եւ կուտակված 300 միլիոն դոլարի պարտքը ժողովրդից գաղտնի պահելու մասին:

Մյուս երիտհարվածայինի ցնդաբանությանը չարժե անդրադառնալ, քանի որ նրա կարծիքով, եթե երկրոդ նախագահը խոսում է աշխարհի վատագույն տնտեսությունն ունեցող երկրի կառավարության մասին, ուրեմն՝ «ազատ ժամանակ շատ ունի»:

Դե, հարյուրավոր մարդկանց իր փուչիկներով այրած երիտհարվածայինը ինչպե՞ս կարող է տրամաբանել ու համաձայնել, որ ամբողջ ժողովուրդն այսօր լիքը ազատ ժամանակ ունի, քանի որ առավոտից իրիկուն շատ «քաղցր խոսքեր» է ասում Սերժ եւ Տիգրան Սարգսյաննների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության մասին:

Ինչեւէ, դեռ իշխող ուժի մնացած ներկայացուցիչները չեն արձագանքել:

Ա՛յ, արձակուրդից կվերադառնա «Նատալիա Իվանովնա» եւ նրանք հերթով կասեն իրենց «տղամարդու խոսքը»:

Առայժմ «գույնզգույն աղյուսակների» մասնագետի պաշտպանության գործը իրենց վրա են վերցրել «գույնզգույնները»: Այդ թվում՝ Տիգրան Սարգսյանի հետ ԱԺ-ում մտերմիկ զրույցի բռնված շատ «ընդդիմադիր» մի պատգամավոր:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը