Լրահոս

14.01.2014 15:30


Վահե Հովհաննիսյան.

Վահե Հովհաննիսյան.

«a1plus.am»-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանի հետ

-
Պրն Հովհաննիսյան, նախորդ տարիներին ԲՀԿ խմբակցությունը շատ մարտական ավարտեց: Դուք գո՞հ եք խորհրդարանում ԲՀԿ աշխատանքի որակից և արդյունքներից:

- Ես չէ, որ պետք է գնահատականներ տամ: Ես խմբակցության անդամներից մեկն եմ և միայն այդ կարգավիճակով ասեմ, որ ակտիվությունն ու աշխատանքի ծավալները բավարար չեն: Երբ ամեն օր սոցիալական տարբեր խմբեր իրենց բողոքի ձայն են բարձրացնում, երբ ամեն օր հասարակությանը մտահոգող մի նոր խնդիր է ծագում, երբ խնդիրների ծավալը և քանակը ոչ թե նվազում է, այլ օր օրի ավելանում` խմբակցության գործունեությունը չի կարող գոհացուցիչ լինել: Ասեմ ավելին` մեր պատգամավորների կողմից կառավարության հասցեին հաճախ հնչող կոշտ ձևակերպումներն ու գնահատականները նույնպես ինքնանպատակ չեն: Ես մեծ հաճույքով կպաշտպանեմ կառավարության նախագծերը, եթե նրանք ՀՀ քաղաքացիներին օգուտ կբերեն, մի հարց կլուծեն: Բայց իրականությունը, ցավոք, այլ է:

- Վերջերս ռուսաստանցի հայտնի միլիարդատեր, «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության նախագահ Միխայիլ Պրոխորովը իր քաղաքական ուժի կարգավիճակը բնորոշեց որպես այլընտրանք և տվեց այդ հասկացության ձևակերպումը: «Բարգավաճ Հայաստանը» նույնպես իրեն բնորոշել է որպես այլընտրանք: Դուք տեսնո՞ւմ եք նմանություններ:

- Նման բնորոշում ԲՀԿ-ն դրեց շրջանառության դեռևս երկու տարի առաջ: Ես Պրոխորովի ձևակերպումից ամենից շատ կառանձնացնեի ներկայի և ապագայի միջև կամուրջի անհրաժեշտության գաղափարը: Ես դեմ եմ, որ ԲՀԿ-ն գիշեր-ցերեկ լալահառաչ ելույթներով` սրան-նրան դավաճան, մատնիչ, կաշառակեր ու մարդասպան կոչի: Մենք նման բաներ շատ ենք տեսել, այդպիսի փրկիչները վերջում հաճախ հանգրվանում են իշխող կուսակցության խորհրդարանական ցուցակում: Ես կառաջարկեի դուրս գալ տեսական հարթությունից, ի վերջո դա չէ ամենակարևորը: Մեր երկրի տնտեսական ցուցանիշները գնալով վատանում են, մեր երկրում մոտ մեկ միլիոն մարդ աղքատության մեջ է ապրում, 120 հազարը` ծայրահեղ աղքատության մեջ: Ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ արտագաղթում են: Տնտեսությունը կաթվածահար վիճակում է, սահմանային գյուղերը դատարկվում են, փոքր ու միջին բիզնեսը մեռնում է աչքիդ առաջ: Սրանք են խնդիրները: Հուսալքությունն է խնդիրը, արտագաղթելու ուժգնացող ցանկությունն է խնդիրը: Հայաստանում գործնականում չկան օտարերկրյա ներդրումներ: Ո՞վ է մեղավորը. մենք կարող ենք ստել` ասելով նախորդները, նախորդների նախորդները, կամ գուցե հաջորդները: «Բարգավաճ Հայաստանը» հիմա ասում է` իրավիճակը գնահատենք սթափ, նկարված թվերով չխաբենք ինքներս մեզ, ընդունենք, որ լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած ու միասին գտնենք լուծումները: Միմյանց անդադար մեղադրելու, կախելու, վիրավորելու զբաղմունքը անիմաստ գործ է, դրանից պետությունը և ժողովուրդը չեն շահելու:

- Ձեր ընդդիմախոսները կասեն` գայիք կոալիցիա և հարցերը միասին լուծեինք:

- Սրա պատասխանը հստակ է` եթե ԲՀԿ-ի նպատակը լիներ պաշտոնները, իշխանական լծակները և բյուջեից օգտվելու հնարավորությունը, ապա, իհարկե, պետք էր մտնել կոալիցիա: Բայց Գ. Ծառուկյանը և կուսակցությունը վերջին տարիներին իրենց գործունեությամբ ապացուցեին, որ նպատակները լրիվ այլ են: Ի՞նչ իմաստ ունի գնալ վերցնել նախարարական պորտֆելներ, եթե չես կարողանալու իրագործել քո ծրագրերը, եթե դու դեմ ես իրականացվող տնտեսական քաղաքականությանը, եթե դու մի շարք սկզբունքային հարցերի վերաբերյալ ունես այլ մոտեցումներ, եթե մի շարք սկզբունքային հարցերի վերաբերյալ քո գնահատականները լրիվ ուրիշ են:

- Այնուհանդերձ, կան տեսակետներ, որ ԲՀԿ-ն տարբեր թևերի է բաժանված ու տեսակետները խիստ տարբեր են:

- Լինենք անկեղծ` նման տեսակետներ չկան, կան նման լուրեր, որոնք հստակ նպատակներով տարածվում են հստակ շրջանակներից: ԲՀԿ–ում ոչ մի թևեր չկան: ԲՀԿ-ում կան տարբեր հարցերի շուրջ տարբեր տեսակետներ ունեցող մարդիկ, անհատներ, և կուսակցությունը դրանով է հարուստ: Ես մի քանի անգամ առաջարկել եմ կուսակցության քաղխորհրդի նիստերը բաց անել, թող մարդիկ տեսնեն, թե ինչպես կարելի է կազմակերպել բաց ու փաստարկված քննարկումներ, ու ինչպես է գտնվում ճիշտ լուծումը: Ես վստահ եմ, որ մի օր պետության մակարդակով է այս գործելաոճը կիրառվելու: Ի դեպ, ասեմ , որ կուսակցության ղեկավարը իր տեսակետը, որպես կանոն վերջում է ասում` նախապես իր կարծիքով չկաշկանդելու համար քննարկումները:

- Դուք նշում եք երկրի առաջ ծառացած լրջագույն խնդիրներ, ո՞րն է դրանց լուծման նախապայմանը:

- Ծառուկյանը մի առիթով շատ հստակ տվել է բանաձևը, և այն ես համարում եմ միակ տարբերակը. «Մեզ պետք է իրական քաղաքական, հասարակական կոնսոլիդացիա: Որևէ ուժ միայնակ չի կարող լուծել խնդիրները»: ԲՀԿ-ն ինքը չի ձգտում միանձնյա իշխանության: Հանուն ինչի` չի հասկացվում: ԲՀԿ-ն ՀԱԿ-ին, Դաշնակցությանը, «Ժառանգությանը», ՀՀԿ-ի մի զգալի մասին համարում է քաղաքական գործընկերներ, այնտեղ կան կարող, պատրաստված և պարկեշտ մարդիկ: ԲՀԿ-ն համարում է, որ մեր երկրում կուսակցություններից դուրս կան բազմաթիվ պրոֆեսիոնալներ, որոնք հսկայական օգուտ կարող են տալ` լինելով պետական համակարգում: ԲՀԿ-ն գտնում է, որ արտերկում կան բազմաթիվ հայրենասեր ու հաջողակ հայեր, որոնք զգալի օգուտ կարող են տալ հայրենիքին: Մենք ունենք բոլոր հնարավորությունները` ուժեղ, ժամանակակից պետություն կառուցելու: Այդ դեպքում ինչո՞ւ չենք կարողանում: Սա է հիմնական հարցը: Օրվա հոգսի, ծանր կյանքով ապրող մեր միլիոնավոր քաղաքացիներ պատասխանի են սպասում: ԲՀԿ-ն պետք է պատրաստ լինի մոտ ապագայում առաջարկել կոնկրետ պատասխաններ, կոնկրետ լուծումներ:

Ասեմ, որ առաջիկայում տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը: Նախատեսվում են որոշակի կառուցվածքային և կառավարման մեխանիզմների փոփոխություններ` կուսակցությունը պետք է դառնա էլ ավելի դինամիկ, ունենա մարդկանց, ամենատարբեր սոցիալական խմբերի ամենօրյա խնդիրներին արձագանքելու և լուծումներ տալու գործուն մեխանիզմներ: Նման տասնյակ հարցերի համակարգումից էլ ձևավորվում է կուսակցության քաղաքական օրակարգը` լայն կոնսոլիդացիոն հնարավորություններով: Երբ դու պատրաստվում ես իշխանության, դու պետք է առավելագույնս համահունչ լինես ժողովրդի և հասարակության իրական խնդիրներին: Վստահ եմ` հենց համագումարում կլինի Գ. Ծառուկյանի ծրագրային ելույթը, որտեղ թե՛ կհնչեն կուտակված հարցերի պատասխանները, թե՛ կարվեն նոր հարցադրումներ:

Այս խորագրի վերջին նյութերը