Մեկնաբանություն

15.01.2014 17:15


Սև շենքը

Սև շենքը

2034թ., հունվարի 15, Երևան։ Եղանակը՝ +2, փողոցներում խցանումներ, եռուզեռ, մուրացկաններ չկան, ժպտացող դեմքեր, քաղաքային տրանսպորտն անխափան աշխատում է, ուղեվարձը՝ 100 դրամ, Հին Երևանին բնորոշ ճարտարապետական լուծումներ, «կոմունալ վճարումներ» արտահայտությունն էլ վաղուց արդեն սպառնալիք չի...

7-րդ դասարանցիները՝ 50-ն անց դասղեկի հետ, դուրս էին եկել զբոսնելու։ Ժամանակից շուտ ծերացած (երբեմնի գրավչությունից բան չէր մնացել) ուսուցչուհին հերթով ցույց էր տալիս Երևանի կենտրոնի հին ու նոր շենքերը, պատմում դրանց կենսագրությունը...

–Վայ, էս ի՞նչ մռայլ տուն ա։

–Տուն չի, բանտ ա։

–Պապաս ասում ա, որ ժամանակին ստեղ...,–իրար հերթ չէին տալիս երեխաները։

Շենքը կամ շինությունը, որի առջև կանգնել էին երեխաները, իսկապես իր տհաճությամբ աչք էր ծակում՝ սև, չարագուշակ, մի խոսքով՝ գաղջ...

–Լռե՛ք,–հանկարծ գոռաց տիկին Նաիրան («տիկին Կարապետյանը» նրա համար այդպես էլ օտար մնաց),–շարժվենք առա՛ջ, Վերնիսաժն է։

–Բա որ ասում էի՝ բանտ ա։

–Վա՜յ, դե, բանտ չի, պապաս ասում ա...։

–Ասացի՝ լռե՛ք ու առա՛ջ շարժվեք։

–Բա էս ի՞նչ զզվելի տուն ա...

–Զզվելին դու ես... Կատակեցի, բալես... Այս շենքում ժամանակին գործում էր Հայաստանի իշխող կուսակցության կենտրոնական գրասենյակը...

–Բա հետո՞...

–Հետո... հետո,– տիկին Կարապետյանը, կներեք, տիկին Նաիրան սկսեց հեծկլտալ,–էլ ինչ հետո, թող ընդհանրապես չլինեին...

–Իշխող կուսակցությո՞ւնը...

Դպրոցականների հարցերն անպատասխան մնացին։ Հանկարծ գաղջ շենքի դուռը ճռռալով բացվեց, ու ցցված բեղերով պապիկը դուռս թռավ՝ գոռալով. «Պառայա բացում եմ, ում որ տեսա, թքում եմ...»։ Նրա հետևից իրեն փողոց գցեց գեր կինը՝ հայրենիքի, տաղերի մասին ինչ–որ բան երգելով։ Հետո հայտնվեց ճղճղան ձայնով, մեռելի նման էակը՝ ոռնալով. «է՞ս էիք ուզում, գոոոոռլում, գոոոոռլում»... Երեխաները վախեցած կպել էին միմյանց. ով ասես՝ դուրս չեկավ սև շենքից...

«20 տարի...,– ինքն իրեն ասաց տիկին Նաիրան,- ինչքան լավ էր 20 տարի առաջ...»։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը