Աշխարհ

16.01.2014 10:31


Այսօր «Բիթլզ»-ի համաշխարհային օրն է

Այսօր «Բիթլզ»-ի համաշխարհային օրն է
Սկսած 2001 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հունվարի 16-ը նշում է որպես «Բիթլզի» համաշխարհային օր: «Բիթլզ» (The Beatles) բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբը ստեղծվել է 1960 թվականին: Լեգենդար խմբի անդամներն էին Ջոն Լենոնը (ռիթմ-կիթառ, սոլո-կիթառ, բաս-կիթառ, ստեղնաշար, փողային գործիքներ, հարվածային գործիքներ, վոկալ), Փոլ Մաքքարթնին (բաս-կիթառ, ստեղնաշար, հարվածային գործիքներ, կիթառ, վոկալ), Ջորջ Հարրիսոնը (սոլո-կիթառ, ռիթմ-կիթառ, սիթառ, ստեղնաշար, հարվածային գործիքներ, վոկալ) և Ռինգո Սթարը (հարվածային գործիքներ, ստեղնաշար, վոկալ): Ինչպես նաև տարբեր ժամանակներում խմբի կազմում են եղել Փիթ Բեստը (հարվածային գործիքներ, վոկալ), Ստյուարտ Սատկլիֆը (բաս-կիթառ, վոկալ) և Ջիմի Նիկոլը (հարվածային գործիքներ): 1950-ականներին սկսելով հետևել ամերիկյան դասական ռոք-ն-ռոլին՝ «Բիթլզը» եկավ իր սեփական ոճին և հնչողությանը:
«Բիթլզը» զգալի ազդեցություն ունեցավ ռոք երաժշտությանը և մասնագետների կողմից ճանաչվել է որպես 20-րդ դարի ամենահաջող խմբերից մեկը ինչպես ստեղծագործական, այնպես էլ կոմերցիոն առումով: Շատ ռոք երաժիշտներ խոստովանում են, որ դարձել են այդպիսին «Բիթլզի» երգերի ազդեցությամբ: Խումբը համաշխարհային ճանաչում ստացավ 1963 թվականին` «Please Please Me/Ask Me Why» սինգլի թողարկումից հետո և իր ստեղծարարությամբ սկիզբ դրեց գլոբալ մի երևույթի՝ «բիթլմանիա» անունով: Քառյակը դարձավ բրիտանական առաջին խումբը, որի ձայնասկավառակները մեծ ճանաչում ձեռք բերեցին ԱՄՆ-ում և գրավեցին առաջին հորիզոնականները: Խմբի երաժիշտներին, իրենց պրոդյուսերին և ձայնային ռեժիսոր Ջորջ Մարտինին են պատկանում ձայնագրության բնագավառի նորարարություններ՝ տարբեր ոճերի համադրությունը, այդ թվում՝ սիմֆոնիկ և փսիխոդելիկ երաժշտությունը, ինչպես նաև տեսահոլովակների նկարահանումը։
«Բիթլզի» ստեղծագործությունների մեծամասնությունը ստեղծված են համահեղինակային ու ստորագրված Ջոն Լենոնի և Փոլ Մաքքարթնիի անուններով: «Rolling Stone 500» ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է «Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band» ալբոմը (և ևս չորս ալբոմ առաջին տասնյակում): «The Beatles» ալբոմը ԱՄՆ-ում 19 անգամ ճանաչվեց պլատինե: Խումբը նվաճել է 7 Գրեմմի մրցանակ: «Let it Be» ֆիլմը ստացավ երկու «Օսկար» մրցանակ: Խմբի չորս անդամներն էլ, ի նշան երկրի առաջ իրենց արժանիքի, պարգևատրվել են Բրիտանական կայսրության շքանշանով։ Ըստ «Rolling Stone» ամսագրի՝ «Բիթլզը» «բոլոր ժամանակների 50 լավագույն կատարողների» ցուցակում զբաղեցնում է առաջին տեղը։
«Բիթլզի» անդամները դադարեցրին իրենց համատեղ աշխատանքը 1970 թվականին, չնայած դեռ 1967-ին Փոլը և Ջոնը շոուբիզնեսում կատարում էին սեփական նախագծերը: Իսկ արդեն խմբի լուծարումից հետո խմբի անդամներից յուրաքանչյուրը շարունակեց իր սոլո կարիերան: 1980 թվականին սեփական տան մոտ սպանվեց Ջոն Լենոնը, 2001-ին քաղցկեղից մահացավ Ջորջ Հարրիսոնը: Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը շարունակում են ստեղծագործել:

Այս խորագրի վերջին նյութերը